Ազգային «մետամորֆոզներ». մեր ռեսուրսներն ու իմունիտետը. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
Ազգս չարացել է՝ դարձել ավելի անհանդուրժող ու չկամ, սա ասում եմ մեծագույն ցավով, քանի որ նման հասարակությունների դեգրադացումը, ինչը ցավոք տեսնում ենք ամեն օր, ընդամենը ժամանակի, ինչու ոչ՝ նաև տեխնիկայի հարց է։ Այսօր ստեղծվել է մի իրողություն, երբ մարդիկ սկսել են ատել միմյանց, և դրա հիմքում «նորին գերազանցություն» քաղաքականությունն է, այն քաղաքական շահերն ու շահարկումները, որոնց ականատես ենք լինում ամեն վայրկյան։ Այն ազգը, որը պատմության ոլորաններում կորցնում է իր առաքելության գիտակցումը, դատապարտված է անվերջ հարձակման հենց իր ներսից:
Հայոց գիտակցությունը պետք է սերնդային անվերջանալի համագործակցության մեջ լիներ անչափ կարևոր կոդի հետ. այն է` ինքն էթնոս է, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը: Երբեք նման բաները հենց այնպես չեն լինում տիեզերքում: Պատահակա՞ն եք համարում այսօր, թեկուզ հորիզոնական, մատերիական պլանում հրեա ազգի մեծապետականությունը: Այդ էթնոսը ոչ մի վայրկյան չի կորցրել իր պատմական առաքելության գիտակցումը, երբեք չի հատել անգիտության սահմանը` անգամ իր վճարումի պատճառահետևանքային օրերում:
Բոլոր ժողովուրդներն ունենում են ցավոտ թեմաներ, ողբերգական դրվագներ։ Փորձությունից թրծված և ամրացած են դուրս գալիս ու որպես հասարակություն կայանում նրանք, որոնք կարողանում են բաց խոսել խնդիրների մասին, անցնել դժվար խոսակցության փուլը, վերլուծել ու հասկանալ կատարվածի արմատները։ Այդ պրոցեսի արդյունքում է հասունանում հասարակության՝ նոր ողբերգություններ թույլ չտալու ունակությունը։
Մենք ունեցել ենք Մարտի 1, Հոկտեմբերի 27 ու էլի մի շարք սև օրեր: Փաստ է, որ սրանք ողբերգություն են։ Մենք ունենք երկու ճանապարհ՝ կա՛մ դարձնել այն փոխադարձ, բազմակողմ ատելության, թշնամանքի և անվերջանալի հաշվեհարդարների մոտիվ, կա՛մ գնալ ներհասարակական դժվար, գուցե շատ դժվար խոսակցության ու պետության համար բացել նոր էջ։
Շատ կարևոր է, որ հիմա՝ այս փուլում, մարդիկ իրենց մեջ ուժ գտնեն ու պնդեն երկրորդ տարբերակի կարևորությունը։ Սա՛ է քաղաքացիական կեցվածքը։ Մյուսը հեշտ է՝ թաքնվել իշխանական ու սոցցանցային այսօրվա թրենդի հետևում ու պահանջել սրան կամ նրան բռնել։
Ի՞նչ է նշանակում դժվար, բաց խոսակցության ճանապարհը։ Դրանք մի խումբ հարցեր են և տեսակետներ, որոնք պետք է հնչեցվեն ու որոնք կարող են դուր չգալ տարբեր շրջանակների՝ հներին, ավելի հներին, ամենահներին ու նորերին։
Սրան զուգահեռ ևս մի կարևոր և առանցքային նշանակության հարց, որն արդեն տևական ժամանակ է՝ ընդգրկված է հայաստանյան հանրային դիսկուրսում, ՀայաստանԱրցախ, ավելի ճիշտ՝ հայաստանցի-ղարաբաղցի թեզերի կիրառումն է։ Բանականությունը չկորցրած ցանկացած մեկը չի կարող չհասկանալ, թե ինչ ճակատագրական հետևանքներ կարող է ունենալ Արցախում ներքին լուրջ բախումը՝ բնակչության մի մասին իշխանությունների դեմ հանելով կամ բնակչության մի մասին մյուսի դեմ հանելով:
Արցախի և Հայաստանի ազգային անվտանգությամբ փոքր-ինչ մտահոգ, ոչ թե կեղծ, սոսկ հռետորական հայտարարություններով, այլ իրականում հայրենասեր ցանկացած մեկը չի կարող Արցախում Հայաստանի 2018 թ. ապրիլ յան իրադարձությունների կրկնումը, Արցախը հեղափոխության օջախի վերածելը խիստ վտանգավոր, մերժելի, անթույլատրելի համարելու փոխարեն, ըստ էության, հնարավոր ու թույլատրելի համարել ու դեռ մի բան էլ սպառնալ դրանով:
Այդքան ռեսուրս չունենք, այդքան իմունիտետ չունենք, այդպիսի «շռայլություն» ինքներս մեզ թույլ տալ չենք կարող: Դա մեր կոդը չէ...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում