Անհանդուրժողականություն ու անտագոնիզմ. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
Աղմկոտ դատավարությունները լինելու են մեր կյանքի անբաժանելի մասն առաջիկա առնվազն մի քանի տարիների ընթացքում։ Այդ բազմաշերտ գործընթացների տարբեր փուլերում կարող են լինել թե՛ կալանավորումներ և թե՛ ազատ արձակումներ ու արդարացումներ, դատարանների հասկանալի կամ անհասկանալի որոշումներ։ Այսպիսին է մեր իրականությունը, ու կարծում եմ՝ պետք է խուսափել դատական այս կամ այն իրադարձությունը ճակատագրական կամ շրջադարձային համարելու մոլուցքից։
Գուցե զարմանալի թվա, բայց կարծում ենք՝ այս կամ այն դատավորի սուբյեկտիվությունից, նույնիսկ՝ սխալից ոչ պակաս վտանգավոր են այն միտումները, որ այս օրերին նկատում ենք մեր հանրային, քաղաքական կյանքում։
Անտագոնիզմն ու փոխադարձ ոչնչացման մուլուցքը հասել են վտանգավոր եզրագծի։ Քաղաքականությունը փոխակերպվել է լիակատար գզվռտոցի, երբ օրակարգը ձևավորում են Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի մոլի կողմնակիցներն ու նույնքան մոլի հակառակորդները, անվերապահ պաշտողներն ու անվերապահ ատողները։ Բոլոր առաջնորդների «վկաների» ու «հակավկաների» համար Հայաստանի «ոսկեդարը» ամփոփվում է իրենց կումիրի պաշտոնավարման շրջանով, իսկ դրանից առաջ ու հետո միայն դժբախտություններ են ու խավար։ Չի գործում որևէ բանական փաստարկ, բացատրություն, որ Հայաստանի նորագույն պատմությունը չի կարող այսպես մասնատվել, «սեփականաշնորհվել»։ Երբ պետությունը չի ունենում միասնական քաղաքական պատմություն, ապա մշտապես խարխափում է անցյալի դժնդակ հորձանուտում՝ ապագայի օրակարգ ձևակերպելու անկարողությամբ։
Հայաստանում երբեք չի եղել անհանդուրժողականության այսպիսի մթնոլորտ, երբ յուրաքանչյուր խումբն ունի իր «ճշմարտությունը», ու դրանից դուրս բոլորը ենթարկվում են պարսավանքի կամ անեծքի։
Անտագոնիզմի նման իրավիճակում տեղ չունի իրական, մրցակցային քաղաքականությունը, որը ենթադրում է կոմպրոմիսներ, երկխոսություն, նույնիսկ համաձայնություններ՝ ոչ պոպուլիստական հենքով։ Նման իրավիճակում չի կարող լինել քաղաքական մրցակցություն, ծրագրային պայքար։
Անտագոնիզմը խժռում է նաև սահմանադրական կարգավորումները, այն ամենն, ինչը կոչվում է իրավական պետություն։ Նույն դատավորը կարող է լ յումպենի կողմից «կախաղանի» արժանանալ, երբ Ռոբերտ Քոչարյանին ազատ է արձակում, իսկ օրեր անց «հերոսանալ»՝ նրան կրկին փակելով։ ՍԴ դատավորը կարող է ինքնահռչակվել՝ որպես դատարանի նախագահ, ու բոլորն անխռով հետևում են իրավական այս «բեսպրեդելին»՝ ծափողջույններով կամ հայհոյանքներով։ Իրավական այս «բեսպրեդելը» շուտով ծնելու է սահմանադրական լրջագույն ճգնաժամ։
Բայց ամենածանրը հոգեբանական, մտածողության այն թույնն ու չարությունն է, որ գնալով կուտակվում է մեր հասարակության տարբեր շերտերի մեջ՝ հայհոյանքով, անեծքով, որևէ մեկի մահը ցանկանալով, հիվանդ մարդու վիճակով կամ որևէ մեկի դանակահարությամբ ուրախանալով, ով էլ նա լինի: Այս վիճակը գնալով խորանում է, ու դա հաղթահարելը չափազանց ծանր է լինելու, եթե շուտափույթ եզրակացություններ չարվեն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում