«Քանի դեռ գերիշխում է այն մոտեցումը, որ հեղափոխությանը մասնակցածներից ազատվել չի կարելի, «սելեկցիա» չի լինի». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստի» հյուրն է քաղաքագետ Սարո Սարոյանը:
-Պարո՛ն Սարոյան, կառավարման հին համակարգի բացառման ու նորի կառուցման ջրբաժանում նոր իշխանություններն այս մեկ տարվա ընթացքում որքանո՞վ հաջողեցին
-Միանշանակ չի կարելի է ասել, որ հաջողել են, և միանշանակ չի կարելի ասել, որ չեն հաջողել: Խնդիրն այն է, որ նախկին մտածողությամբ ու կառավարման նախկին փորձն ունեցող մարդկանց ներգրավմամբ նոր խնդիրներ դնելն ու լուծելը շատ դժվար է: Հայտարարվում է, որ օրենքի և իրավունքի հիման վրա պետք է խնդիրները լուծվեն, բայց նույն կադրային համակարգով նոր մոտեցումներով առաջնորդվելը դժվար է: Մենք այս պահին կարող ենք միայն արձանագրել, որ փոխակերպումը հարթ չի ընթանում:
- Պետական ինստիտուտների արդյունավետ կառավարման առումով ի՞նչ խնդիրներ եք առանձնացնում:
-Կան առանձին օղակներ, որոնք վատ չեն գործում, և դրական տեղաշարժ կա: Առանձին պաշտոնյաներ խնդիրները կարողանում են դնել ոչ թե հայտարարությունների, խոսքերի, այլ գործնական մակարդակում և լուծել դրանք: Միաժամանակ, տեսանք առանձին պաշտոնյաների, որոնք չէին կարողանում ոչինչ անել և մեծ հաճույքով ու վազելով գնացին ու պատգամավոր դարձան: Կան ոլորտներ, որտեղ վիճակը շատ վատ է, կան մարզպետներ, որոնք շատ վատ են աշխատում, և ակնհայտ է, որ իրենց պաշտոնին չեն: Կան նախարարություններ, որոնցում վերափոխումների դրական միտումը դանդաղ է: Մենք, մեծ հաշվով, ինչ-որ առումով անցումային փուլում ենք, որովհետև կառավարության նոր կառուցվածքի փոփոխությունն անգամ շատ խնդիրների առաջ է կանգնեցնում: Մենք դեռևս անցումային փուլը չենք անցել և շատ դեպքերում շարունակում ենք տեղում դոփել, և երբ վերջնականապես կձևավորվի առաջիկա տարիների պետական կառավարման համակարգը, մենք այդ պատկերն այլևս չենք ունենա: Ընդհանուր առմամբ, անձնական նախաձեռնությունների գործոնը շատ կարևոր է և ամենակարևորն այն է, որ ազատ «սելեկցիա» լինի, ինչը, մեծ հաշվով, չկա: Նույն ղեկավարով ու կողքից այլ մարդկանց, օրինակ՝ խորհրդականների, վարչության պետերի օժանդակությամբ ինչ-որ խնդիրներ են փորձում լուծել, ինչը տվյալ ոլոր1տի ղեկավարի ոչ նորմալ մասնագիտական վիճակի մասին է վկայում: Պետք է հասկանալ, որ նշվածը դանդաղեցնում է պետական համակարգի արդյունավետության թափանիվը: Այդ պատճառով ղեկավարները պետք է փոխվեն: Ինչ-որ առումով «սելեկցիա» կատարվեց, երբ առանձին պաշտոնյաներ գնացին ԱԺ, բայց դրանից դուրս այլ «սելեկցիա» չի կատարվում: Չի բացառվում, որ կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո «սելեկցիա» կլինի, բայց դա ամենևին չպետք է արվի հանգամանքների բերումով, այլ պետք է իրականացվի վերադասի նախաձեռնողականությամբ: Քանի դեռ շարունակում է գերիշխել այն մոտեցումը, որ հեղափոխությանը մասնակցածներից ազատվել չի կարելի, «սելեկցիա» չի լինի:
-Դուք նշեցիք հեղափոխությունից ու հեղափոխական էյֆորիայի գործոնից հեռանալու անհրաժեշտության մասին, բայց զուգահեռ մենք չենք կարողանում դուրս գալ նաև հեղափոխական-հակահեղափոխական հավերժ թվացող բաժանումից: Ի՞նչ ցուցիչ է սա:
-Հեղափոխություն-հակահեղափոխություն հակադրությունն ինչ-որ առումով պետական կառավարման համակարգի սխալ աշխատանքի արդյունքն է: Եթե գործընթացները նորմալ հունով են ընթանում, երկու ճամբարների ի հայտ գալու կարիքը չքանում է: Հիմա, երբ ինչոր օղակներ թերանում են, միանգամից այդ խնդիրն է ի հայտ գալիս, ինչը նպաստավոր հանգամանք է երկու կողմերի՝ պայմանական ասած՝ հեղափոխականների և հակահեղափոխականների համար: Վերջինների դեպքում ինքնադրսևորման դաշտ է բացվում, իսկ հեղափոխականները, քանի որ պետական կառավարման մեջ սխալներ ու վիրիպումներ են թույլ տվել, օգտվելով, որ հակահեղափոխականները գլուխ են բարձրացնում, ամբողջ սլաքներն այդ դաշտ են տանում: Արդյունքում այդ ամենը վերածվում է քաղաքական գործընթացի և ստանում քաղաքական երանգներ. յուրաքանչյուրը փորձում է օգտվել այդ իրավիճակից: Եթե ամեն ինչ նորմալ լինի, հեղափոխականի ու հակահեղափոխականի խնդիր չի կարող ծագել: Եթե ինչ-որ բռնկում է լինում, նշանակում է՝ ինչ-որ օղակ թերացել է: Եվ խնդիրն այն է, որ չեն նայում, թե որ օղակն է թերացել, այլ միանգամից քաղաքական տրամաբանությամբ են շարժվում: Բայց այս առումով բոլորս պետք է հասկանանք հետևյալը. իհարկե, նախկիններին պետք է ցույց տալ, որ իրենք նախկինում նորերի մասով մատնանշված խնդիրների առումով հազարապատիկ վնաս են բերել: Բայց դրա հետ մեկտեղ ներկա վարչակազմին էլ պետք է ցույց տալ, որ նման բարձրաձայնումներն իրենց սխալ աշխատանքի ու թերացման արդյունքն են: Պետք է ասել՝ դուք էլ պետք է շտկեք, ինքնախոստովանանքով հանդես գաք, հանրությանը հաշվետու լինեք, և դուք եք հիմքեր տվել, ինչից նախկինները փորձում են օգտվել:
-Բայց ձեր նշածի փոխարեն հաճախ միայն արդարացումներ են հնչում:
-Դա արդեն մշակույթի խնդիր է: Կա՛մ պետք է միանգամից արդարանան, կա՛մ քննադատությունը սվիններով ընդունեն: Մեզ մոտ չկա այն մշակույթը, ըստ որի՝ կընդունեն, որ սխալվել են: Շատ ավելի նորմալ է, որ ընդունեն սխալը և գնան դրա լուծմանը, քան կեղծեն կամ այլ հիմքեր փնտրեն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում