«Հեղափոխական» անհայտներով տնտեսական «հավասարում». «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարությունը նախօրեին հավանություն է տվել նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ դարձնելու մասին օրենքի նախագծին։ Սա, կարելի է ասել, երկար սպասված իրադարձություն էր, քանի որ Հայաստանում արդեն երեք տարի նվազագույն աշխատավարձը չէր բարձրացվել, ինչի հետևանքով աշխատավարձերի էական բարձրացում չէր եղել նաև մասնավոր սեկտորում։ Մյուս կողմից՝ դժվար է խոսել կառավարության հեղափոխական քայլի մասին, որովհետև 2019 թվականի առաջին եռամսյակի սպառողական զամբյուղի արժեքն է՝ 63 հազար 550 դրամ, այսինքն՝ գործադիրը ձեռնակում է քայլեր, որոնք ոչ այնքան միտված են զարգացմանը, որքան նրան, որ գոնե աշխատող մարդիկ չհայտնվեն աղքատության ճիրաններում։
Իհարկե, ինքնին հասկանալի է, որ տնտեսական հնարավորությունները թույլ չեն տալիս, որպեսզի կառավարությունն ավելի հեղափոխական քաղաքականություն որդեգրի աշխատավարձերի բարձրացման հարցում։ Այս առումով՝ կարևոր է, որ գործադիր իշխանությունը տուրք չտա պոպուլիզմին. աշխատավարձերի չհիմնավորված բարձրացումը կարող է բերել հակառակ արդյունքի՝ ակտիվացնելով դրամի արժեզրկումն ու ինֆլյացիան։
Մի խոսքով՝ կառավարության նախօրեի որոշումը իրատեսական է, մյուս կողմից՝ հասարակությունը ավելի մեծ սպասելիքներ ունի, եթե հիշենք, թե հեղափոխության հարթակից ու վարչապետության մեկնարկին ինչպիսի խոստումներ էր տալիս Նիկոլ Փաշինյանը։
Միևնույն ժամանակ՝ վարչապետի ու կաբինետի մյուս անդամների հռետորաբանությունը շարունակում է հեղափոխական մնալ։ Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բավականին բարձր ակտիվության ցուցանիշում, կառավարության վերջին նիստի մեկնարկին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն արձանագրել է՝ Հայաստանն արտահանման հետ կապված պրոբլեմները հաղթահարել է, և Հայաստանի տնտեսական համակարգը ընկալել և մարսել է տնտեսական հեղափոխության վերաբերյալ կառավարության մեսիջները։ «Այս տարվա մայիսին արձանագրվել է 7,3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ։ Ուզում եմ արձանագրել, որ այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ ունեցել ենք արտահանման 15 տոկոսանոց աճ, իսկ հունվար-մայիսին նախորդ տարվա հունվար մայիսի նկատմամբ ունեցել ենք 0,1 տոկոսանոց աճ, ինչը նշանակում է, որ մենք այս տարի արտահանման հետ կապված պրոբլեմները հաղթահարել ենք։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ տարվա արդյունքներով մենք կունենանք արտահանման բավականին շոշափելի աճ», - ասել է Փաշինյանը։
Եթե վերանանք հեղափոխական պաթոսից, ապա տակը մնում է, որ անցած տարվա համեմատ արտահանման ցուցանիշներն աճել են ընդամենը 0,1 տոկոսով։ Այս պարագայում անչափ դժվար է խոսել տնտեսական հեղափոխության մասին ու առավել ևս ամրագրել, որ տնտեսական համակարգն ադապտացվել է այդ ռեժիմին։
Բանն այն է, որ մինչև այսօր մենք ընդամենը լսում ենք տնտեսական հեղափոխության մասին, բայց տակավին հայտնի չէ, թե դա ինչ է իրենից ներկայացնում բովանդակային հարթության վրա։ Կարճ ասած՝ չկան տնտեսական հեղափոխության չափման միավորները, ու մենք չգիտենք, թե կոնկրետ թվերով, ցուցանիշներով որն է տնտեսական հեղափոխություն կոչվածը։ Կառավարության ծրագիրը, որը սկզբունքորեն այն ֆորմալ փաստաթուղթն է, որը մարմնավորում է տնտեսական հեղափոխությունը, այս հարցի պատասխանը ոչ միայն չի տվել, այլ ստանդարտ մի տեքստ է, որը կարող են ներկայացնել բոլոր կառավարությունները, որոնք հանրային սպասումների որևէ միջավայր չեն ձևավորել։
Եթե քաղաքական հեղափոխության մասով արդյունքները չափելի են, օրինակ՝ մենք ունենք նոր իշխանություններ, որոնց լեգիտիմությունը կասկածի տակ չի դրվում, կամ երկրում ներդրվել է օրինական ընտրությունների մեխանիզմը, ապա տնտեսական հեղափոխությունն առայժմ կարգախոսային է, ու երկրի տնտեսությունը նախկինի պես գտնվում է ինքնահոսի վիճակում, էլ չենք ասում այն մասին, որ մարդկանց սոցիալական վիճակը մնում է անտանելի պայմաններում՝ անհաղորդ մնալով հեղափոխական կարգախոսների դրական ազդեցությանը։
Նման իրավիճակում տնտեսական հեղափոխության գաղափարն արժեզրկվում է՝ ճիշտ այնպես, ինչպես անցած տասնամյակներում դևալվացվել են մի շարք գեղեցիկ գաղափարներ ու ծրագրեր, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում