«Նոր Ոսկեդար» մրցանակաբաշխության հաջող մեկնարկը
CultureՄայիսի 23-ին «Գոյ» թատրոնում ներկայացվեցին հայ մշակույթի լավագույն դեմքերը` «Նոր Ոսկեդար» մրցանակաբաշխության հաղթողները: Մրցանակաբաշխության նախաձեռնողը Հայ մշակույթի նվիրյալ Սիմոն Դեդեյանն է (Շվեյցարիա), ով նաև հովանավորեց ձեռնարկը: Բացելով հանդեսը, Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը տեղեկացրեց, որ ստացված ավելի քան երեք հարյուր հայտերից մրցանակային ժյուրին ընտրել է լավագույններին: Տարիքային սահմանափակում չի եղել, և մրցանակաբաշխության միակ նպատակն է խթանել հայրենի գրականության և արվեստի զարգացումը, բերել մեր ժողովրդին ՆՈՐ ՈՍԿԵԴԱՐԻ ապրեցնող պատգամներ: Վանենք մեր հոգուց հոռետեսությունը` զորացնենք մեր ժողովրդի կամքը ոգևորիչ խոսքով: Արտագաղթ և հուսալքու՞մ, ոչ` Պայքար և Հաղթանակ այստեղ` Հայրենիքում: Որոնում ենք ՆՈՐ ՈՍԿԵԴԱՐԻ շեփորահարներին,- ասաց Ափինյանը: Ապա ներկաներին ողջունեց Սիմոն Դեդեյանը. «Մեր մեծերէն մեզի փոխանցուած դրօշը կը գտնուի մեր նոր սերունդին ձեռքը, որ հարուստ հայ մշակոյթը և գրականութիւնը աւելի հարստացած փոխանցէ մեր հաջորդ սերունդներուն»:
«Նոր Ոսկեդար» մրցանակի արժանացան նկարիչներ Հրանտ Թադևոսյանը, Հաղթանակ Շահումյանը, Կամո Արիացին, քանդակագործ Միսաք Մելքոնյանը, երաժշտական աշխարհից` Գուսան Հայկազունը, Արմենուհի Սեյրանյանը, Ազատ Աբրահամյանը, ռեժիսորներ Արթուր Սահակյանը և Նունե Աբրահամյանը, պատմաբաններ Վլադիմիր Պետրոսյանը և Գաբրիել Սուլթանյանը:
Սփյուռքահայ մշակութային գործիչներից «Նոր Ոսկեդար» մրցանակ հանձնվեց Սոնա Տիգրանյանին (Լոս Անջելես)` հայ դպրոցի համար որակյալ դասագրքեր ստեղծելու համար:
Մեծանուն գրող Վիկտոր Հովսեփյանին (հետմահու) մրցանակ հանձնվեց` հայ գրականության զարգացման ասպարեզում մեծ ներդրման համար:
Հայոց Բանակին նվիրված հոդվածաշարի համար մրցանակ հանձնվեց Գայանե Պողոսյանին:
Ապա եկավ հանդիսության ամենից հուզիչ պահը` բեմ հրավիրվեցին Հայոց Առյուծածին Մայրերը` Համեստ Ներսիսյանը` Արմենակ Ուրֆանյանի Մայրը, Մարինե Հովհաննիսյանը` Արմեն Հովհաննիսյանի Մայրը, Ալլա Զոհրաբյանը` Անդրանիկ Զոհրաբյյանի Մայրը, որոնց ներկաների չընդհատող ծափահարության ներքո հանձնվեց Երախտագիտության Գավաթ` ազգին Առյուծ Զավակներ տալու համար:
Առուշան Հակոբյանը մրցանակի արժանացավ «Տերյան» հանրագիտարանի, իսկ վաստակավոր շինարար Վազգեն Պողոսյանը` սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարության համար:
Դահլիճը խանդավառ ընդունեց երիտասարդ արվեստագետների մուտքը` մրցանակի արժանացան գրողներ Սուսաննա Ղազարյանը, Էլիզա Մխիթարյանը, Մարիամ Խուրշուդյանը, Մարիաննա Կառոնին, Հռիփսիմե Գալստյանը, Մարիամ Թադևոսյանը, տարազագետ-դիզայներ Արտյոմ Սյունեցին, երգիչներ Արծրուն Անանյանը, Արթուր Խաչենցը:
Միջոցառման ավարտին տրվեց ճոխ հյուրասիրություն հայ արվեստի նվիրյալների պատվին: