Թանկ փողերի քաղաքականությունը կարող է տանել կոլապսի
InterviewՀայկական արժութային շուկայում դոլարի անսպասելի բարձր առաջարկը մտահոգություն է հարուցում, հունիսի 5-ին 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Նրա խոսքով՝ ըստ տրամաբանության արժութային շուկայում պետք է դիտվի որոշակի ճնշում, սակայն հակառակ իրավիճակն է, որի դեպքում արժույթի առաջարկը գերազանցում է պահանջարկը: Ջավադյանը շեշտել է նաև, որ տարեսկզբից ԿԲ-ն ձեռք է բերել շուրջ 90 մլն դոլար, իսկ գարնան շրջանում աճած առաջարկի ծավալը շարունակում է նույնը մնալ:
«Սա նշանակում է, որ կան երևույթներ, որոնք խորը ուսումնասիրություն են պահանջում»,- խոստովանել է Կենտրոնական բանկի ղեկավարը:
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն անդրադառնալով ԿԲ նախագահի մտահոգություններին, Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ նման ուսումնասիրությունները վաղուց կատարված են:
Այլ հարց է, թե երկրի տնտեսական զարգացման քաղաքականության մեջ ներկայում ո՞ր վեկտորներն են առաջնային համարվում՝ արդիականացման խնդիրնե՞րը, թե՞ ֆինասական կայունության պահպանումը, այն դրոշ դարձնելն ու գնաճի կայունության քողի տակ տնտեսական հետամնաց կառուցվածքը կոնսերվացնելը:
«Այս համատեքստում ուսումնասիրությունների անհրաժեշտություն իսկապես կա, և այդ մասով հիմնավորումներ պետք է ներկայացնի ոչ միայն Կենտրոնական բանկը, այլև կառավարությունը: Կենտրոնական բանկը սահմանադրորեն ֆինանսական կայունության երաշխավորն է, բայց երկրի տնտեսությունը չի կարող մեկ ոտքի վրա կառուցված լինել: Երկրորդ ուղղությունը երկրի տնտեսության զարգացումն է, և պետք է հասկանալ, թե ինչպես պետք է մակրոտնտեսական գործիքակազմով տնտեսության զարգացումն ապահովել:
Դրա մեջ մտնում են և՛ տնտեսական աճի ներառականությունը, և՛ տեխնոլոգիական մոդեռնիզացիան, և՛ մրցունակ ու եկամտաբեր աշխատատեղերի ստեղծումը: Այսինքն՝ եթե այդ ամենը պրոյեկտենք Կենտրոնական բանկի խնդիրների վրա, ապա ֆինանսական և վարկային ռեսուրսները պետք է մաքսիմալ հասանելի լինեն»,- ասաց Ա. Մարգարյանը:
Տնտեսագետի խոսքով՝ ֆինանսների հասանելիությունն ու տոկոսադրույքները շատ բարձր են: Հայաստանը ներդրողների համար մրցունակ տոկոսադրույքներ չի առաջարկում: Այսինքն՝ ֆինանսական և դրամավարկային միջավայրը գրավիչ չէ երկարաժամկետ, ռիսկային, տեխնոլոգիական լուրջ վերազինումներ կամ ինովացիոն ներդրումներ ենթադրող նախագծեր իրականացնելու համար:Ուստի առաջինը հարկավոր է այս հարցի լուծումը գտնել, որից հետո ամեն ինչ ավելի հեշտ կկարգավորվի:
«Այս ամենը մոնետար իշխանություների կողմից դիտարկվում է որպես երկրորդական, երրորդական հարց: Ինչ վերաբերում է արտարժույթին, ապա այն ստերիլիզացիայի փուլում է: Ներկայում մեր իրականությունն այնպիսին է, որ հատկապես վերջին շրջանում արժութային հոսքերը կրճատվել են արտահանումների ծավալների և տրանֆերտների կրճատմանը զուգահեռ: Ինչ վերաբերում է արտարժույթի պահանջարկին, ապա ո՞վ է ասել, որ բանկային համակարգը պետք է արտարժութային միջոցներով տեղաբաշխում իրականացնի:
Տեղաբաշխումները պետք է բացառապես հայկական դրամով իրականացվեն, մինչդեռ մեր տնտեսությունը դոլարիզացված է: Դրամական զանգվածի մինչև 65 %-ը դոլարային է, վարկային տեղաբաշխումների 60 %-ը դոլարային է, որը խայտառակություն է և նոնսենս: Նորմալ երկրում չի կարող նման բան լինել: Չնայած, այս խնդիրն ինչպես տասնամյակներ շարունակ եղել է, այդպես էլ շարունակում է նույնը մնալ»,- ասաց Ա. Մարգարյանը:
Տնտեսագետի համոզմամբ, եթե արտարժույթի փոխարժեքն ինջնի, ապա շատ վատ կլինի: Այսինքն՝ ստեղծված իրավիճակի պայմաններում արժույթի ամրապնդումը որևէ լավ տեղ չի տանի: Իսկ եթե հարցը դիտարկում ենք ԵԱՏՄ անդամ երկրներում վարվող քաղաքականության շրջանակներում, ապա, Ա. Մարգարյանի դիտարկմամբ, մեր բախտակից երկրները տարիներ շարունակ վարել են կառավարելի դևալվացիայի քաղաքականություն, ու շարունակում են նույն քաղաքականությունը վարել:
Ուստի, ԵԱՏՄ շուկայից դուրս չմնալու համար հարկավոր է համադրելի քայլեր իրականացնել այդ երկրների հետ, որպեսզի այդ շուկաներն էլ չկորցնենք:
«Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի է ունեցել արտահանման ավելի քան 8 % անկում: Ուստի, երբ խոսք է գնում կարճաժամկետ խնդիրների և նպատակների մասին, ապա Կենտորնական բանկը պետք է նաև դրա մասին մտածի: Տնտեսության զարգացման խնդիրն այլ համատեքստում չի լուծվում, ընդհակառակը՝ ավելի է խորանում ու սրվում: Ուստի հարկավոր է հստակ քայլեր ձեռնարկել, հակառակ դեպքում վաղը կարող է ուշ լինել»,- ասաց Ա. Մարգարյանը:
Արմինե Գրիգորյան
Արմինե Գրիգորյան