Արմեն Աշոտյան. Եթե Փաշինյանը թույլ է տալիս իրեն բարձր ամբիոններից խոսել նախկին իշխանությունների մասին՝ որպես կոռումպացված թալանչիների մասին, ապա, բնականաբար, դրա հակազդեցությունը պետք է լինի եւ լինելու է.
InterviewՆախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստին որոշում էր կայացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի հրապարակած որոշման հարցը բարձրաձայնել միջազգային ամբիոններում։ Ըստ ՀՀԿ-ականների՝ Վերաքննիչ քրեական դատարանը կոպտորեն ոտնահարել է մրցակցային դատավարության սկզբունքը եւ կայացրել է բացառապես քաղաքական որոշում։ ԳՄ-ականների կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի թվով երրորդ կալանավորումը շարունակվող քաղաքական վրեժխնդրության հերթական դրսեւորումն է։
Հանրապետականները որոշել են այս հարցի եւ նրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնել միջազգային համապատասխան հարթակներում եւ ձեւաչափերով։ Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ՝ պարզելու համար՝ ինչու են իրենց իսկ կողմից որակված «ներքին սպիտակեղենը» որոշել երկրից դուրս հանել։ –Երբ ՀՀԿ-ն իշխանություն էր, հայտարարում էր, որ երկրի «ներքին սպիտակեղենը» պետք չէ դուրս հանել ու ներկայացնել միջազգային հանրությանը։ Ստացվում է, որ ՀՀԿ-ն այսօր մի գործելաոճով է սկսել աշխատել, որի համար տարիներ շարունակ մեղադրել է նախկին ընդդիմությանը։ Որքանո՞վ եք դա ճիշտ համարում։ –Եթե խոսքը գնում է «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանի դեպքի հետ կապված, ապա այդ ամենը զուգահեռ տանել առնվազն տարօրինակ է, քանի որ շատ լավ գիտեք՝ ինչի մասին էր հայտարարում Զարուհի Փոստանջյանը, արդյոք իր խոսքը՝ ուղղված Սերժ Սարգսյանին, երկրի քաղաքական խնդիրների՞ն էր վերաբերվում։ Կարծում եմ՝լավ եք հիշում, թե Փոստանջյանը ինչի մասին էր խոսում։ Պետք չէ համեմատական տանել։
Գիտեք, եթե ՀՀ վարչապետը իրեն թույլ է տալիս գնալ ՄԱԿ-ի ամբիոն, Եվրոպառլամենտի ամբիոն, ԵԽԽՎ ամբիոն եւ այն մարդկանց աշխատանքը, ովքեր տարիներ շարունակ այդ ամբիոններում ու միջազգային այլ հարթակներում պաշտպանել են ՀՀ-ի ու Արցախի շահերը, ՀՀ-ի ու Արցախի անվտանգությանը նետված մարտահրավերներ են չեզոքացրել, տարաբնույթ բանաձեւեր են շրջանառությունից հանել, բերել են սեփական նախաձեռնությունները՝ ՀՀ-ի ու Արցախի շահերից ելնող, եթե այդ ամենից հետո Ն.Փաշինյանը թույլ է տալիս իրեն բարձր ամբիոններից խոսել նախկին իշխանությունների մասին՝ որպես կոռումպացված թալանչիների մասին, ապա, բնականաբար, դրա հակազդեցությունը պետք է լինի եւ լինելու է։ Բանը հասել է նաեւ նրան, երբ որ ադրբեջանական պատվիրակները ԵԽԽՎ-ում ամբիոնից Սերժ Սարգսյանին եւ Ս.Սարգսյանի իշխանությունը, որն իրենց դեմ կռիվ տված, Արցախում հաղթանակներ ապահոված, քաղաքական ճակատը ամուր պահող իշխանություն էր, եւ երբ ադրբեջանցի պատվիրակները դուրս են գալիս եւ նախորդ իշխանություններին հայհոյում են, պիտակավորում են, գործող իշխանությունների ոչ մի ներկայացուցիչ լայաղ չի անում քաղաքական պատասխան տալ՝ չհասկանալով, որ ադրբեջանցիների նման պահվածքը անպատասխան թողնելով՝ վնասում է ՀՀ-ի ու Արցախի պետական շահերը։ –Այսինքն՝ Ձեր՝ միջազգային հարթակներից ներկայիս իշխանություններին քննադատելը չի՞ վնասելու Հայաստանի վարկանիշը։ –Այսօրվա ՀՀ-ի վարկանիշի մասին թիվ մեկ պատասխանատու, մտահոգ անձը պետք է լինի հենց Նիկոլ Փաշինյանը, որը, ցավոք սրտի, իր վարվող արտաքին ու ներքին քաղաքականությամբ միայն վնասում է ՀՀ-ի վարկանիշին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քաղաքական հետապնդմամբ։