Վիճակախաղերի և շահումով խաղերի դաշտը կարգավորող օրենսդրությունը խիստ թերի է
AnalysisՊարզվում է վիճակախաղի տոմսեր վաճառող ընկերությունների գործունեությունը կանոնակարգող օրենսդրությունը բավական թերի է: Այսինքն, օրենքում բազում սողանցքներ կան, որոնք օգնում են գործունեության ընթացքում տարբեր հնարքներ մտածել, բայց մնալ անպատիժ:
Բացահայտելով օրենդսրական դաշտը, պարզվում է նաև, որ վիճակախաղերի կազմակերպիչը տոմսերը տպելուց առաջ պարտավոր չէ իրավասու մարմիններին տեղեկացնել, թե ինչքան տոմս է պատրաստվում տպագրել և մյուս կողմից որևէ այլ լծակ չկա ստուգելու, թե որքան տոմսեր են թողարվել վաճառվել և շահումներ տրվել:
Ուշագրավ է, որ պետական մարմինները, որոնք օրենքով պարտավոր են հետևել, չեն կարող վերահսկել վիճակախաղերի տոմսերի շրջանառությունը շուկայում: Մի խոսքով, ցանկության դեպքում նման բիզնեսով զբաղվողները կարող են թաքցնել իրականությունը, բայց մնալ անպատիժ:
Ի դեպ, օրենքով նախատեսված է, որ վիճակախաղի տոմսեր վաճառող ընկերությունները պետք է հստակ նշեն այն հասցեները, որտեղ վիճակախաղերի մասնակիցներին տրամադրվում են շահումները, բայց այստեղ էլ իրականությունը մի փոքր այլ է, քանի որ դժվար է պատկերացնել, որ խաչմերուկների ու կանգառների մոտակայքում վիճակախաղի տոմս վաճառող փոքր սեղանիկներն իրականում հաշվառվա՞ծ են, թե՞ ոչ:
Դրանց վաճառքը չի վերահսկվում նաև այն պատճառով, որ վիճակախաղի տոմս վաճառող սեղանիկները հաշվիչ դրամարկղային մեքենաներ չունեն: Այստեղ կարծես, ամեն ինչ պարզ է, քանի որ օրենքը չի պարտադրում, որ ինչպես ցանկացած շրջիկ առևտրով զբաղվող անհատների դեպքում, այպես էլ այդ սեղանիկներից վիճակախաղի տոմս գնողներին ՀԴՄ կտրոն տամադրվի:
Մեկ դիտարկում ևս: Օրենքով սահմանված է, որ վիճակախաղերի վաճառված տոմսերի գումարի 50 տոկոսը պետք է շահումային ֆոնդը կազմի: Այսինքն, եթե տվյալ խմբաքանակի գումարը կազմում է 100 հազար դրամ, ապա դրա 50 հազարը պետք է տրվի վիճակախաղի մասնակիցներին, որպես շահում: Այստեղ ևս չի բացառվում, որ շահում ստացողը ընկերության հետ աշխատողի մտերիմը լինի, որը պարզ գործարքի արդյունքում վիճակախաղի շահած գումարի մեծ մասը հետ վերադարձնի ընկերությանը: Եվ կստացվի, որ օրենքի այս պահանջը ևս բարեխիղճ կերպով իրականացվել է:
Վիճակախաղերի բիզնեսով զբաղվող ընկերություններից կազինոները վճարում են միայն պետական տուրքի գումար, վիճակախաղի տոմսերի բիզնեսի դեպքում ընկերությունները վճարում են պետական տուրքի գումար և վաճառված տոմսերի գումարի 25%-ի չափով շրջանառության հարկ: Մեր տեղեկություններով, պատկան մարմինները նախաձեռնել են այս հարցը ևս կանոնակարգելու և դաշտը թվայնացնելու գործընթաց: Այդ դեպքում ընկերությունների աշխատանքը կդառնա ավելի թափանցիկ և վերահսկողություն իրականացնելն ավելի դյուրին կդառնա:
Հիշեցնենք, որ խաղատան կազմակերպման գործունեություն ծավալելու լիցենզիայի համար պետք է տարեկան վճարեն` Ծաղկաձոր քաղաքում 150 միլիոն դրամ, Սևան քաղաքում 120 միլիոն դրամ, Ջերմուկ քաղաքում 80 միլիոն դրամ, Մեղրի քաղաքում 30 միլիոն դրամ, իսկ այլ վայրում, օրինակ, ՀՀ կառավարության հավանության արժանացած ազատ տնտեսական գոտու տարածքում և 40 միլիարդ դրամի չափով ներդրում կատարած խաղատան կազմակեպման լիցենզիայի գումարը կազմում է 4,5 միլիարդ դրամ: Վիճակախաղի դեպքում տարեկան լիցենզիայի պետական տուրքի գումարը կազմում է 500 միլիոն դրամ:
Բացի այդ, վիճակախաղերի վաճառված տոմսերի 25 %-ի չափով ամսական վճարում են շրջանառության հարկ: Բայց թե իրականում որքան է եղել շրջանառությունը խիսւտ վիճելի կարող է լինել: Վերահսկողություն հնարավոր չէ իրականացնել բուքմեյքերական ընկերություններում, քանի որ նրանք ևս տարեկան ֆիքսված գումար են վճարում լիցենզիայի համար, որը կազմում է տարեկան 500 միլիոն դրամ, և ամսական յուրաքանչյուր համակարգչի համար արտոնագրային հարկ 75 հազար դրամի չափով:
Այս գումարները վճարելով բուքմեյքերական ընկերություններն ազատվում են շրջանառության հարկ վճարելու պարտավորվածությունից:
Ափոփելով, նշենք, որ օրենսդրական դաշտն իրականում բավականին թերություններ ունի և թույլ չի տալիս հաշվարկել, թե ռեալ որքան է տվյալ ընկերության շրջանառությունը: Եվ փաստացի որևէ տեղ չի ֆիքսվում, թե, օրինակ, բուքմեյքերական ընկերություններում օրական քանի մարդ է խաղադրույք կատարում, կամ օրական քանի վիճակախաղի տոմս է վաճառվում: Կարճ ասած՝ դաշտը կարգավորման, այդ թվում տվյալ գործունեության թվայնացման խիստ կարիք ունի, որին ևս պետք է օրենսդիր մարմնի ներկայացուցիչները օր առաջ անդրադառնան:
Արմինե Գրիգորյան