«Վրեժխնդրության» գործի՞ք, թե՞ «կարևոր դասեր քաղելու» միջոց
International newsrussian.eurasianet.org-ը «Հայաստանը սկսում է 2016 թվականի ապրիլ յան պատերազմի իրադարձությունների հետաքննությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի խորհրդարանը ստեղծել է 2016 թվականի «ապրիլ յան պատերազմի» հանգամանքները ուսումնասիրելու հանձնաժողով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարել է հանձնաժողով ստեղծելու մասին, քանի որ ժամանակը եկել է մի շարք հարցերի պատասխաններ ստանալու համար, որոնք վերաբերում են բոլորին:
Փաշինյանը չի նշել, թե կոնկրետ ինչ հարցեր պետք է փնտրվեն հետաքննության շրջանակներում: Սակայն 2016 թվականի քառօրյա պատերազմի վերաբերյալ, որը 1994 թվականի հրադադարի համաձայնագրի ստորագրումից ի վեր Լեռնային Ղարաբաղում հայ- ադրբեջանական առավել արյունալի բախումն էր, երկար ժամանակ է, որ կասկածներ կան:
Այս հակամարտության ընթացքում հայկական կողմը զինադադարից հետո առաջին անգամ կորցրել է որոշակի տարածքներ, որը Երևանում ու Ստեփանակերտում մտահոգություն է առաջացրել զինված ուժերի՝ ակտիվորեն դիմակայելու ունակության վերաբերյալ: Բախումներից հետո տեղեկություններ են եղել զենքի պակասի մասին և պնդումներ, որ Երևանի քաղաքական ղեկավարությունը, թերևս Մոսկվայի խնդրանքով, զինվորականներին հրամայել է դադարեցնել հարձակումը նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք արդեն առավելություն ունեին: Ըստ հայկական հարցերով վաշինգտոնյան վերլուծաբան Էմիլ Սանամյանի, «հանձնաժողովը, հնարավոր է, որ ընդամենը որոշակի հիմնարար փաստեր հավաքագրի, օրինակ, թե քանի զինծառայող է զոհվել և երբ, բայց չկա համոզվածություն, որ հանձնաժողովը ձևավորվել է հենց դրա համար, ավելի հավանական է այն, որ դա արվում է Սերժ Սարգսյանին և Բակո Սահակյանին պատժելու համար»:
Փաշինյանի՝ հանձնաժողով ստեղծելու մասին հայտարարությունը համընկնում է 2008 թվականի դեպքերով մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին Ղարաբաղի նախկին և ներկա նախագահների միջնորդությամբ դատարանից ազատ արձակելու փաստի հետ: Փաշինյանը, ի պատասխան դրա, դատապարտել է Հայաստանի դատական համակարգը և Ղարաբաղի ղեկավարությանը՝ մեղադրելով նրանց նրանում, որ գործում են նախկին իշխանությունների շահերից:
Ըստ Սանամյանի, հենց իր այդ ելույթում է Փաշինյանը առաջին անգամ հանձնաժողով ստեղծելու մասին խոսել, և դա ուղղված է զուտ հաշիվներ մաքրելուն:
Հանձնաժողովը կգլխավորի Հայաստանի պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Անդրանիկ Քոչարյանը և կազմված կլինի «Իմ քայլը» դաշինքի ու ընդդիմության 11 պատգամավորներից: Մինչ այժմ հանձնաժողովը միայն մեկ փակ նիստ է անցկացրել: Ըստ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, «հանձնաժողովի աշխատանքները հիմնականում փակ կլինեն, և հանձնաժողովը ինքը կորոշի, թե ինչ նյութեր կարելի է հրապարակել»:
Առաջին նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ հանձնաժողովի աշխատանքը կտևի մոտ վեց ամիս, և կպարզաբանվեն բազմաթիվ հարցեր, ներառյալ ռազմական գործողությունների ընթացքում հրամանատարների կողմից ընդունված որոշումների նպատակահարմարությունը, ինչպես նաև զինված ուժերի պատշաճ հագեցվածությունը և հետախուզության տրամադրած տեղեկատվությունը:
: Հանձնաժողովին հասանելի են պետական գաղտնի փաստաթղթերը, և այն իրավունք ունի հարցաքննել վկաներին, սակայն չի կարող վկաներին ստիպել ցուցմունք տալ: Հիմնական վկաներից մեկը կարող է լինել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որը 2016-ի պատերազմի ընթացքում եղել է առաջին փոխնախարար: Ըստ ՔՊ կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանի, հանձնաժողովի այլ անդամներ իրավունք չունեն հանձնաժողովի աշխատանքի մասին պաշտոնական հրապարակածից դուրս որևէ այլ տեղեկություն հրապարակել:
Ըստ ՀՀԿ ներկայացուցիչ Արմեն Աշոտյանի, «Փաշինյանը կփորձի կաշկանդել ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանին և Բակո Սահակյանին, որոնց նկատմամբ կարող են ապօրինի հետապնդումներ սկսվել»:
Իսկ Երևանի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ պաշտպանական գերատեսչության նկատմամբ վերահսկողական գործողություններին խորհրդարանի մասնակցությունը Հայաստանի խորհրդարանի համար որոշ չափով ներուժ է ստեղծում` ավելի ակտիվ ու վճռական դերակատարություն ունենալով որպես գործադիր ճյուղի համակարգային հակակշիռ: Ըստ նրա, հանձնաժողովը կարող է նաև օգնել «կարևոր դասեր քաղել», որոնք հետագա բարեփոխումների համար հիմք կդառնան:
Միևնույն ժամանակ, Կիրակոսյանը նաև նշել է, որ հանձնաժողովի կազմը տագնապ է առաջացնում, քանի որ այն չունի ռազմական ոլորտի փորձառություն կամ գոնե բավարար ռեսուրսներ` համապարփակ և անկողմնակալ քննություն անցկացնելու համար:
Նա կոչ է անում նաև չօգտագործել հետաքննությունը, որպես «վրեժխնդրության» գործիք նախկին իշխանության հանդեպ, և եթե դա տեղի ունենա, ապա դա ոչ միայն կվնասի ներկայիս պաշտպանության նախարարությանը, այլ նաև կնվազեցնի վստահությունը զինված ուժերի նկատմամբ և կթուլացնի խորհրդարանը:
Ըստ քաղաքագետ Անահիտ Շիրինյանի, ակնհայտորեն քննարկվելու են զգայուն հարցեր, և սա նաև ցույց է տալիս, որ «Հայաստանի համար պատշաճ պետական կառավարման խնդիրներն այսօր ավելի բարձր առաջնահերթություն ունեն, քան ռազմահայրենասիրական հռետորաբանությունը, որը հաճախ օգտագործվում է վատ կառավարումը և կոռուպցիան թաքցնելու համար»:
Ապրիլ յան պատերազմից կարճ ժամանակ անց պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնյաներ մեղադրվել էին կոռուպցիայի մեջ և հեռացվել իրենց պաշտոններից: Սա Փաշինյանի առաջին հիմնավորումն է ապրիլ յան պատերազմի հետաքննության անհրաժեշտության հարցով:
Դեռևս 2017 թվականի հոկտեմբերին, երբ Փաշինյանը դեռ ընդդիմադիր գործիչ էր, կոչ էր արել ստեղծել հանձնաժողով: Բայց այն ժամանակ, ըստ երևույթին, նա փորձում էր ամեն ինչում մեղադրել Ռուսաստանին:
Ըստ Փաշինյանի, «ԵԱՏՄ-ին միանալուց հետո Հայաստանը կորցրել է իր տարածքների մի զգալի մասը և դրանում մեղավոր է խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն, որը հաստատել է ԵԱՏՄ-ին միանալու պայմանագիրը»:
Կամո Խաչիկյան