Բրիտանական ինտրիգի կուլմինացիա
International newsՕրերս բրիտանական մամուլից հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը համաձայնել է հրաժարական տալ ամռանը՝ մինչև խորհրդարանական արձակուրդները հուլիսին։ Կուսակիցների հետ պայմանավորվածության համաձայն՝ հրաժարականի ժամկետը կհայտարարվի խորհրդարանում ԵՄ-ից դուրս գալու համաձայնագրի քվեարկությունից հետո: Ըստ տեղեկությունների՝ դա կլինի հունիսի 5-ին։Դրանից հետո Մեյը կպայմանավորվի Պահպանողական կուսակցության նոր նախագահի ընտրության ժամկետների մասին։
Ակնհայտ է, որ Մեյը հրաժարական կտա՝ անկախ քվեարկության արդյունքից։ Հաշվի առնելով փաստը, որ կուսակցության նոր ղեկավարի ընտրությունը նվազագույնը 3 շաբաթ է տևում, Մեյը պետք է հեռանա մինչև հունիսի 30-ը։ Ականատեսները պատմում են, որ Մեյի աչքերում արցունքներ կային, երբ պատգամավորները մերժեցին նրան ավելի շատ ժամանակ տալու խնդրանքն ու հայտարարեցին, որ իրենց համբերությունը սպառվել է։ Մարտին վարչապետը պահպանողականների հետ հանդիպման ժամանակ համաձայնել էր հեռանալ, եթե խորհրդարանը մերժի բրեքզիտի իր առաջարկը։ Չորեքշաբթի քվեարկության օր նշանակելով՝ Մեյը հույս ուներ լրացուցիչ մի քանի շաբաթ ստանալ, սակայն նա զգուշանում էր, որ եթե չհամաձայնի հեռանալ քվեարկության ցանկացած արդյունքի դեպքում, պատգամավորները նորից կմերժեն բրեքզիտի համաձայնագիրը՝ իրենից ազատվելու համար։
Ամենայն հավանականությամբ՝ եթե բրեքզիտի համաձայնագիրը խորհրդարանում հավանություն ստանա, որ կախված է լեյբորիստների աջակցությունից, Մեյը կփորձի վիճելի օրինագիծն անցկացնել Համայնքների պալատում։ Կուսակիցների հետ Մեյի հանդիպումից մի քանի ժամ անց Համայնքների պալատի անդամ Բորիս Ջոնսոնը հաղորդեց, որ ցանկանում է Թորիների ղեկավար դառնալու երկրորդ փորձն անել։Նշենք, որ 2016-ին նա վերջին պահին հանեց իր թեկնածությունը՝ հայտարարելով, որ չի կարծում, թե կարող է կուսակցությունը գլխավորել, քանի որ այն ժամանակ ֆավորիտը Թերեզա Մեյն էր։
Մի բան պարզ է, որ Ջոնսոնի գլխավոր խնդիրը խորհրդարանին համոզելն է, որ ի վիճակի է ղեկավարել՝ հաշվի առնելով նրա տարաբնույթ ձեռքբերումներն իբրև ԱԳ նախարար։ Բրիտանական ԶԼՄ-ները նշում են նաև ԱԳ նախարար Ջերեմի Հանթի, ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդի, արդարադատության նախարար Մայքլ Գոուվի, առողջապահության նախարար Մեթյու Հենկոկի անունները։ Եվրասկեպտիկներին, ինչպես Ջոնսոնը կամ բրեքզիտի նախարար Դոմինիկ Ռաբը, կարող են համարել կուսակցության ղեկավար, ով ի վիճակի է ճիշտ բրեքզիտ իրականացնել։ Կառավարության մեծամասնությունն ամենահավանական սցենարը համարում է, որ Մեյի առաջարկը հունիսին կմերժվի։ Նույնիսկ եթե համաձայնագիրն ընդունվի, լեյբորիստները կխոչընդոտեն մյուս փուլերում։
Ամփոփելով նշենք, որ Մեյի հեռանալով՝ Մեծ Բրիտանիան անկայունության նոր փուլ է մտնում, չնայած անորոշ է մնում և բրեքզիտի, և իշխող պահպանողական կուսակցության նախագահի հարցը, ով հենց դառնալու է Միացյալ թագավորության վարչապետ։ Չի բացառվում, որ այդ ընթացքում լեյբորիստները պահանջեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Հարց է առաձանում, արդյոք հասկանու՞մ էր Դևիդ Քեմերունը, թե ինչ ջրապտույտի մեջ է ներքաշում բրիտանական կղզիները, երբ ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեի որոշում էր ընդունում՝ ԵՄ-ից ավելի մեծ արտոնություններ ստանալու համար։ Փաստացի՝ Թերեզա Մեյի կառավարությունը չկարողացավ բրեքզիտի հարցը լուծել, ի՞նչ երաշխիք, որ Թորիների հաջորդ նախագահը կկարողանա, միանաշանակ պայմանները չեն փոխվելու, ԵՄ-ն այլևս նոր զիջումների չի գնա։ Բրյուսելն արդեն մտքում հրաժեշտ է տվել Լոնդոնին, թեպետ Մեծ Բրիտանիան մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ոչ մի երաշխիք, որ հոկտեմբերին բրեքզիտն իրականություն է դառնալու։
Անդրանիկ Հարությունյան