Մեյմանդարի շուկայում ստուգումներ են իրականացվել
EconomicsOrer.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մեյմանդարի մեծածախ շուկայում ֆերմերները չեն կարողանում իրենց աճեցրած լոլիկը վաճառել, քանի որ «Սպայկա» ընկերությունը ողջ շուկան ողողել է իր բերած լոլիկով և 1 կգ-ը 100 դրամով է վաճառում, ինչը, գյուղացիների կարծիքով, ֆանտաստիկայի ժանրից է:
Այս օրերին, երբ դեռ ջերմոցներում աճեցրած լոլիկն է շուկա հանվում, չի կարող մեծածախ գինը 100 դրամ լինել, ասում են գյուղացիները, բայց թե ինչպես է դա «Սպայկա» ընկերությանը հաջողվել՝ պարզ չէ:
Մեր ահազանգից հետո, «Սպայկա» ընկերությունը Մեյմանրդարում վաճառվող լոլիկի գինը բարձրացրել է 170 դրամ: Դրանից բացի, պատկան մարմիններն իրենց հերթին են արձագանքել և սկսել են ուսումնասիրություն իրականացնել, պարզելու համար, թե մեծածախ շուկայում ինչու է նման իրավիճակ առաջացել:
Այնպես որ, կարող ենք արձանագրել, որ այս պահի դրությամբ վիճակը փոքր ինչ շտկվել է: Եվ գյուղացիները նույնպես կարողանում են համեմատաբար ավելի շահեկան գնով վաճառել իրենց բերքը: Մեզ հետ զրույցում վաճառողներից մեկն ասաց նաև, որ շուկայում վաճառվող լոլիկի մոտ 70 %-ը «Սպայկայի» ապրանքն է: Ու եթե ամեն տարի այս ընկերությունը պետք է նման քաղաքականություն վարի, ապա գյուղացին ստիպված կլինի հրաժարվել բերք ու բարիք աճեցնելու և գյուղատնտեսությունը զարգացնելու գաղափարից և կրկին խոպանի ճանապարհը կբռնի:
Եթե իշխանությունները չեն ցանկանում, որ կրկին հին օրեր վերադարձ լինի, ապա պետք է խոշոր արտադրողի առջև պայման դնեն, որպեսզի բերքի իրացման ժամանակ գյուղացին այլևս չկանգնի խնդիրների առջև:
Ինչ վերաբերում է ստուգումներին, ապա առաջիկայում մենք կներկայացնենք նաև, թե որ կառույցն է շուկայում ստուգումներ անցկացրել և արդյունքում ինչ է պարզվել:
Արմինե Գրիգորյան