Ավելի լավ է՝ տասը չափել, մեկ կտրել. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նախօրեին մեկնարկեց ու շատ արագ էլ ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցի քննությունը: Ռոբերտ Քոչարյանը զրպարտություն էր համարում Փաշինյանի՝ դեռ անցած աշնանը հնչեցրած հետևյալ խոսքերը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանում հայտատարեց. «Եթե մեր դատավարական հակառակորդը կհայտարարի աներկբա, որ էս հայտարարությունն անելիս պարոն Փաշինյանը նկատի չի ունեցել պարոն Քոչարյանին, ապա մենք պատրաստ ենք հրաժարվել հայցից»: Վարչապետ Փաշինյանի ներկայացուցիչը պատասխանել է շատ հստակ ու, ըստ էության, բավարարել է Քոչարյանի փաստաբանի պահանջը. «Ես լիազորված եմ իմ վստահորդի անունից ասելու աներկբա, որ այդ արտահայտությունը, որ արել է իմ վստահորդը, վերաբերել է սահմանադրական նորմի մեկնաբանությանը և, այո, միանշանակ չի վերաբերել պարոն Քոչարյանին»:
Անկախ այն հանգամանքից՝ դատական համակարգի այդ դրվագն ով ինչպես կմեկնաբանի, ակնհայտ է, որ այն ավարտվել է երկրորդ նախագահի մարտավարական հաղթանակով։ Քոչարյանի փաստաբանն, ըստ էության, հասել է նրան, ինչին ձգտում էր հասնել դատարանի որոշմամբ, այլ խոսքով՝ վարչապետը հրաժարվել է իր խոսքերից, որոնցով Քոչարյանին հանցագործ կամ մարդասպան էր անվանել։
Այս դրվագը լավագույնս բացահայտում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարքագիծը։ Ակնհայտորեն նրա խոսքերը վերաբերել են Ռոբերտ Քոչարյանին, որովհետև կարճ նախադասության մեջ Հայաստանի վարչապետը չէր կարող տալ երկրորդ նախագահի անունը, խոսել նախագահական իմունիտետի բովանդակության մասին ու նկատի ունենալ, ասենք՝ Լևոն Տեր-Պետրոսյանին կամ Սերժ Սարգսյանին։ Սա, թերևս, բոլորի համար է ակնհայտ, սակայն դարձյալ բացահայտում է Փաշինյանի քաղաքականության հակասականությունը, նրա քաղաքական անկայունությունը։ Հայաստանի վարչապետը սովոր է տարբեր լսարանների համար ականջահաճո, պոպուլիստական հայտարարություններ անել՝ դիվիդենտներ շահելու նպատակով, հետո հայտնվել անհարմար իրավիճակներում։ Սա այն դեպքն է, որ Քոչարյանի թիմը հետևողականորեն գնացել է Փաշինյանի խոսքի «հետքերով» ու բացահայտել է իրավիճակի անհեթեթությունը։
Նիկոլ Փաշինյանը գերադասել է իրավիճակը փրկել՝ ի սկզբանե փաստացի «սրբագրելով» իր խոսքը, հակառակ պարագայում՝ դժվար է պատկերացնել, թե նրա ներկայացուցիչը ինչպես էր դատարանում հիմնավորելու, թե Քոչարյանը մարդ է սպանել։ Համենայն դեպս, Հայաստանում չի կայացվել որևէ դատավճիռ, որը փաստում է, թե երկրորդ նախագահը մեղադրվում է մարդասպանության մեջ։
Ավելին, նման մեղադրանք չկա էլ: Այսինքն՝ կստացվեր, որ Փաշինյանը ուղղակի անհիմն մեղադրանքներ է ներկայացրել կամ, առնվազն, խախտել է անմեղության կանխավարկածը՝ հանդիսանալով պետության առաջին դեմք։ Տեսականորեն Փաշինյանը կարող էր հղում անել ընթացող դատավարությանը, սակայն դա էլ չէր փրկելու իրավիճակը, որովհետև, եթե անգամ Ռոբերտ Քոչարյանը մեղավոր ճանաչվի ընթացող դատավարության ավարտին, նրան առաջադրված մեղադրանքը դարձյալ որևէ առնչություն չունի սպանության հետ։ Հայաստանի վարչապետի մոտ նման «կիքսեր» լինում են ոչ միայն ներքաղաքական հարթության վրա, այլ նաև արտաքին հարաբերություններում, որոնք, սակայն, չեն կարող ավարտվել «հաշտությամբ»։ Նման իրավիճակներից խուսափելու լավագույն տարբերակը պոպուլիստական հռետորաբանությունց հրաժարվելն է։ Իսկ ավելի լավ է՝ հետևել ժողովրդական ասույթին՝ տասը չափել, մեկ կտրել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում