Մեսչյանի «հակահեղափոխական սաբոտաժը». «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
«Եթե մոտակա ժամանակներում իմ իրավասության տակ գտնվող բաժինների աշխատավարձերը չբարձրանան, ժամը 6-ին բոլորին ուղարկելու եմ տուն»,- նման հայտարարությամբ է հանդես եկել Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: «Ոչ ոք ժամը 6-ից հետո աշխատավայրում չի լինելու, էլ չեմ խոսում շաբաթ կամ կիրակիի մասին: Այն բոլոր բաժինները, որոնք իմ կուռացիայի տակ են, գիշերվա մինչև 11-ն աշխատում են: Մեկ էլ հեռուստատեսությունով լսում են բավականին անդուր նախադասություններ իրենց աշխատանքի վերաբերյալ... մի քանի կոպեկ աշխատավարձը, որ պետք է ավելանա կամ չավելանա, ճիշտն ասած, դա այդքան ազնիվ չէ»,- նշել է Արթուր Մեսչյանը: «Քաղաքապետի աշխատավարձը հավասար է շարքային ծրագրավորողի աշխատավարձին, այդտեղ պրոբլեմը ո՞րն է, ինչի մասին ենք մենք խոսում: Ոչ ոք մեզանից չի եկել քաղաքապետարան աշխատելու, որպեսզի հարստանա: Մենք փորձում ենք հնարավորին չափով օգտակար լինել քաղաքին»,ասել է նա:
Այն, որ պետական համակարգում աշխատավարձերը պետք է համարժեք լինեն, որևէ բանական մարդ չի վիճարկում։ Դա նախ և առաջ հակակոռուպցիոն խնդիր է լուծում, սակայն Արթուր Մեսչյանի դժգոհությունն ինքնին հասկանալի չէ։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերջերս հանդես էր եկել քաղաքապետարանի աշխատավարձերի բարձրացման նախաձեռնությամբ, ու թերևս աղմուկը մեծ չլիներ, եթե առաջարկվող նախագծում քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման արդար մեխանիզմ առաջարկվեր, սակայն շեշտը դրվել էր ղեկավար աշխատողների աշխատավարձի կրկնակի, իսկ շարքայիններինը՝ 20-30%-ով բարձրացնելու մոտեցման վրա։ Սա հարուցեց հասարակության բուռն դժգոհությունն ու անգամ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրաժարվեց աջակցել քաղաքապետի նախաձեռնությանը, ինչի հետևանքով ժամանակավորապես հետ վերցվեց նախաձեռնությունը:
Ըստ այդմ՝ քաղաքի գլխավոր ճարտարապետը դժգոհելու առիթ ունի առաջին հերթին ավագանու մեծամասնությունից, որը փաստացի ընդդիմացավ աշխատավարձերի բարձրացման՝ Մարությանի մտադրությանը։ Մյուս կողմից՝ եթե անգամ «Իմ քայլը» խմբակցությունն է ընդդիմանում քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը, ապա ենթադրել կարելի է, թե ինչպիսի բացասական տրամադրություններ ունի հասարակությունը։
Խնդիրն այն չէ, որ պետական ծառայողները կամ ՏԻՄ աշխատակիցները հավուր պատշաճի չպետք է վարձատրվեն։ Ամբողջ հարց այն է, որ պետական աշխատավարձերի բարձրացումը համարժեք պետք է լինի կառավարման որակի արդյունավետության բարձրացմանը։ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Փաշինյանի թիմը» առաջնային է համարել աղբահանության, տրանսպորտի և այլ հրատապ խնդիրների լուծումը, և այնքան էլ համարժեք չէ դրանց ուղղությամբ քայլեր անելուց առաջ անդրադառնալ աշխատավարձերի բարձրացման խնդրին, մանավանդ, որ մեր հասարակության մի ստվար զանգված ապրում է աղքատության ճիրաններում։ Այլ խոսքով՝ խնդիրն ունի նաև բարոյական ենթաշերտ, իսկ հեղափոխության օրակարգը ենթադրում է հասարակության կոնսոլիդացիայի ինստիտուտի ներդրում։
Թերևս այս գործոններն ավելի նուրբ կարողացավ ընկալել քաղաքապետ Հայկ Մարությանը և, ի պատիվ իրեն, որոշեց գոնե առժամանակ շրջանառությունից հանել իր նախաձեռնությունը։ Ամենայն հավանականությամբ, քաղաքապետի նման որոշման պատճառներից մեկն այն էր, որ աշխատավարձերի դիֆերենցված բարձրացման մոդելը չէր կարող լուծել նաև կոռուպցիոն ռիսկերի չեզոքացման հարցը։
Մի խոսքով, որակյալ կառավարման և ընդհանրապես բոլոր պետական կառույցների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման խնդիրները համալիր լուծում են պահանջում՝ հանրային համակողմանի քննարկումներից հետո։ Ինչ մնում է արտաժամյա աշխատանքին, ապա այս հարցը խիստ սկզբունքային է ու , կարծում եմ, արտաժամյա աշխատանքը պետք է հնարավորինս բացառվի՝ անկախ աշխատավարձերի չափից։
Իսկ մեր պաշտոնյաները սկզբունքորեն պետք է ձեռնպահ մնան անզգույշ հայտարարություններից։ Օրինակ՝ եթե Մեսչյանի փոխարեն նմանատիպ հայտարարություն կամ կոչ աներ որևէ ընդդիմադիր գործիչ, ապա միանշանակ կմեղադրվեր «հակահեղափոխական սաբոտաժի» մեջ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում