«Երբ մարդը չգիտի իր իրավունքները, ինքն է դառնում իր անձնական տվյալների հրապարակողը». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Հեռուստատեսությունը, լրատվական կայքերը, սոցիալական ցանցերը ողողված են տարատեսակ նորություններով: Իհարկե, կան այնպիսիները, որոնք սարսափեցնում են՝ «կինն իր նորածին երեխային նետել է ջրատարը», «13-ամյա աղջիկը հղի է», «վթարի է ենթարկել տղամարդուն, որը մահացել» և այսպես շարունակ: Այսօր մեր քննարկման առարկան այս հարցերի բարոյական կողմը չէ, քննարկելու ենք խնդրի մեկ այլ կողմը: Նկատած կլինեք, որ նման դեպքերի մասին տեղեկատվություն տրամադրելիս պետական գերատեսչությունները սովորաբար նշում են անձանց անուն-ազգանունների միայն առաջին տառերը, չեն հրապարակում լուսանկարներ, սակայն հետագայում տեղեկատվություն է սպրդում այն մասին, թե որտեղ է ապրում, օրինակ, 13-ամյա աղջիկը, հարցազրույց են տալիս նրա հարևանները, ծնողները և այլն: Ակնհայտ է, որ անչափահաս աղջկան կճանաչեն, թեկուզ միայն այն համայնքում, որտեղ նա բնակվում է: Այս դեպքում ո՞ւր մնաց անձնական կյանքի գաղտնիությունը:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ վերը նշված օրինակներում խախտվում է քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության իրավունքը: «Անձնական է այն տվյալը, որն ուղղակի կամ անուղղակի հնարավորություն է տալիս ճանաչելու մարդուն, նույնականացնելու նրան, իսկ տվյալ պարագայում թեկուզ անուն-ազգանունը չի նշվում, բայց անձն անուղղակիորեն նույնականացվում է, և նրան ճանաչում են հասարակությունում, շրջապատում, համայնքում, որտեղ նա բնակվում է: Պետությունը ստեղծել է անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, որը և պետք է երաշխավորի յուրաքանչյուր քաղաքացու անձնական տվյալների պաշտպանության իրավունքը: Եթե կա խախտում, քաղաքացին կարող է դիմել գործակալություն, խնդրել միջամտել և կանխել նյութի հրապարակումը, իսկ արդեն հրապարակված նյութի դեպքում՝ հեռացնել այն համացանցից և այլն: Բայց խնդիրը կապվում է նաև լրագրողական էթիկայի հետ: Հասկանում եմ, որ նման լուրերը մեծ լսարան գրավելու լավագույն միջոցներն են՝ դեղին մամուլի պարագայում: Ցավոք, այնպիսի նյութերը, որոնց բովանդակությունը խիստ զգայուն է և ցնցող, գրավում են մարդկանց հետաքրքրությունը: Բայց էթիկական լրագրությունը չպետք է տուրք տա մարդկային հետաքրքրասիրության բավարարմանը, այլև պետք է հրապարակի այն նյութերը, որոնք հանրային հետաքրքրություն են ներկայացնում և ոչ թե բավարարում են նեղ, ցածր հետաքրքրասիրությունը»,- ասում է Դոյդոյանը:
Այս համատեքստում անդրադառնում ենք ևս մեկ խնդրի. ստացվում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիների անձնական տվյալները՝ անունազգանուն-հայրանունը, ծննդյան տվյալները, բնակության վայրը, հասանելի է յուրաքանչյուրին: Խոսքը վերաբերում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքին, որտեղ ընտրողների ռեգիստր բաժնում կարող ես մուտքագրել անձի անուն-ազգանունը և ստանալ քեզ անհրաժեշտ տեղեկատվությունը:
Չենք խոսում այն մասին, որ ընտրություններից հետո հանրության սեփականությունն են դառնում ընտրողների ստորագրված ցուցակները: Հարցին՝ արդյոք սա ևս օրենքի խախտո՞ւմ չէ, ԻԱԿ-ի նախագահը պատասխանում է. «Ընտրողների ստորագրված ցուցակներն արդեն բաց աղբյուր, հանրամատչելի տվյալ են, որովհետև առկա են «Elections.am» պաշտոնական կայքում, ռեսուրսում և հետևաբար դրանց տարածումը չի կարող խնդրահարույց համարվել: Սակայն խնդրահարույց է այն, որ ընտրական ժամանակաշրջաններից դուրս այս տվյալները բաց են և օգտագործվում են ամենատարբեր նպատակներով, որը շեղվում է նման տվյալներ մշակելու նախնական նպատակից: Կարծում եմ, որ վաղուց ժամանակն է վերանայել այն քաղաքականությունը, որը այդ տվյալները, ստորագրությունը, որը բիոմետրիկ տվյալ է, նման ձևով հրապարակվում և մշտապես առկա են պաշտոնական ռեսուրսում, նաև ընտրություններից դուրս ժամանակաշրջանում: Կարող է, օրինակ, նախընտրական, այնուհետև ընտրությունների և դրանց հաջորդող ժամանակահատվածում լինել ընտրողների ռեգիստրը, նաև՝ ստորագրված ցուցակները, բայց երբ ավարտվում են ընտրությունների արդյունքների բողոքարկման ժամկետները, ապա այս տվյալների հրապարակումը որևէ նպատակի չի ծառայում, բացի այն, որ կարող է առկա լինել անձնական տվյալների իրավունքի չարաշահման վտանգ», - ընդգծում է մեր զրուցակիցը:
Փաստորեն, քաղաքացիներն իրե՞նք պետք է պաշտպանեն իրենց իրավունքը: «Քաղաքացիների իրազեկվածությունը, տեղյակ լինելն իրենց անձնական տվյալների պաշտպանության իրավունքի և դրա իրացման մեխանիզմներին բացառիկ կարևորություն ունի, որովհետև մեծամասամբ անձնական տվյալների պաշտպանության հիմնահարցերը ծագում են քաղաքացիների անտեղյակության հետևանքով: Երբ մարդը չգիտի իր իրավունքները, նա է դառնում իր անձնական տվյալների հրապարակողը սոցցանցերում և իրական կյանքում, հետևաբար նա չի կարող պահանջել այդ տվյալների պաշտպանություն այլ անձանց կողմից: Նա ինքն է խախտել իր մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը: Այո, ամեն ինչ սկսվում է նախ և առաջ յուրաքանչյուր քաղաքացու մտահոգությունից, որ իր տվյալները պետք է պատշաճ կերպով պաշտպանված լինեն հենց իր կողմից, այնուհետև պետք է նման պահանջ ներկայացնել դիմացինին», - պատասխանում և զրույցը եզրափակում է Շուշան Դոյդոյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում