2 շախմատիստ գլխավորում են Ասրյանի հուշամրցաշարի աղյուսակը
SportՏեղի ունեցան Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 4-րդ տուրի պարտիաները:
Տուրում կարևոր հաղթանակներ տոնեցին Արցախը ներկայացնող Հովիկ Հայրապետյանը և Ուկրաինայի ներկայացուցիչ Վլադիմիր Օնիշչուկը: 4-րդ տուրից հետո հենց այս շախմատիստներն էլ 4-ական միավորով գլխավորում են աղյուսակը: Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը առաջատարներին զիջում են կեսական միավորով: Այսօր կկայանա մրցաշարի 5-րդ տուրը:
Կարեն Ասրյանի անունը կրող միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 8 երկրների՝ Հայաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Էստոնիայի, 95 շախմատիստներ: Այս տարի որակական առումով մրցաշարը չափազանց ուժեղ կազմ ունի:
Մասնակիցների թվում են 12 գրոսմայստեր, ինչի շնորհիվ մրցաշարի պատանի մասնակիցները հնարավորություն են ստացել լրացնելու գրոսմայստերի նորմա: Կարեն Ասրյանը նորանկախ Հայաստանի ուժեղագույն շախմատիստներից մեկն էր: Նա ոսկյա տառերով է գրել իր անունը հայկական և համաշխարհային շախմատի պատմության մեջ: Շախմատային կարիերայի ընթացքում նվաճած տիտղոսների ոչ լրիվ ցանկը՝ Հայաստանի եռակի չեմպիոն, Հայաստանի ազգային հավաքականի կազմում Եվրոպայի և Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն: