Ձեռքերը ծալած նստելը չի բխում մեր շահերից, կամ՝ ի՞նչ պետք է անեն Ադրբեջանի քարոզչությունը չեզոքացնելու պատասխանատուները. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախիջևանում հունիսի 7-11-ը կանցկացվեն «Անխախտ եղբայրություն-2019» ադրբեջանա-թուրքական զորավարժությունները: Վերջինիս համատեքստում կան մի շարք տարրեր, որոնք, ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի, ուշադրության են արժանի: Խոսքը հատկապես քարոզչական դաշտի մասին է:
Մինչ քարոզչական հատվածին անցնելը, խոսելով նախ տարածաշրջանային բաղադրիչից, «Փաստի» հետ զրույցում Վ. Ոսկանյանը նշեց. «Ընդհանուր առմամբ, եթե փորձենք գնահատել ադրբեջանական և թուրքական կողմերի նման քայլերը, ապա ակնհայտ է, որ գործ ունենք մի քանի պետության համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող տարածքի հետ: Խոսքը թե՛ Հայաստանի շահերի մասին է, որոնք առկա են Նախիջևանում, թե՛ իրանական ու ռուսական շահերի: Հետևաբար, Նախիջևանում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն չպետք է միայն մեզ հետաքրքրի: Բացի այդ, անհրաժեշտության դեպքում պետք է տեղում ստեղծված իրավիճակի ռիսկայնությունը գտնել և որոշակի կերպով կառավարել: Տվյալ պարագայում մեր ունեցած գործիքակազմով այդ կառավարումը պետք է իրականացվի երկու հարթություններում՝ մեկը քարոզչական տիրույթն է, երկրորդը՝ դիվանագիտական ոլորտը: Բնական է, որ քարոզչական տիրույթում մենք հստակորեն պետք է հակազդենք և նույնիսկ շատ դեպքերում նախահարձակ դիրքորոշումներ ունենանք՝ կապված Նախիջևանում յուրաքանչյուր խնդրի արծարծման հետ»:
Ինչ վերաբերում է դիվանագիտական հարթությանը, Վ. Ոսկանյանն ընդգծեց. «Քանի որ Նախիջևանի տարածքում փաստացի առկա են մեր տարածաշրջանի գրեթե բոլոր պետությունների շահերը, ապա ակնհայտ է, որ այստեղ մենք պետք է փորձենք մեզ համար դաշնակիցներ գտնել: Կարծում եմ՝ իրանական և ռուսական կողմերն էլ առնվազն խանդավառված չեն Նախիջևանի տարածքում թուրքական ներկայության մեծացմամբ կամ թուրքական ազդեցության աճով»:
Նա շեշտեց, որ ակնհայտ է ազդեցության մեծացման ձգտումը նաև ռազմական իմաստով, ինչը ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի և Ռուսաստանի դեմ է ուղղված՝ հաշվի առնելով այդ պետությունների ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում. «Հետևաբար, մենք դիվանագիտական հարթության մեջ մեր երկու գործընկերների հետ պետք է գերակտիվ հարաբերություններ և կապեր ունենանք՝ հատկապես կապված նախիջևանյան խնդրի հետ: Պետք է հաշվի առնել, որ Իրանի հետ ունենք բարեկամական, ռազմավարական հարաբերություններ, իսկ Ռուսաստանի հետ բարեկամական, ռազմավարական հարաբերություններ և անգամ ռազմաքաղաքական դաշինք: Հետևաբար, ձեռքերը ծալած նստելը չի բխում մեր շահերից. մենք ադրբեջանաթուրքական դաշինքի յուրաքանչյուր քայլի պետք է ակտիվորեն հակազդենք՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենսական շահերը: Նման զորավարժություններն ակնհայտորեն որոշակի ռիսկայնություն են առաջացնում մեր շահերի տեսանկյունից՝ հաշվի առնելով նաև քարոզչական հատվածում ադրբեջանա-թուրքական կողմից ապատեղեկատվության և սադրանքների տարածումը՝ կապված այդ զորավարժությունների համար անհրաժեշտ «ծխածածկույթ» ապահովելու հետ»:
Վարդան Ոսկանյանը քարոզչական դաշտի ակտիվության առումով մի հանգամանք ևս առանձնացրեց. «Ադրբեջանա-թուրքական գործողության քարոզչական ապահովման ոլորտում այս պարագայում մի կարևոր և բավականին անհանգստացնող տարր կար: Այդ տարրը վերաբերում է, իբրև թե, Հայաստանի կողմից Քրդստանի բանվորական կուսակցության միջոցով նախիջևանա-թուրքական սահմանին անկայունություն սերմանելու վերաբերյալ ապատեղեկատվությանը: Այդ համատեքստում խոսվում էր բեռնատարի վրա հարձակման մասին: Ակնհայտ է, որ նման մեկնաբանությունը բացահայտ ապատեղեկատվություն ու սուտ է, բայց, այսուհանդերձ, նման մեկնաբանությունը հող է նախապատրաստում Նախիջևանի տարածքում ադրբեջանա-թուրքական սերտ համագործակցության խորացման համար՝ իբրև թե, հայկական վտանգի դեմ հանդիման: Այս համատեքստում հաշվի են առնվում նաև այն զգացական մոտեցումները, որոնք կան Թուրքիայում՝ կապված Քրդստանի բանվորական կուսակցության գործողությունների, ինչպես նաև տարածաշրջանում առկա այլ հանգամանքների հետ: Ինչպես հայտնի է, Իրանում այդ կուսակցության հետ կապված խնդիրներ կան: Եվ Ադրբեջանը փորձում է ինչ-որ առումով լեգիտիմացնել Նախիջևանի ռազմականացման ողջ գործընթացը, ինչին հասնելու նպատակով քարոզչական հատվածում բացահայտ ապատեղեկատվություն և սուտ է օգտագործում»:
Ինչ վերաբերում է Հայաստանի անելիքներին, մեր զրուցակիցը շեշտեց. «Մեր բանակը մեզ համար ամենաթանկ ձեռքբերումներից մեկն է: Եվ այս հարթության մեջ պաշտպանության նախարարությանը չպետք է միայնակ թողնել: Հայաստանի Հանրապետության այն մարմինները, որոնք պատասխանատու են Ադրբեջանի քարոզչությունը չեզոքացնելու համար, պետք է առաջամարտիկի կարգավիճակով այդ բեռն իրենց վրա վերցնեն: Մեր դիվանագիտական համապատասխան կառույցները ևս պետք է այդ բեռի զգալի հատվածն իրենց վրա վերցնեն, որովհետև մեր բանակը և Հայաստանի անվտանգությունը մեզ համար շատ թանկ են ու կարևոր: Այդ կառույցները պետք է սերտորեն ներգրավվեն այս գործընթացի մեջ՝ փորձելով թեթևացնել պաշտպանության նախարարության բեռը»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում