«Եթե ոռոգման համակարգը կարգի բերվի, կոռուպցիոն ռիսկերը վերացվեն, ապա խնդիր չենք ունենա Սևանից լրացուցիչ ջրառ իրականացնելու». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Սևանա լճից 2019 թվականին ոռոգման նպատակով բաց կթողնվի 170 միլիոն խորանարդ մետր ջուր: Կառավարությունը երեկ ընդունեց համապատասխան որոշումը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս ջուրը կուղղվի Արմավիրի, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի շուրջ 32 հազար հեկտար հողերի ոռոգմանը: Ե՛վ նախարարը, և՛ վարչապետն ընդգծեցին, որ պետք է ամեն ինչ արվի՝ օրենքով նախատեսված չափից ավելի ջուր Սևանից բաց չթողնելու համար:
Առհասարակ, Սևանից ամեն տարի կատարվող ջրառը բնապահպանների շրջանակում միանշանակ չի ընդունվում: Ոմանք պնդում են, որ պետք է ընդհուպ մինչև մի քանի տարի բացառել լճից ջրառն առհասարակ: Միևնույն ժամանակ՝ ոմանք էլ կարծիք են հայտնում, որ անհանգստանալու պատճառ է հատկապես ամեն տարի կատարվող հավել յալ ջրառը, ինչն անելու պատճառաբանությունը բոլոր կառավարությունների ժամանակ գյուղատնտեսական հողատարածքների ոռոգումն է:
Բնապահպան Կարինե Դանիելյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ, ի վերջո, 170 մլն խմ-ը պատահական հաշվարկված թիվ չէ:
«Գետերը և թունելը՝ նորմալ աշխատանքի դեպքում, ջուրը բերում են Սևան: Այդ պարագայում լճի բացասական բալանս չենք ունենում, հակառակը՝ մակարդակը քայլ առ քայլ բարձրանում է: Ուղղակի պետք է սահմանափակվել այդ ծավալով: Ամեն տարի այդ խնդիրն առաջանում է, որ երաշտ է, արտակարգ իրավիճակ, լրացուցիչ ջրառի համար դիմում են Ազգային ժողովին, թույլտվություն ստանում: Ի դեպ, հանրային խորհրդի էկոլոգիայի հանձնաժողովի անունից դիմել էինք կառավարությանը՝ խնդրելով այս տարի սահմանափակվել և լրացուցիչ ջրառ չիրականացնել: Բացի դա, առաջարկել էինք շատ շտապ զբաղվել ոռոգման համակարգի վիճակով», - ասում է Դանիելյանը:
Նա նշում է, որ ավելի շատ ջուր կորցնում ենք, քան Սևանից վերցնում: «Ոռոգման համակարգը սարսափելի վիճակում է: Ես մի քանի անգամ մասնակցել եմ քննարկումներին, սարսափելի վիճակ է առանձին տեղերում: Եթե ոռոգման համակարգը կարգի բերվի, կոռուպցիոն ռիսկերը վերացվեն, ապա անհրաժեշտություն չի լինի ամեն տարի Սևանից լրացուցիչ ջրառ իրականացնել», - ընդգծում է բնապահպանը:
Անդրադառնալով կարծիքներին, որ ցանկացած քանակի ջրառը պետք է առհասարակ բացառել, Դանիել յանը կարծում է, որ ուղղակի պետք է հստակ սահմանափակվել 170 մլն խմ-ով: «Իհարկե, եթե կլիմայական ինչ-որ փոփոխություններ չլինեն, ասենք, գետերը ցամաքեն և ջուր չբերեն Սևան: Նշեմ, որ եթե լճում ջուրը միշտ կանգնած է մնում, դա իր բացասական կողմերն ունի: Ջուրը պետք է ակտիվ լինի՝ և՛ ներհոսք լինի, և՛ արտահոսք: Գետերը ջուր են բերում Սևան, իսկ արտահոսքն էլ լինում է Հրազդան գետի միջոցով: Որքանով ես եմ ուսումնասիրել լճի մակարդակի թվերը, 170 մլն խմ-ը վնասակար չէ լճի համար», - կարծիք է հայտնում մեր զրուցակիցը:
Կարինե Դանիեյանը բարձրաձայնում է ՀԷԿ-երի աշխատանքի վնասակարության մասին, բացի դա, նրա խոսքով, այն գետերը, որոնք հոսում և լցվում են Սևանա լիճը, ամբողջությամբ աղբով են լցված, կա դրանք մաքրելու խնդիր: «Կարևոր է նաև լճի ափերի մաքրումը, կան կոմունալ և արտադրական հոսքաջրեր, որոնք բոլորը լցվում են Սևան: Պետք է այս խնդիրները լուծել: Սևանի հատակի հետ կապված՝ պետք է մաքրել այն տարածքները, որտեղ անտառները, կառուցապատված տարածքներն անցել են ջրի տակ: Հիմա պետք է շատ խիստ հետևել ափամերձ տարածքներին, որպեսզի ջուրը բարձրանալու դեպքում շինությունները և անտառածածկ տարածքները, ինչպես նաև թափոնակույտերը չանցնեն ջրի տակ», - եզրափակում է բնապահպան Կարինե Դանիելյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում