Դեռևս անցումային, բայց կարգավիճակ ստանալու հնարավորություն
International newsregnum.ru-ն «Լեռնային Ղարաբաղում կարող են հայտնվել միջազգային խաղաղապահներ. Բաքուն փոխում է իր արտաքին քաղաքական ուղղությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո, որտեղ, ըստ երևույթին, ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկը որոշակի հույս էր կապում հակամարտության կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի հնարավոր ակտիվացման հետ, Մամեդյարովը բացառիկ անկեղծությամբ սկսել է հայտարարություններ անել:
Նա նշել է, որ հունիսի 20-ի հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամ, և «միջնորդները իրենց քննարկման հարցեր են առաջարկել», որը նրանց կողմից գնահատվել է որպես «դրական պահ», նաև հարց են տվել, թե «դրանք նո՞ր, թե՞ հին փաստաթղթեր են», քանի որ «դրանք քննարկվում են վերջին 15 տարիների ընթացքում»:
Այսինքն՝ նոր բան չկա, և բանակցային գործընթացը շարունակվում է փակ շրջագծով:
Այնուամենայնիվ, Ադրբեջանի արտգործնախարարը ակնարկել է «հին-նոր պահերի» առաջացման մասին: Ըստ նրա, «հայկական կողմը ամեն անգամ բարձրացնում է կարգավիճակ և անվտանգություն ունենալու հարցը, և այդ հարցը քննարկվել է նաև Վաշինգտոնում, իսկ անվտանգության հարցերի և միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորության առնչությամբ համանախագահները պետք է ավելի հստակեցնեն իրենց առաջարկությունները և հանդես գան դրանցով»: Մամեդյարովը ավելացրել է նաև, որ համանախագահները պետք է աշխատեն այդ ուղղությամբ: Սրանից բխում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերադառնում է հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորության հարցին, և, ինչպես Մամեդյարովն է հայտարարել, «առաջիկա 2-3 ամսում իրենք կքննարկեն համանախագահների առաջարկները», ավելին՝ «ինքը Նոստրադամուս չի և չգիտի, թե երբ նոր հանդիպում կլինի, ինչքան շուտ՝ այնքան լավ»: Անմիջապես սուր ինտրիգ է առաջանում:
Փաստն այն է, որ Մնացականյանը, «լայնորեն» մեկնաբանելով Վաշինգտոնի բանակցությունների արդյունքները, խոսել է ինչից ասես, բայց ոչ այն հարցերի շուրջ, որոնք Մամեդյարովն է նախանշել: Այս կապակցությամբ որոշ հայկական ԶԼՄ-ներ մեղադրել են Մամեդյարովին «սադրանքների» մեջ, նրա գործողությունները գնահատել որպես «Հայաստանի ու միջնորդների արձագանք հրահրելու» ցանկություն, որոնք «պետք է հաստատեն կամ մերժեն նման հայտարարությունը»:
Ավելին, հարց է տրվում, թե «ո՞ւմ խաղն է խաղում Մամեդյարովը, և ո՞ւմ է ձեռնտու խաղաղապահների տեղակայումը Արցախում»: ԱՄՆ-ը և Ֆրանսիան միանշանակ աջակցում են զսպման մեխանիզմների ստեղծմանը, որի մասին Ռուսաստանը փորձում է չխոսել: Փորձագետները բազմիցս պնդել են, որ Ռուսաստանը դեմ չէ Արցախյան հակամարտության գոտում սեփական կամ ՀԱՊԿ-ի խաղաղապահների տեղակայմանը, քանի որ նման կերպ Ռուսաստանը կարող է իր զորքերը հասցնել անմիջականորեն Իրանի սահմանին:
Իրանը, ի դեպ, բազմիցս հայտարարել է տարածաշրջանում երրորդ ուժի առկայության անթույլատրելիության մասին: Նաև հարց է ծագում, թե արդյոք Մամեդյարովը համաձայնեցրե՞լ է իր հայտարարությանը Սերգեյ Լավրովի և Մայք Պոմպեոյի հետ: Իսկ ի՞նչ խաղաղապահների մասին կարող է խոսք լինել: Արցախյան հակամարտությունը արդեն քառորդ դար առանց արտաքին օժանդակ խաղաղապահների է յոլա գնում: Առաջին հերթին, պետք է նշել, որ ինչպես Մամեդյարովը, այնպես էլ նրա հայ գործընկերները հանրային դիվանագիտության մեջ տարիներ շարունակ որոշակիորեն և ոչ քիչ դեպքերում «խորամանկել» են:
Սակայն երբեք չեն եղել սադրիչ գործողություններ, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի մակարդակով: Ներկայումս առաջին հերթին խաղաղապահների մասին հայտարարությունը չի հերքվում համանախագահների կողմից: Երկրորդ հերթին հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայումը ընդգրկված է մադրիդյան սկզբունքներում: Այս խնդիրը շոշափվել է ոչ մեկ անգամ, և դիվանագիտական իմաստով նման սցենարը արդեն իսկ ընդհանուր առմամբ մշակված է: Ժամանակին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Deutsche Welle»-ին տված իր հարցազրույցում աջակցություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման գաղափարին, սակայն բողոքել է, որ «ադրբեջանական կողմը դրան համաձայն չէ»: Բայց հիմա, դատելով Մամեդյարովի հայտարարությունից, Բաքուն պատրաստ է երկխոսություն վարել այդ ուղղությամբ:
Պատճառները, հավանաբար, կապված են այն բարդ իրավիճակի հետ, որը առկա է Մերձավոր Արևելքում, և ներկայիս քաղաքական բաբախումների հետ, որոնք բնորոշ են Երևանին և Թբիլիսիին: Իսկ եթե ավելի կոնկրետ խոսենք խաղաղապահների մասին, ապա նրանց կազմը, կարգավիճակը և իրավունքները կորոշվեն կողմերի միջև ստորագրված համաձայնագրով: Ինչ-որ բան հուշում է, որ Ադրբեջանը դեմ չի լինի ԱՊՀ երկրների խաղաղապահներին, նմանապես դրան կողմ կլինեն նաև հարևան Իրանն ու Թուրքիան: Մի խոսքով, տարածաշրջանում տիրող իրավիճակը լրջորեն փոխվում է, և պատահական չէր, որ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն հիշատակել Վիեննայի օրակարգը, որը ենթադրում էր սահմանագծում միջադեպերի միջազգային հետաքննության մեխանիզմների ստեղծում:
Այն դադարում է լինել արդիական: Ներկայումս խնդիրն այն է, թե ինչպես Երևանը կարձագանքի, քանի որ այնտեղ հիմա զարգանում է «միացում» գաղափարը (Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանի հետ միավորում): Եթե ելնենք նախանշած գործընթացի տրամաբանությունից, ապա Ստեփանակերտը կարող է ակնկալել, իհարկե, դեռևս անցումային, բայց կարգավիճակ ստանալու հնարավորություն:
Կամո Խաչիկյան