Ժողովրդավարության «հեղափոխական» ընկալումը. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
Աբովյանի ընտրությունների արձագանքներին հետևելով՝ ճիշտն ասած, չհասկացա, թե մարդկանց մի մասն ինչ է հասկանում ժողովրդավարություն ասելով։ Համ ասում են՝ ընտրություններն օրինական էին, համ էլ կռիվ են տալիս աբովյանցիների «ոչ հեղափոխական» ընտրության դեմ։ Լրջագույնս պետք է կողմնորոշվեք՝ ժողովրդավարությո՞ւն եք ուզում, թե՞ զոռբայություն՝ մեր պատկերացրած միակ «ճշմարտության» համատեքստում։
Ինչքան հասկացա՝ ոմանց պայքարի նպատակը կամ էլ հետընտրական ելույթները ժողովրդավարության մասին չեն։ Հակառակ դեպքում՝ դժվար է պատկերացնել, որ Աբովյանում տեղի են ունենում ընտրություններ, որոնք համընդհանուր կարծիքով դեմոկրատական էին, ԿԸՀ-ն չի ստանում որևէ բողոք կամ վերահաշվարկ կատարելու պահանջ, սակայն կան մարդիկ, ընդ որում՝ պաշտոնյաներ, որոնք համառորեն ու հետևողականորեն, իրար հակասելով ու իրենց իսկ հակասելով, «պատերազմում» են ընտրությունների արդյունքների դեմ՝ կրկին «սորտավորելով» հասարակությանը, քաղաքական դալտոնիզմը դարձնելով դրոշակ։ Լավ, հասարակությանը չեք հարգում, գոնե ձեր թիմի ղեկավարին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարգեք, որն այնքան քաղաքական համարժեքություն ու քաջություն ունեցավ, որ Աբովյանում տեղի ունեցածը հեղափոխության ու ժողովրդավարության հաղթանակ անվանեց։
Սրանից հետո ի՞նչ իմաստ ունի դիսկուրսը, մի քաղաքի ընտրությունը «ճակատագրական» համարելը, «հակահեղափոխություն» կամ «հին մշակույթ» փնտրելը։ Եթե ժողովրդավարությունը միայն «դըմփ, դըմփ, հու»-ի անվերապահ հաղթանակն է, ապա հենց դա էլ սահմանադրորեն արձանագրեք ու վերացրեք ընտրությունները, կամ՝ դրանց մասնակցել թույլ տվեք միայն այն թեկնածուներին, որոնք կգրանցվեն հեղափոխության ծիսակարգին իրենց հավատարմությունը հայտնելուց հետո։
Կամ՝ այս ինչ հակաքաղաքական ու անբնական դիկուրս է հեղափոխությունը մունիցիպալ ընտրությունների միջոցով այս կամ այն համայնք «արտահանելու» մասին։ «Հեղափոխական-հակահեղափոխական» դիսկուրսն ավարտվել է, առնվազն՝ խորհրդարանական ընտրություններով, ու գործող ԱԺն՝ իր քաղաքական խճանկարով, հենց հեղափոխական Հայաստանի քաղաքական համատեքստն է։ Ո՞վ է ոմանց թույլ տվել կասկածի տակ դնել հասարակության քվեարկությունը. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողներն իրենք են որոշել, թե որոնք են ընդդիմադիր մագիստրալ ուժերը, որոնք (նաև՝ այլ ուժեր), անշուշտ, իրավունք ունեն թեկնածուներ ունենալ նաև մունիցիպալ ընտրություններում ու հաղթանակ տանել, եթե այդպես կորոշի ժողովուրդը։ Սա ոչ թե հակահեղափոխություն է, այլ ճիշտ հակառակը՝ ժողովրդավարության հաղթանակ, ընդ որում՝ անշրջելի հաղթանակ, եթե այդ նախադեպն ինստիտուցիոնալ բնույթ ստանա։
Հասարակության փոխարեն մի փորձեք որոշել, թե ով կամ ովքեր քաղաքականությամբ զբաղվելու, պատգամավոր կամ համայնքի ղեկավար ընտրվելու իրավունք ունեն։ Այ, դա իսկապես հակաքաղաքական, հակադեմոկրատական, կամ ձեր լեզվով ասած՝ հակահեղափոխական կլինի։ Հեղափոխությունը երբեք ու ոչ մի պարագայում մի նույնացրեք կոնկրետ թիմի, նրա հաջողության կամ անհաջողության հետ, որովհետև դա մի ակտ է, որին մասնակցել են ոչ թե մի քանի հազար, այլ տասնյակ, հարյուր հազարավոր մարդիկ՝ հավակնելով ոչ թե աթոռների, այլ ունենալով ձևակերպված կամ չձևակերպված իդեալներ, նպատակներ։ Եվ վերջապես՝ վերջ տվեք ռոմանտիկ զեղումներին ու գործ արեք, որ գնահատվեք ու վստահության արժանանաք՝ առանց պաթոսի։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում