Քաղաքական սուբլիմացիային ընդառա՞ջ
AnalysisՀանրության շրջանում կրքերի պակասի կարիք վերջին մի քանի ամսվա ընթացքում չկա: Կարևոր կուլմինացիաներից մեկը Ռոբերտ Քոչարյանի դատավարության գործընթացն էր: Ակնհայտ էր, որ Քոչարյանի դատավարությունը հանգիստ չէր անցնելու՝ ի սկզբանե հասկանալի էր, որ մարդիկ չեն կարող անտարբեր մնալ: Բայց կատարվեց անթույլատրելի բևեռացում: Վճարված, թե անվճար՝ դատարանի բակում հայտնվեցին իրենց ակտիվիստ անվանողներ, ամեն տեղից անպակաս Վարդգես Գասպարին էլ հետը, ու դատավարությունը վերածվեց կրկեսի՝ դատարանի պատերից դուրս: Այդ պայմաններում սպասելի էր, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատ արձակումը միանշանակ չի ընդունվելու:
Լինելու են թե ազատ-արդար-անկախ դատարանին փառաբանողներ, թե դատարանի որոշումը չընդունողներ, որ իրենց վերաբերմունքն արտահայտելու ձևեր են որոնելու: Շիկացած կրքերի պարագայում ոչ միշտ են այդ ձևերն իրավական ու օրինական լինում:
Մայիսի 18-ին Ազատության հրապարակում Քոչարյանին ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիա անող քաղաքացիները «Դավաճան» վանկարկումներով հարձակվել են թոռների ու որդու հետ այնտեղ զբոսնողՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի վրա: Տեղի էր ունեցել քաշքշուկ, որը հարթվեց ոստիկանների միջամտության արդյունքում: Ակնհայտ է, որ տեղի ունեցածը դասական խուլիգանությունը է, և որ այդ արարքի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Տարօրինակն այն է, որ «լայվերի» սիրահար վարչապետը, ով առիթը բաց չի թողնում ժողովրդի հետ նմանօրինակ շփումներ իրականացնելու, ոչ մի կերպ չարձագանքեց քաղաքական գործչի նկատմամբ ցուցաբերած այս ոտնձգությանը: Դրա փոխարեն մեդիադաշտում կրքերն ավելի սրվեցին՝ ի դեմս ՀՅԴ ներկայացուցիչների: Մի բան պարզ է, որ նման ատելության և անկառավարելի քաոտիկ միջավայրում հասարակությունը երկար ապրել չի կարող և ինքնաբերաբար առաջանալու է բավականին լուրջ քաղաքական սուբլիմացիոն իրավիճակ, որի հետևանքով լինում են պորթկումներ, իսկ ցանկացած սուբլիմացիոն իրավիճակի ժամանակ, ինչպես փաստում է քաղաքագիտական աքսիոմը, շատ կարևոր է, թե ով կլինի այդ եռացող կաթսայի «կափարիչ» բացողը:
Ռոբերտ Քոչարյանի այս դատավարությունը չափազանց վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ, եթե պահարաններից հանվեն բոլոր իրական փաստները: Փաստացի՝ դատավարությունը դառնում է քաղաքական դաշտի լյուստրացիա ու հայտնի չէ՝ դատավարության սկզբում ու վերջում ով որտեղ է հայտնվելու: Տասնամյակներով չպատասխանված բազում հարցեր կան, որոնցից յուրաքանչյուրն ունակ է իրավիճակ փոխել: