«Պալատական կրքեր» Եվրոպայում
International newsԵվրախորհրդարանի ընտրություններից հինգ օր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը հարցազրույց է տվել ֆրանսիական շրջանային մամուլին: Նախագահն ամփոփել է իր հնգամյակի առաջին կեսի նախնական արդյունքներն ու հայտարարել, որ «կարմրելու պատճառ չունի»: Նա նորից հիշեցրել է առաջիկա բարեփոխումները՝ ընդգծելովմ որ «կիրակնօրյա քվեարկությունը կարող է դառնալ հանրաքվե նախագահի դեմ»:
Մի շաբաթ առաջ նախագահ Մաքրոնտ հայտնվեց Եվրախորհրդարանի ընտրության «Առաջ, Հանրապետություն» կուսակցության ոչ պաշտոնական պաստառներին, թեպետ պաշտոնապես նախագահը ոչ մի քվեարկության չի մասնակցում: Պաստառները, որոնց համար օգտագործվել էր Ելիսեյան պալատի պաշտոնական լուսանկարչի նկարը, ընդդիմության քննադատությանն արժանացավ: Մեկնաբանելով իր մասնակցությունը Եվրախորհրդարանի ընտրություններին՝Մաքրոնը նշել է, որ «ինքը չի կարող պարզ դիտորդ լինել»:
Ընտրողներին Եվրախորհրդարանի ընտրություններին նախապատրաստելով՝ Մաքրոնը հիշեցրեց շրջանային մամուլի ընտրողներին նաև ԵՄ-ի «թշնամիների» մասին: Ըստ որի՝ Եվրոպայի թշնամիները նրանք են, որ չեն հավատում Եվրոպայի ապագային, իսկ ազգայնականները, որ ուզում են մասնատել Եվրոպան, գլխավոր թշնամիներն են:
Ֆրանսիայի նախագահը համաձայն չէր լրագրողների հետ, որ Գերմանիայի ու Ֆրանսիայի տարաձայնություններն առավելագույն մակարդակի են հասել: Նա նորից է հիշեցրել՝ ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին: Մաքրոնն ընդգծել է, որ նախկինում երբեք ռուսներն այդքան չեն օգնել արմատական կուսակցություններին և այդ աստիճան ֆինանսավորել:
Մամուլում տեղեկություններ կան, որ Եվրախորհրդարանի ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությունից անհանգստացած է ոչ միայն Էմանուել Մաքրոնը, այլև հատուկ ծառայությունները: Լրագրողները կարողացել են ծանոթանալ գաղտնի ծրագրի, որ ներքին ու արտաքին հետախուզության աշխատանքի հիմքում է: Ծրագրում Ռուսաստանի «ազդեցությունն ու միջամտությունը» հիշատակվում է ահաբեկչության սպառնալիքի հետ: Լուրեր են շրջանառվում, որ սոցցանցերում ու ինտերնետում քաղաքական գովազդի վրա միլիոնավոր եվրոներ են ծախսվում: Հունվարին Facebook-ի ղեկավարությունը հայտարարեցլ էր, որ խիստ պայմաններ է սահմանելու ԵՄ ընտրությունների ժամանակ վճարովի հրապարակումների համար, սակայն ակնհայտ է, որ այդ միջոցները բավարար չէին:
Կա վարկած, որ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները գտնում են, որ Կրեմլը փորձում է միջամտել ընտրություններին կեղծ լուրերի օգնությամբ ու ռուսական ֆրանսալեզու ԶԼՄ-ներով քաղաքական շահարկումներ կազմակերպելով: Ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար Մոսկվան փորձում է օգտագործել և քաղաքական կուսակցությունները, մասնավորապես՝ աջ «Ազգային միավորումից» եվրապատգամավորի թեկնածու Թիերի Մարիանիին, ով մարտի 18-ին Ղրիմում հանդիպել է Վլադիմիր Պուտինին: ՌԴ նախագահի հետ իր հանդիպումից երկու ամիս անց նա Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացնելու կոչ արեց:
Անդրանիկ Հարությունյան