Անօրակարգ այցն ու Զախարովայի «ֆեյսը»
AnalysisՎերջին շրջանում համաձայնեք, որ իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ ուղղակի տեմպին հասցնել հնարավոր չի լինեում։ Բոլորովին վերջրես ունեցանք բավականին խնդիրներ, որոնք առաջացնում են մի շարք հարցադրումներ։ Հրաժարականների, բռնությունների ու բռնության դեմ պայքարի ձևերի ու մեթոդների, պաշտոնական հայտարարությունների ու այդ հայտարարություն-հրահանգները կյանքի կոչելու ընթացքում ի՞նչն ենք ավելացնում՝ սերն ու համերաշխությու՞նը, թե՞ ատելությունն ու բռնությունը: Չե՞նք հասել մի աստիճանի, երբ դադար պիտի տանք ու մտածենք: Գուցե հասկանանք, որ անհեթեթ ու ապարդյուն է մի կողմից սևազգեստ մարդկանց խմբերով միմյանց ահաբեկելը, մյուս կողմից ահաբեկիչների վրա ոստիկանություն հաղորդում տալը ու ոստիկանական ռեյդերը: Պետք է հասկանալ՝ ինչու՞ ու ինչի՞ն է հասարակությունը դիմադրում, ոչ թե ուժայիններին նրանց կոտրելու հրահանգներ տալ: Եթե, իհարկե, Նիկոլ Փաշինյանը իրեն դեռ համարում է բոլորի վարչապետը, որ իրեն ընտրել են ու չեն ընտրել, ոչ թե միայն ՔՊ-ինը:
Անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունը, որին ուղղված էր հանրային ուշադրությունը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած միջազգային տնտեսական համաժողովն էր, որին մասնացում էին բավականին մեծ թվով ներկայացուցիչներ՝ երկրների ղեկավարներ։ Համաժողովի առանցքային ձևակերպումներից մեկը Վլադիմիր Պուտինի հայտարարությունն էր, որով նա խփեց մի քանի «նապաստակ»։ Պուտինը, անդրադառնալով Վենեսուելայում կատարվող դեպքերին մասնավորապես ասել է․ «Մարդը դուրս է գալիս հրապարակ, աչքերը երկինք հառում և Աստծո առաջ իրեն երկրի ղեկավար հայտարարում: Դա նորմա՞լ է, թե՞ ոչ, տվյալ պարագայում ողջ աշխարհում կստեղծվի քաոս: Հարցնում եմ նրանց, ովքեր աջակցում են. ցնորվե՞լ եք: Հասկանու՞մ եք՝ ինչի կհանգեցնի: Կանոններ պե՞տք է լինեն, թե՞ ոչ»՝ ակնհայտ է, որ հարցը հռետորական է։
Քչերն ուշադրություն դարձրին կամ չդարձրին, որ երբ ՌԴ նախագահը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում պատասխանում էր հարցի, փաստացի նկարագրում էր Հայաստանի թավշե հեղափոխությունը, փոխարենը հայ ֆեյսբուքյան ռեսուրսը պատվո հարց համարեց տեղը դնել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային, որ զարմացել էր ՀՀ վարչապետի մտքի թռիչքի վրա՝ «Երբ բոլորը դժգոհ են, պետք է անել այնպես, որ բոլորը գոհ լինեն»:
Զախարովայի ասվածի մեկնաբանությունները ախտորոշում են հայկական մտքի մակարդակը: Եվ հաստատ մի լավ զվարճացրել են ՌԴ ԱԳՆ խոսնակին ու բացարձակապես անգործ թողել ՌԴ նախագահի խոսնակին՝ այդպես էլ ոչ ոք նրան չհարցրեց՝ Պուտինը միայն Գուայդոյի՞ն նկատի ուներ: Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովը ընկալվեց Զախարովայի պրիզմայով ու մի կողմ դրեց բազում հարցեր:
Դիցուկ՝ երբ ՀՀ վարչապետը գնում է ՌԴ և հանդիպելու է ՌԴ նախագահին ու հանդիպմանը մասնակցելու է ՌԴ ԱԳ նախարարը, ինչու՞ ՀՀ ԱԳ նախարարը մնում է Երևանում: ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկումները խոչընդոտ չէին, կարելի էր փոխել հանձնաժողովների նիստերի ու նախարարների ԱԺ գալու օրերը: Կամ՝ տնտեսական համաժողովում Հայաստանը ներկայացված էր միայն քաղաքակա՞ն մակարդակով, իսկ արտադրակա՞նը, կամ արդյոք ՀՀ-ն տաղավար ունե՞ր համաժողովում: Կամ՝ վարչապետի և այլ պետությունների ղեկավարների հանդիպումների արդյունքում որևէ համաձայնագիր կնքվե՞ց: Միանշանակ այս հարցերը հռետորական չեն, աշխատակարգային են և պրագմատիկ պատասխաններ են ակնկալում: Այլապես ստեղծվում է տպավորություն, որ ՀՀ վարչապետը գնացել էր Պետերբուրգ ներկա ստանալու, ու անօրակարգ էր նաև ՌԴ նախագահի հետ հանդիպումը: Միգուցե Վլադիմիր Վլադիմիրիչին ն խնդրում էինք՝ գազի սակագինը չբարձրացնի, որովհետև մեր տնտեսական աճի հերը կանիծի, մեկ էլ՝ «Իսկանդեր» շատ ունենք, բայց էլի ենք ուզում «Իսկանդերից» ոչ պակաս, բայց չգիտենք ինչ, ինչ կտա՝ կտա: Իրականում այնքան ենք տարված ՌԴ-ՀՀ ռազմավարական համագործակցության գաղափարով, որ մեզ թույլ չենք տալիս ստոր կասկած՝ Պուտինին պե՞տք է ՀՀ տնտեսական աճը՝ մի վարչապետի գլխավորությամբ, որ դուրս է եկել հրապարակ ու իրեն հայտարարել… Մնացածը ըստ Գուայդոյի մասին նրա խոսքի: «Ցնորվե՞լ եք»:
Անդրանիկ Հարությունյան