«Մանիպուլյատիվ» հեղափոխությունը շարունակվում է. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
Շատերը կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց դատական համակարգը՝ հայտարարված տնտեսական հեղափոխության ձախողման հետևանքով։ Ինչքանով է իրական այս վարկածը, պնդումներ անել չեմ կարող, մյուս կողմից՝ նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ անցած մեկ տարում տնտեսության մեջ իրական առաջընթաց չկա, նույնիսկ կարելի է վաստահաբար պնդել, որ տնտեսության նախկին կառուցվածքը ոչ միայն չի փոխվել, այլ անգամ չի ուրվագծվել դրա այլընտրանքը։
Անցած մեկ տարում մարդկանց կյանքի որակը չի լավացել, իհարկե՝ դա չի խանգարում, որ Նիկոլ Փաշինյանը, նախկին վարչապետների օրինակով, շարունակի «վիճակագրական» կամ «մանիպուլ յատիվ» հեղափոխությունը։ «2019-ի ապրիլին ունենք 9,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ նախորդ տարվա ապրիլի 7,3 տոկոսի ֆոնին», - օրերս Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Թափ ենք հավաքում», - նշել է Հայաստանի կառավարության ղեկավարը:
Այսպիսով՝ մենք ապրում ենք երկու Հայաստաններում։ Մեկն իրական Հայաստանն է, որի տնտեսությունը դոփում է տեղում, իսկ հասարակության մեծամասնությունն ապրում է աղքատության շեմին, մյուսը՝ վիրտուալ Հայաստանը, որտեղ «թափով» տեղի է ունենում տնտեսական հեղափոխություն։ Ի դեպ, փորձագետները տնտեսական աճը շատ բարձր չեն համարում՝ նշելով, որ երկրի տնտեսական պոտենցիալը շատ ավելի մեծ է: Այլ խոսքով՝ տնտեսագետները ակնարկում են կառավարության գործունեության անարդյունավետ լինելու մասին։ Տնտեսական աճի ներառականությունն ապահովելու համար պետք է քաղաքականություն, ուժեղ թիմ, քաղաքական կամք՝ բոլոր ռիսկերը հնարավորինս չեզոքացնելու համար: Այս բաղադրիչներից որևէ մեկն այս պահին չկա, իսկ վիճակագրական թվերը վարչապետի կողմից օգտագործվում են՝ հանրային կարծիքը մանիպուլացնելու նպատակով։
Ուշագրավ է, որ հասարակությանը մանիպուլացնելու հարցում կաբինետի նույնիսկ պրոֆեսիոնալ անդամները Փաշինյանից հետ չեն մնում։ «Միայն այն ծրագրերը, որոնցով ներդրողները դիմել են կառավարությանը՝ տեղեկացնելով իրենց առաջիկա ծրագրերի մասին, հինգ տասնյակից ավելի են։ Ներդրումները եղել են, կան, իսկ ներդրումային ակտիվությունն ավելանում է ժամանակի ընթացքում»,- օրերս ասել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Ակնհայտ է, որ առանց ներդրումների տնտեսական հեղափոխության մասին խոսելը նմանվում է ծաղրի, մյուս կողմից՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ վերջին հանդիպմանը նույնիսկ Փաշինյանն անուղղակիորեն խոստովանեց, որ ներդրումների ծավալով Հայաստանի կառավարությունն առայժմ ոգևորված չէ։ Եթե ամիսներ առաջ իշխանությունները ներդրումային միջավայրի ձևավորման համար խոչընդոտ էին համարում նախկին խորհրդարանը, հիմա էլ՝ ներդրումային բում են խոստանում դատաիրավական ռեֆորմից կամ անցումային արդարադատության գործիքակազմի կամ վեթթինգի կիրառումից հետո։
Դատական ռեֆորմը կամ անցումային արդարադատությունը գուցե անհրաժեշտություն են՝ չեմ վիճում, սակայն համաշխարհային փորձը ցույց է տվել, որ նման դեպքերում ներդրումային բում սպասելն անիմաստ է։ Մյուս կողմից՝ առայժմ օտարերկրյա ներդրողները ոչ թե դատական ռեֆորմ են տեսնում, այլ գործադիր իշխանության կողմից՝ դատարանների մուտքերն արգելափակելու ու արդարադատությանը խոչընդոտելու փորձ, ինչը, բնականաբար, ոչ միայն չի նպաստի ներդրումների ներգրավմանը, այլ ազդակ կարող է հանդիսանալ երկրից կապիտալի արտահոսքի համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում