Արա Զոհրաբյան. «Իշխանության մեջ գտնվող շատ անձինք թիրախավորել են փաստաբաններին». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստը» ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ զրուցել է Ազգային ժողովի կողմից «Փաստաբանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի չընդունման պատճառների, հանրային պաշտպանի գրասենյակի աշխատանքի և այլ հարցերի շուրջ:
-Պարոն Զոհրաբյան, օրերս Ազգային ժողովը չընդունեց ««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ինչո՞վ եք պայմանավորում պատգամավորների նման քվեարկությունը, հատկապես, երբ կառավարության ներկայացրած նախագիծը երկու անգամ դրական եզրակացություն է ստացել ԱԺ գլխադասային հանձնաժողովում, առաջին ընթերցմամբ էլ ընդունվել Ազգային ժողովի կողմից:
-Իմ կարծիքով, պատճառը փաստաբանության նկատմամբ ոչ բարյացaկամ վերաբերմունքն է:
-Քվեարկությունից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը վարման կարգով հայտարարեց, որ սկզբունքորեն ամբողջ տեքստն ընդունելի էր, բայց ամփոփաթերթիկի և բուն տեքստի մեջ կային հակասություններ, չքննարկված մաս։ Սա հնարավո՞ր է, երբ նախագիծը քննարկվել և ընդունվել էր ԱԺ առաջին ընթերցմամբ:
-Նույնիսկ տեխնիկական խնդիրներ ծագելու դեպքում դրանք պետք է լուծվեն, այլ ոչ թե ձախողվեր մի ամբողջ ինստիտուտ:
Պատկերացնո՞ւմ եք այդ նախագծի անցած ճանապարհը: Նախագծի վերաբերյալ տարբեր գերատեսչություններ կարծիքներ են ներկայացրել արդարադատության նախարարությանը, քննարկումներ են եղել, ներկայացվել և քննարկվել է կառավարությունում, այնուհետև Ազգային ժողովում անցել է առնվազն 3 «ֆիլտրով»: Չի կարելի այսպես անպատասխանատու վերաբերվել մարդկանց աշխատանքին:
-Ի՞նչ խնդիրների պետք է լուծում տային օրենքում կատարված փոփոխությունները և լրացումները:
-Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնված աշխատակազմին օժանդակող նոր հարթակ էր ստեղծվելու, որտեղ հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանները քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով անվճար իրավաբանական օգնություն էին ցույց տալու քաղաքացիներին: Այդ հարթակում գործող փաստաբաններին հատուցվելու էր նվազագույն գումար, որի ձևավորման համար հատուկ ֆոնդ էր ստեղծվելու:
Հատուկ ֆոնդը գոյանալու էր հանրային պաշտպանի գրասենյակի խնայված գումարներից, ինչպես նաև դատական ծախսերի մեջ մտնող այն փաստաբանական վճարներից, որոնք պարտվող կողմից դատարանը գանձելու է հանրային պաշտպանությունից օգտվող անվճարունակ անձի գործով:
- Կառավարությունը չի ավելացնում հանրային պաշտպանների թիվն այն դեպքում, երբ ամեն տարի ավելանում են գործերը: Արդյո՞ք այս օրինագծով լուծում էր տրվելու նաև այս խնդրին:
-Այս օրինագիծն ընդունվելու և կառավարության կողմից զուգահեռ լրացուցիչ 5 հաստիք տրամադրելու դեպքում, ՀՊԳ-ն դուրս կգա ծանրաբեռնվածության ճգնաժամից և կկարողանա բնականոն գործել: Ապագա ավելացումների մասով, մենք մտադիր ենք 2-րդ փուլով օրենսդրական որոշ առաջարկություններ ներկայացնել, որոնք խնդիրը համակարգային կլուծեն:
-Նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ չընդունումը որոշ փորձագետներ դիտարկում են որպես իշխանության նոր թիրախի «նշանակման» քայլ. խոսքը, հասկանալի է, փաստաբանների մասին է: Դուք ի՞նչ կարծիք ունեք:
-Ես էլ եմ հակված կարծել, որ իշխանության մեջ գտնվող շատ անձինք թիրախավորել են փաստաբաններին: Հանուն արդարության պետք է նշեմ, որ փաստաբանության նկատմամբ վարչապետի և արդարադատության նախարարի պաշտոնական վերաբերմունքը դրական է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում