«Բացասական հետևանքներն ավելի վնասակար կարող են լինել, քան այն շահը, որ Հայաստանը կարող է կարճաժամկետ ունենալ». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Վրաստանի խորհրդարանում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները խափանելուց հետո հարևան երկրում լարվածությունը դեռ պահպանվում է: Արդեն հինգերորդ օրն է, ինչ Թբիլիսիում ցույցեր են, հակառուսական տրամադրություններն ավելի են խորանում, ռուսական կողմից էլ չեն ուշանում պատասխանները: Տարածաշրջանում ի՞նչ ազդեցություն կունենան Ռուսաստանի և Վրաստանի միջև առկա հարաբերությունները, ի՞նչ հետևանքներ և ռիսկեր կան Հայաստանի համար: Խոսելով նշված հարցերի շուրջ՝ վրացագետ Ալիկ Էրոյանցը «Փաստի» հետ զրույցում չի շտապում կտրուկ եզրահանգումներ անելու հարցում, բայց, ինչպես ինքն է նշում, կան հանգամանքներ, որոնք մտահոգիչ են:
«Ռուսական կողմն արդեն բավականին խիստ արձագանքներ, պատասխաններ է հղել դեպի Վրաստան, որոնք մեզ թույլ են տալիս ենթադրել, որ այդ լարվածությունը դեռևս երկար կշարունակվի: ՌԴ-ի կողմից արդեն ամենաբարձր մակարդակով արգելվեց թռիչքների իրականացումը, զբոսաշրջիկներին էվակուացնելու խնդիր դրվեց կառավարության առջև ու կոչ արվեց, որ զբոսաշրջիկները խուսափեն Վրաստան այցելելուց:
Բացի քաղաքական ենթատեքստից, ձևավորվում է նաև տնտեսական ոլորտին առնչվող խնդիր, մինչդեռ վերջին տարիներին Վրաստանը բավականին ակտիվացրել էր տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ, ավելացել էին առևտրաշրջանառության ծավալները, նաև զբոսաշրջիկների թիվն էր զգալիորեն աճել: Բնականաբար, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով այս ամենը ոչ մի լավ բանի չի հանգեցնելու Վրաստանի համար: Այլ հարց է, թե իշխանություններն ի՞նչ քայլերի կգնան, որ կարողանան երկրի ներսում խաղաղություն հաստատել և լարվածությունը հանդարտեցնել: Մյուս կողմից էլ հարց է, թե ի՞նչ քայլերի կգնան, որ արտաքին քաղաքական հարաբերություններում փորձեն Ռուսաստանի հետ նորից «լեզու գտնել»»,ասաց վրացագետը՝ հավելելով, որ «լեզու գտնելը» շատ դժվար է լինելու՝ հաշվի առնելով Ռուսաստանից ամենաբարձր մակարդակով հնչած արձագանքները:
«Իրավիճակը մտահոգիչ է և մտահոգիչ է նաև Հայաստանի համար: Մեր երկիրը թե՛ Ռուսաստանի, թե՛ Վրաստանի հետ բավականին բարձր մակարդակի քաղաքական և տնտեսական հարաբերություններ ունի, բացի այդ, գիտենք, թե մեզ համար որքան կարևոր է Վրաստանի տարանցիկությունը: Այնպես որ, ցանկացած լարվածություն, որը կարող է ստեղծվել թե՛ Վրաստանի ներսում և թե՛ Վրաստանի և ՌԴ-ի միջև, մտահոգիչ է մեզ համար և, բնականաբար, ցանկալի է, որ այդ ամենը շուտ կարգավորվի»,-ասաց Ա. Էրոյանցը:
Խոսելով Հայաստանի համար հնարավոր ռիսկերի մասին՝ վրացագետը շեշտեց.
«Այս պահին, թերևս, վնաս կրելու խնդիր չկա: Բայց եթե հետագայում լարվածությունը սրվի և կողմերի միջև ստեղծվի ավելի բարդ իրավիճակ, ապա դա կարող է անկանխատեսելի հետևանքներ բերել ոչ միայն իրենց, այլև մեզ համար: Հետագա լարվածության սրացումը կարող է խնդիրներ ստեղծել՝ ընդհուպ մինչև տնտեսական համագործակցության շրջանակներում»:
Վրացագետը նշված համատեքստում օրինակ բերեց ՌԴ իշխանությունների՝ դեպի Վրաստան չվերթներն արգելելու որոշումը և «Georgian Airways» ավիաընկերության այն հայտարարությունը, ըստ որի՝ վերջինս իր ուղևորներին առաջարկելու է Թբիլիսի-Երևան-Մոսկվա տրանզիտ չվերթը. «Տեսեք, մի կողմից ասում են, որ սա Հայաստանի համար լավ է, բայց եթե համադրելու լինենք շահերը, այլ եզրահանգման ենք գալիս: Եթե իրադարձությունները նման կերպ զարգանան և խնդիրները չկարգավորվեն, հետագա բացասական հետևանքներն ավելի վնասակար են լինելու, քան այն շահը, որ մենք կարող ենք ունենալ կարճաժամկետ կտրվածքով: Ամեն դեպքում, չեմ կարծում, թե դա կարող է մեզ այնպիսի շահ բերել, որից մենք կարող ենք ուրախանալ»:
Խոսելով Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից առիթն օգտագործելու և Հայաստանի շրջափակումն ուժեղացնելու ռիսկի մասին՝ նա ընդգծեց. «Իհարկե, կարող ենք ենթադրել, որ նման բան իրենց մտքով կարող է անցնել, բայց այդ առումով դեռևս նշաններ չեն երևում»:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի դիրքին՝ Ա. Էրոյանցը նկատում է. «Եթե մենք չենք կարողանում մեր ուղղակի ազդեցությունն ունենալ իրենց հարաբերություններում և երկկողմ շփումներում, թեկուզև ինչ-որ կերպ նպաստել, ապա առնվազն պետք է ակտիվ շփումներ ունենանք կողմերի հետ թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական մակարդակներում: Մենք պետք է պահպանենք դրանք, որպեսզի հետագայում առնվազն կանխատեսենք կամ կանխարգելենք այն վտանգները, որոնք կարող են մեզ սպառնալ»:
Գնահատելով ընդհանուր իրավիճակը՝ մեր զրուցակիցը նշեց, որ Վրաստանում ստեղծվածի պատճառը միայն ռուս պատգամավորի ելույթը չէր կամ այն, որ նա ներկայացված էր իրենց խորհրդարանի շենքում՝ որպես նախագահող. «Ընդդիմությունն իր ակտիվությամբ և իր քայլերով փորձեց հարցին սրություն հաղորդել և այն օգտագործել շատ ավելի կոնկրետ խնդիր լուծելու համար, որն ուներ նպատակ.
իշխանությունը՝ տապալել կամ վեր հանել իշխանության բացթողումները՝ այդ ամենի մեջ ներգրավելով հանրության շատ ավելի լայն հատվածներին: Բնականաբար, փորձ արվեց հակառուսական տրամադրություններն ավելի տեսանելի դարձնել թե՛ աշխարհին, թե՛ իրենց հանրությանը, ինչը, կարծես, հաջողվեց: Բողոքի ցույցերի նման ակտիվությունը պայմանավորված է հատկապես Վրաստանում առկա սոցիալ-տնտեսական ոչ այդքան բավարար վիճակով: Այս իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի և Վրաստանի միջև լարվածության յուրաքանչյուր սրում ոչ մի լավ բանի չի հանգեցնելու»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում