Ինչպես արդեն հայտնի է՝ քաղաքական “թեժ աշնանն” ընդառաջ արձակուրդային պատրաստությունների ու ճամպրուկային տրամադրությունների մեջ գտնվող ՀՀ իշխանություններին հերթական անգամ պորտատեղադրում կատարեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` վերստին հարցազրույց տալով ilur.am կայքին: Բնականաբար, հարցազրույցի թեման երկրի ներքաղաքական կյանքի հիմնական օրակարգն էր` Եվրասիական միության ինտեգրացիուն գործընթացներ, սահմանային լարվածության ավելացում, Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպում, ԼՂՀ հակամարտություն ներքին և արտաքին այլ խնդիրներ ու մարտահրավերներ: Ու ինչպես արդեն միշտ լինում է նման դեպքերում, բավական է խոսեր առաջին նախագահն ու իշխանական ճամբարից քաղաքական դհոլ-զուռնայի անսամբլը իր ողջ փայլով, շքեղությամբ ու միաժամանակ նաև` մտավոր իմաստով` խեղճությամբ ու ողորմելիությամբ, սկսեց իր բազմաձայն քաոսային աղմուկ-աղաղակը որպես արձագանք առաջին նախագահի խոսքին` նմանվելով դեռևս լիակատար սեռահասունացման չհասած պարսատիկով ցեխարձակումներ կատարող ու դրանով ինքնահաստատվող վատահամբավ դեռահասների:
Ցավալի ու ինչ որ տեղ տրագիկոմիկ իրավիճակ է այս պահին ստեղծվել ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ ներքաղաքական հարթակներում. ինչի մասին խոսում է առաջին նախագահը: Իրավիճակը մոտենում է ողբերգականությանը: Մենք այլևս որպես պետություն ուղղակի նմանվում ենք թղթախաղի հայտնի շուլլերի, ում ոչ ոք չի թողնում բարձրաշխարհիկ ակումբներ ու ոչ մեկ այլևս լուրջ չի վերաբերվում: Իսկ եթե այնուամենայնիվ էլ դիմում են, ապա միայն ավանտյուրիստական ինչ որ գործողությունների համար օգտագործելու նպատակով, ինչին մեր իշխանություններն ամենայն պատրաստակամությամբ են վերաբերվում` դա համարելով դիվանագիտական կամ արտաքին քաղաքական նախաձեռնողականություն, իսկ ներքին կյանքում արտագաղթը այլևս ընկալվում է ոչ միայն պասիվ պայքարի ձև, այլև դեմոնստրատիվ բողոքի ձև ու խուճապի միջոց: Ու այստեղ այլևս կարևոր չեն ամենատարբեր կալիբրների ու ամենատարբեր մտավոր կարողությունների ու գրագիտության պատվիրակատարների ճղճղոցները. իրականությունը գնահատվում է փաստերով, իսկ փաստերն առավել քան խոսուն են ու առավել քան փաստում են ներկայիս իշխանությունների ձախողվածությունն ու առաջին նախագահի գնահատականների իրավացիությունը:
Արամ Ավագյան