Ավարտվեց միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը
CultureՔիչ առաջ ավարտվեց Արամ Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Հայաստանի Հանրապետության խանագահ Արմեն Սարգսյանը և նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Բացման արարողությունն անցավ բարձր մակարդակով, ելույթ ունեցան Ա. Խաչատրյանի անվան տրիոն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, ինչպես նաև ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը:
Հանդիսատեսը շատ բուռն և ջերմ ծափերով էր ողջունում համերգի մասնակիցներին: Ելույթի վերջում Հայկ Մելիքյանը հանդիսատեսի խնդրանքով նաև բիս նվագեց:
Մրցույթի բացման արարողության ժամանակ մասնակիցներին ողջույնի խոսք ուղղեց մրցույթի ժյուրին: Ողջույնի խոսք էր հղել նաև Արամ Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը և հաջողություններ մաղթել բոլոր մասնակցիներին:
Հիշեցնենք, որ Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթն այս տարի կայանալու է դաշնամուր մասնագիտությամբ։ Մրցույթի առաջին փուլին մասնակցելու իրավունք է ստացել աշխարհի 12 երկրի 30 դաշնակահար, որոնք ներկայացնում են Հայաստանը, ԱՄՆ-ն, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Չինաստանը, Հարավային Կորեան, Թաիլանդը, ՌԴ-ն, Ղազախստանը, Ուկրաինան։
Խաչատրյանի միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գործընկերն է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: