Սննդի վերահսկողության ոլորտում պետք է ավելանան պատժիչ գործիքները. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Շուկայում հայտնաբերվել է թթվասերի մի քանի տեսակ, որոնցում եղել է բուսական յուղ: Բացի դա, լրատվամիջոցներից մեկը փորձաքննության էր ուղարկել պանրի տեսակներ, որոնցում հակաբիոտիկներ չէին հայտնաբերվել, մեկում հայտնաբերվել էր բուսական յուղ, սակայն բացակայել էր համապատասխան մակնշումը:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ կաթնամթերքի շուկան շարունակում է մնալ խնդրահարույց, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: «Այդուհանդերձ, պետք է նկատենք մի շարք խնդիրներ ևս, որոնք ոչ միայն կաթնամթերքի շուկային են վերաբերում, այլ ոլորտում առկա գործիքներին: Անդրադառնամ ամենակարևոր խնդիրներից մեկին:
Եթե դիտարկում ենք վերջին հետազոտությունների համադրությունները, ապա տեսնում ենք, որ հետազոտություն իրականացնող կողմը նույն ապրանքը հանձնել էր տարբեր լաբորատորիաներ և ստացել տարբեր պատկեր. մի լաբորատորիայում ստուգել էին թթվասերի 12 տեսակ և ասել, որ դրանցից ոչ մեկը բուսական յուղ չի պարունակում, իսկ մյուս լաբորատորիան ստուգումներից հետո հայտարարել էր, որ որոշ տեսակներ պարունակում են բուսական յուղ: Սա խոսում է այն գործիքի մասին, որ գործունեություն ծավալող ընկերությունները, մեղմ ասած, կարողանում են շահարկել այն խնդիրները, որոնք հայտնաբերվում են վերահսկողության արդյունքում: Այո, հայտնաբերողը՝ դա կլինի առաձին, թե պետական վերահսկողությունը, չի ունենում խնդիր իր հայտնաբերած նյութի հետ, բայց մյուս կողմից՝ լաբորատորիաները, որոնք տալիս են եզրակացություններ, այսպես ասած, մեկը մյուսի վրա են բարդում սխալը, և շատ դեպքերում վերջնական արդյունքում մոլորության մեջ է հայտնվում սպառողը: Սա ինքնին խոսում է այն մասին, որ պետությունը պետք է գործիքներ կիրառի, որպեսզի լաբորատոր ոլորտում բացառի առկա խնդիրները», - ասում է Պիպոյանը:
Նա նշում է՝ ոլորտում նկատվում է թե՛ դրականը, թե՛ բացասականը: «Դրականն այն է, որ պետական վերահսկողությունը չի խուսափում հանրության հետ համատեղ իրականացնել միջոցառումներ և հանձն առնել ոչ թե տնտեսվարողների պաշտպանությունը, այլև հանրային վերահսկողության հետ արձանագրել առկա թերությունները՝ չխուսափելով նկատել նաև սեփականը: Մյուս կողմից էլ՝ մի ոլորտում իրականացնում ենք ստուգումներ և դրանց արդյունքում հայտնաբերում ենք բազմաթիվ խնդիրներ, դրանք հանրային իրազեկման դաշտ ենք տանում, իրազեկման գործընթացն ավարտվում է, պետությունն ուրախանում է, որ կա հանրային վերահսկողություն, բայց այս պարագայում նա պետք է պատժիչ գործիքները ավելացնի», - նշում է հ/կ-ի նախագահը:
Նա հավելում է՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շուկայում հայտնաբերում է առանց մակնշման, սպառողին ապակողմնորոշող ապրանք և արձանագրում խախտումը: «Բայց միշտ ասել եմ կեղծվածության, սննդի սխալ մակնշման համար պատժամիջոց պետք է կիրառի ոչ թե ՍԱՏՄ-ն, այլ՝ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ որպես սպառողի մոլորեցում: Ինչո՞ւ պետք է պատժամիջոցները կիրառի ՏՄՊՊՀ-ն. քանի որ այս դեպքում տուգանքներն ավելի մեծ են, քան ՍԱՏՄ-ի պարագայում: Մի քանի տարի առաջ, օրինակ, այդ հանձնաժողովը մինչև 50 միլիոն դրամի տուգանքներ էր նշանակել: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, եթե խնդիրը դիտարկի որպես զուտ մակնշման պրոբլեմ, տուգանում է տնտեսվարողին 300 հազար դրամով:
Այստեղ պետք է անպայման պարզել՝ ՍԱՏՄ-ն իր հայտնաբերած խնդիրները ներկայացրե՞լ է ՏՄՊՊՀ-ին, թե՞ ոչ՝ հասկանալու համար պետական երկու կառույցների միջև առկա խնդիրները: Բացի դա, պետք է պարզել՝ մրցակցային մարմինը որպես իր տիրույթի խնդի՞ր է դիտարկել հանրային վերահսկողության արդյունքում հայտնաբերված կեղծիքները՝ առանց սպասելու պետական մյուս կառույցներից մեկնաբանման: Այս ամենը պետք է իրականացնել՝ հասկանալու համար կարո՞ղ ենք ակնկալել լավ արդյունք, թե՞ հույսներս պետք է դնենք հանրային իրազեկման և տնտեսվարողի բարեխղճության բաղադրիչների վրա», - ասում է Պիպոյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում