Ցանկանում են անօրինականություններն օրինականացնել. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական «E-draft» հարթակում հրապարակվեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը շրջանառության մեջ է դրել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը։ Հայաստանի պետական հիմնարկների աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ այս նախագիծը համարյա թե ամբողջովին չի համապատասխանում ո՛չ աշխատանքի միջազգային կազմակերպության նորմերին, ո՛չ մեր Սահմանադրությանը: Նա հիշեցնում է, որ այդ նախագիծը մի անգամ մերժվել է:
«Այն ավելի մեծ նախագիծ էր, որից նախարարությունն առանձնացրել և ներկայացրել է այն հատվածը, որին արհմիությունները, քաղհասարակության զգալի հատվածը դեմ էին արտահայտվել», - ասում է Ասատրյանը՝ ընդգծելով, որ նախագծի հետ կապված խնդիրները շատ են: «Արտաժամյա աշխատանքն ուզում են դարձնել կողմերի համաձայնությամբ և հանել բոլոր սահմանափակումները, որոնք կան գործող աշխատանքային օրենսգրքով:
Գործող օրենսգրքում կան նշված հատուկ դեպքեր, երբ կարելի է մարդկանց ներգրավել արտաժամյա աշխատանքի:
Այս պահին սա էլ է խնդրահարույց, բայց այս նախագծով սա էլ համարյա թե վերացվում է: Արտաժամյա աշխատանքն անպայման պետք է սահմանափակում ունենա, որովհետև աշխատողները չեն կարող գիտակցել իրենց առողջությանը սպառնացող վտանգը:
Օրենքն այս հարցը պետք է կարգավորի: Այսօր էլ նման դեպքեր արձանագրվում են, և օրենքը խախտվում է: Օրինակ, գործատուն աշխատողին ասում է՝ ուրիշ մարդ չընդունեմ աշխատանքի, դու շաբաթ-կիրակի էլ աշխատի, քեզ շատ կվճարեմ: Գործատուն սա փաստաթղթային չի ձևակերպում, բանավոր պայմանավորվածությամբ այս մարդն աշխատում է, բայց օրենքով նախատեսված հավելավճարը չի ստանում: Հիմա այս նախագծով ուզում են այդ անօրինականություններն օրինականացնել»,- ընդգծում է արհմիության նախագահը:
Խոսելով աշխատողների իրավունքների պաշտպանության մասին՝ անդրադառնում ենք այդ հարցում արհմիությունների դերին: Ասատրյանը նշում է, որ հասարակության մեջ սխալ պատկերացումներ կան արհմիությունների մասին:
«Նախկին կառավարությունները, երբ նման նախագծերով հանդես էին գալիս, ասում էին՝ սա կօգնի, որ արհմիություններն ուժեղանան: Կարծես թե ուզում էին այս կերպ շահագրգռել արհմիություններին: Սակայն արհմիությունն աշխատողների միավորում է:
Հիմա, եթե կոնկրետ կազմակերպությունում աշխատողները թույլ են, գործատուի վրա ազդելու օրինական լծակներ չունեն, նույնիսկ չունեն գործադուլի հնարավորություն, որովհետև մեր օրենքում գործադուլի կատարման գործընթացներն այնպես են սահմանված, որ իրականում հնարավոր չէ այդ գործադուլն օրինական իրականացնել, այս դեպքում նման նախագծերը չեն կարող օգնել, որ արհմիությունն ուժեղանա:
Արհմիությունը հանրապետական կամ ճյուղային մակարդակով կարող է հանդես գալ հայտարարություններով և հայտարարել, որ այս նախագիծն, օրինակ, չի կարելի ընդունել:
Մեզ շատ դեպքերում հաջողվել է կանխել տարբեր նախագծերի ընդունումը, որովհետև կա միջազգային գործընկերություն, որը սատարում է մեզ, աշխատանքի միջազգային կազմակերպություն, որի կոնվենցիաները մեր պետությունում վավերացված են, և, ուզեն-չուզեն, որոշ չափով պետք է կատարեն: Այս գործառույթը արհմիություններն անում են, բայց կոլեկտիվում, որտեղ արհմիություն չկա կամ աշխատողներն արհմիության անդամ չեն, խնդիրները լուծելը բարդ է:
Դրա համար նման հարցերն անպայման պետք է կարգավորվեն օրենսդրությամբ, պետությունն իր վրա պետք է պատասխանատվություն վերցնի: Ի վերջո, արհմիությունը գործատուին որևէ բան պարտադրելու լծակ չունի»,պարզաբանում է մեր զրուցակիցը:
Անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքին՝ Ասատրյանը նշում է, որ այն շատ վատը չէ, նույնիսկ որոշ առումներով լավն է, որովհետև աշխատողների համար որոշակի դրական պայմաններ է նախատեսում: «Փոփոխությունների կարիք, իհարկե, կա: Օրինակ, օրենսգրքի մի բաժինը վերաբերում է կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններին, որոնց մի մասն են արհմիությունները: Այստեղ խնդիր կա պետական ոլորտի աշխատողների համար: Կա խնդիր գործադուլների մասով և այլն:
Կարճ ասած՝ օրենսգիրքը դեկլարատիվ գրված է, բայց չկա մեխանիզմ դրա իրագործման համար: Եթե ուզում ենք ունենալ սոցիալական պետություն, աշխատողների իրավունքների, շահերի պաշտպանություն և արդյունավետ ներկայացում նաև արհմիությունների տեսանկյունից, ապա կա փոփոխության կարիք», եզրափակում է Անահիտ Ասատրյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում