«Ռեսուրսներն արդեն երկար տարիներ վատնվում են անգրագետ կառավարման պատճառով». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստի» զրուցակիցն է վավերագրող կինոռեժիսոր, կինոգետ, «ԴՈԿտոր ՍԻՆԵՄԱ» երիտասարդական հ/կ-ի նախագահ Սեգ Կիրակոսյանը:
-Ինչպիսի՞ն եք գնահատում հայաստանյան մշակութային կյանքը:
-Արվեստն իր էությամբ կախված չէ իրականությունից, սակայն արվեստագետի, ստեղծագործող անձի համար ներշնչանքի աղբյուր կարող են դառնալ թե՛ փոփոխությունները, թե՛ լճացման շրջանները: Մշակութային լճացման վիճակն առաջին հերթին կարելի է կապել անհատ ստեղծագործողների հետ: Մյուս կողմից` շատ ստեղծագործողներ նոր գործեր ստեղծելու համար կարիք ունեն տեսնելու, որ իրենց աշխատանքի կարիքը կա: Ի վերջո, արվեստը հեղինակի և լսարանի երևակայության երկխոսությունն է: Շատերն ակնկալում են, որ այդ հարցով պետք է զբաղվի պետությունը:
Պետական կարգավորման ու աջակցության կարիքը կա, քանի դեռ ոլորտը ոտքի չի կանգնել, սակայն ավելի մեծ կարևորություն պետք է տալ մշակութային կառավարիչներին, կամ արվեստի տարբեր ճյուղերի պրոդյուսերներին: Այդ ինստիտուտը մեր երկրում կաղում է: Խնդիրն այն է, որ պրոդյուսերական դպրոցի հիմքերը Հայաստանում դրվել են ԽՍՀՄ տարիներին, երբ պետությունը փողը տալիս էր, դիրեկտորի խնդիրն էլ այդ փողը ճիշտ ծախսելն էր:
Իմ կարծիքով, լավ պրոդյուսերը պետք է ոչ թե ապահովի ռելսի վրա դրված գնացքի անխափան ընթացքը, այլ նոր մոդելի գնացքի նախագիծ գտնի, դրա համար նոր, արագընթաց երկաթուղու նախագիծ պատվիրի ու դա իրականացնի:
Հայաստանում մատների վրա հաշված օրինակներ կարելի է տեսնել, երբ փորձել են հավակնոտ խնդիրներ առաջադրել ու իրականացնել: Պրոդյուսերական դպրոցի կայացմանը խանգարող հանգամանք է եղել նաև տարիներով արմատացած մենաշնորհային, նեղ խմբային շահերը սպասարկող տնտեսության առկայությունը, ինչը, կարծես թե, տեղի է տալիս: Այսինքն՝ պետական անաչառ, մրցութային սկզբունքով օգնությունը կարող է խթան դառնալ նոր պրոդյուսերների զարգացմանը:
-Ի՞նչ անել, որ «պահանջարկն է ծնում առաջարկը» չընկալվի որպես անորակությունը առաջ մղելու միջոց: Պետությունը պե՞տք է ունենա մշակութային քաղաքականություն:
-Արվեստում որակը գնահատելը մի փոքր անշնորհակալ գործ է, քանի որ կրթական և աշխարհայացքային տարբեր ընկալումներ ունեցող մարդկանց համար նույն գործը կարող է լինել որակյալ կամ անորակ: Հեռուստատեսությունը, կինոն, ներկայացումները, ուզենք, թե չուզենք, նաև բիզնես են. որպեսզի մարդը կարողանա նոր ֆիլմ նկարել, պետք է իր նախորդ ֆիլմի գումարը որևէ ձևով հետ բերի: Հայաստանում մշակութային շատ մեծ շուկա չկա, հետևաբար, որակի հետևից ընկնելով, մեծ գումարներ ծախսել կարող են քիչ մարդիկ, որոնք, օրինակ՝ իմիջի խնդիր ունեն:
Կարծում եմ՝ այդ կարգախոսը հորինվել է քիչ ծախսով որոշակի եկամուտ ստանալու ակնկալիքն արդարացնելու համար: Քանակի ավելացումն ինչ-որ պահի որակ դառնալու փոքր հնարավորություն ունի: Պետության դերն այս ոլորտում կարող է լինել կարիքների գնահատմամբ՝ և՛ մշակութային կառույցների, և՛ լսարանի:
Դրա հիման վրա մշակութային կառույցների մասնակցությամբ պետք է ստեղծվի քաղաքականություն, թե ինչ ենք ուզում ունենալ որպես պետություն: Մի ժամանակ մշակույթի նախարարության կանոնադրության մեջ նշված էր, որ փոքրաբյուջե կինոարտադրությունն են ուզում զարգացնել: Առանձնապես քայլեր չէին անում, բացի փող բաժանելուց, կրթական, փորձի փոխանակման, միջազգային պրոդյուսերների ու դիստրիբյուտորների ներգրավման: Հետո նոր նախարար եկավ ու ասաց, որ դրսից պետք է մեծ ներդրումներ բերել, կինոյի մասին օրենքներ սկսեցին գրել ու դեռ գրում են:
Պետությունը կարող է ստեղծագործողի առաջ խնդիր դնել՝ պատվեր իջեցնելով, սակայն դա պետք է լինի փոքր մասը: Հիմնական աջակցությունը պետք է տարածվի բաց դաշտում: Լավ գաղափարի հեղինակի իրականացրածը կարող է միջազգային շատ ավելի մեծ նպաստ բերել Հայաստանի հեղինակությանը, տնտեսությանը, քան տարեկան Կոմիտասի ու Թումանյանի մասին 5 ֆիլմ և 30 ներկայացում ստեղծելով, որոնք ևս պետք են, բայց ոչ մյուսների հաշվին:
-Վավերագրական կինոն զարգացման ի՞նչ մակարդակի վրա է գտնվում:
-Վավերագրական կինոն Հայաստանում շահեկան դիրքում է, քանի որ վավերագրողի համար շատ ավելի հեշտ է սեփական նախաձեռնությամբ ֆիլմ սկսել ու հաջող ավարտել դրա ստեղծումը:
Շատ մեծ թիմ հավաքելու կարիք չկա, շատ թանկարժեք տեխնիկա ներգրավելը ոչ միշտ է պարտադիր, սցենարն էլ կյանքն է թելադրում: Նյութի առումով մեր երկիրը հարուստ է՝ հետաքրքիր կերպարները, պատմություններն ու տեղանքները շատ են: Բայց պտտվելու ենք ու նորից բախվենք պրոդյուսերների պակասին: Ընդ որում, այս պարագայում շատ ավելի տխուր վիճակ է:
Հայաստանն իսկապես ունի մարդկային ռեսուրսներ այս ոլորտը զարգացնելու ու միջազգային շուկա դուրս գալու, ֆինանսական ներհոսք ապահովելու համար, սակայն գրեթե բոլոր պրոդյուսերներն ինքնուս են:
Դրանցից մեկն էլ ես եմ: Իմ ֆիլմերի համար սկսեցի պրոդյուսերություն ուսումնասիրել, բացեցի կազմակերպություն ու հիմա այլ ռեժիսորների հետ եմ աշխատում: Կարևոր ներդրում կլիներ, եթե Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում դասավանդեին հրավիրված նեղ մասնագետներ, և վավերագրական կինոյի ռեժիսուրայի ուսանողները ոչ միայն խաղարկային ֆիլմի դրամատուրգիա սովորեին, այլև վավերագրական ֆիլմի թրիթմենթ կազմելու ձևը, ոչ միայն ընդհանուր պրոդյուսերություն սովորեին, այլև վավերագրական ֆիլմի 70-80 էջանոց նախագիծ կազմելու հմտություններ:
Մեր միակ կինոինստիտուտի ռեսուրսներն արդեն երկար տարիներ վատնվում են անգրագետ կառավարման պատճառով՝ պատնեշ դառնալով աշխարհից եկող բազմաթիվ հնարավորությունների առջև:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում