Եվրոպական նոր օրակարգ Ռումինիայի սամմիթում
International newsՄայիսի 9-ին Ռումինիայում կայացավ ԵՄ ոչ պաշտոնական սամիթը, որի ընթացքում 27 պետություններ որոշարկում էին առաջիկա 5 տարիների ռազմավարական խնդիրները: «Մենք հավատում ենք, որ միավորվելով կուժեղանանք»՝ նշված է սամիթի հռչակագրում:
Սիբիու քաղաքում ընդունված փաստաթուղթը 10 կետ ունի, որտեղ նշվում է Եվրոպայի միասնականության պահպանման, ընդհանուր որոշումների ընդունման, ժողովրդավարության և օրենքի գերակայության պաշտպանության կարևորությունը: Կետերից մեկը հռչակում է, որ ԵՄ-ն կպաշտպանի Եվրոպայի հաջորդ սերունդների ապագան, կապահովի անվտանգությունը՝ ներդրումներ անելով «փափուկ և կոշտ» ուժերի մեջ, աշխատելով միջազգային գործընկերների հետ: Հռչակագրի 10-րդ կետով ասվում է, որ ԵՄ-ն պատասխանատու միջազգային առաջատար է: Եվրոպայի ապագայի մասին քննարկումը Եվրախորհրդարանի ընտրություններից 2 շաբաթ առաջ է: Ընտրությունները նշանավորում են իշխանության փոխանցման գործընթացի սկիզբը: ԵՄ օրենսդիր մարմնի ընտրությունների կարևորությունը սամիթից առաջ շեշտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը:
Սամմիթի մասնակիցները քննարկել են ԵՄ պաշտպանության ու անվտանգության ամրապնդման, միգրացիայի ու առևտրի հարցեր, նաև՝ տնտեսության զարգացման: Բարձրամակարդակ հանդիպումներին չի մասնակցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, թեպետ բրեքզիտը հետաձգվել է: Ենթադրվում էր, որ Սիբիուի սամիթը լինելու է առաջինը մարտի 29-ին Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից հեռանալուց հետո, բայց բրեքզիտը նախ տեղափոխվեց ապրիլի 12, հետո՝ հոկտեմբերի 31: Եվ հիմա Մեծ Բրիտանիան սկսել է պատրաստվել Եվրախորհրդարանի ընտրություններին:
Սիբիուի սամմիթում Էմանուել Մաքրոնն ու Անգելա Մերկելը նախազգուշացրել են, որ կողմերը զերծ մնան Իրանի միջուկային խնդրի շուրջ վեճը սրելուց: Թեհրանը երկու օր առաջ հայտարարեց, որ սառեցնում է 2015-ի միջուկային համաձայնագրի դրույթներից 2-ը և փաստաթուղթը կնքած կողմերին տալիս է «ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու ուղիներ փնտրելու ժամանակ»: Իրանի հարցով ԱՄՆ բանագնաց Բրայան Հուքը մեղադրեց Թեհրանին վերստին «միջուկային շանտաժի» մեթոդին դիմելու մեջ: Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ սահմանեց Թեհրանի նկատմամբ՝ թիրախ դարձնելով մետաղագործության և հանքարդյունաբերության ոլորտները: Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե բաց է Իրանի առաջնորդների հետ խոսելու համար:
Անդրանիկ Հարությունյան