Հայտնիները սպորտի և հումորի մեջ․ «Վիտամինը» նոր նախագիծ է սկսում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
TVՆյութի աղբյուր՝ tert.am
Սպորտ, ժամանց և հումոր․ այս ամենը մեկտեղված է «Վիտամին» փրոդաքշընի և «Շանթ» հեռուստաընկերության նոր նախագծում՝ Sport Club-ում: Հաղորդման ձևաչափը, ըստ պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանի, նախադեպը չունեցող է՝ ամբողջը մտածել ու կազմել է իրենց թիմը։ Tert.am Life-ի հետ զրույցում պրոդյուսերը բացահայտել է հաղորդման մանրամասներն ու նշել, որ հեռուստադիտողները հայ հայտնիներին տեսնելու են այլ իրավիճակներում։
«Ի տարբերություն մեր մյուս նախագծերի, որոնք նման են արտերկրում արդեն հայտնի ձևաչափերին, սա իր տեսակով նոր է։ Ունենք 360 աստիճան ձևաչափով տաղավար, նման բան, համենայն դեպս, մեր դաշտում դեռևս չկա։ Մի կողմից բեմական ժանր է՝ զրուցում են հյուրերի հետ, մյուս կողմից՝ սպորտային «հրապարակ», որտեղ տեղի է ունենում մարզական մասը։ Փոքրիկ ինչ-որ բաներ չեն տեղի ունենում, իրական խաղեր են՝ հետաքրքիր սպորտաձևերով»,- ասաց պրոդյուսերը։
Նախագիծն ունի սպորտային ուղղվածություն՝ հաղորդավարը Գրիգ Գևորգյանն է, որպես նրա օգնականներ, պրոդյուսերի գնահատմամբ՝ ավելի շատ խանգարողներ, հանդես են գալու Պոնչը՝ Տարոն Իսպիրյանը և Գոռ Բարսեղյանը։
Նախագծի կառուցվածքի մասին խոսելիս պրոդյուսերը նշեց՝ մասնակիցները լինելու են շոու բիզնեսի կամ քաղաքական դաշտի ներկայացուցիչներ և մարզիկներ։
«Մեր բոլոր հյուրերին ներկայացնելու ենք սպորտային տեսանկյունից։ Մի կողմից հրավիրելու ենք մարզիկների, որոնք գուցե այնքան հայտնի չեն, որքան պետք է, մյուս կողմից ՝ շոու բիզնեսից, քաղաքական դաշտից հայտնի դեմքերի։ Հետաքրքիր իրավիճակներ ենք ստանալու, իսկ վերջում լինելու է մեկ խաղ՝ օրինակ՝ հյուրերը բռնցքամարտի ձեռնոցներով բասկետբոլ են խաղալու կամ մեկ այլ փորձություն են անցնելու»,- ասաց նա՝ հավելելով, որ հաղորդումը միտում ունի պրոպագանդել սպորտը, ինչ-որ չափով հայտնի դարձնել մարզիկներին, որոնց հեռուստադիտողը, գուցե, դեռ չի հասցրել ճանաչել։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ