«Համաժողովների անցկացումից հետո պետք է գործել, հակառակ դեպքում՝ դրանց կարևորությունը կնվազի». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
«ԲԻ Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանը խիստ կարևորում է Հայաստանում վերջին շրջանում իրականացվող ներդրումային համաժողովների անցկացումը: «Դրանք հիանալի հարթակ են պետություն-մասնավոր հատված երկխոսության տեսանկյունից: Մասնավոր հատվածը, առավելապես ներդրողները, կարիք ունեն իրենց մտքերը, տեսակետները հայտնելու և պետությունից արձագանք ստանալու:
Առաջին կարևոր պայմանն այն է, որ պետությունն ու մասնավոր հատվածը կարողանան երկխոսել: Երկրորդ՝ մեր մասնավոր հատվածի, առավելապես փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, կարծես թե, անտեսված են եղել: Իրենց համար աշխատել են, ստեղծել, աջակցության կարիք ունեցել են, չեն ստացել: Հիմա ունենք նոր իրավիճակ, երբ իրենց ձայնը և խնդիրները դառնում են լսելի: Խոսքը նաև այն մասին է, որ նրանք կարողանան գործընկերներ գտնել այլ ոլորտներից: Երրորդ՝ համաժողովները հիանալի հարթակ են կապերի ձևավորման համար: Սա առաջին քայլն է:
Սրանից հետո գործ, գործողություններ պետք է արվեն: Առանց դրա համաժողովների կարևորությունը կնվազի», - ասում է Գևորգյանը:
Նա կարծիք է հայտնում, որ համաժողովներից հետո մեկ տարվա ընթացքում արդեն կարող ենք որոշակի արդյունքներ տեսնել: «Ներդրումները պահանջում են աշխատանք, ներդրողները ցանկանում են ավելի լավ ծանոթանալ միջավայրին, մարզին, արդյունաբերությանը: Մեր կենտրոնն, օրինակ, զբաղվում է ներդրումային ծրագրերի մշակմամբ և ներդրողների հետ համագործակցությամբ: Բիզնես-ծրագիրը մի քանի անգամ փոփոխությունների է ենթարկվում, վերանայվում: Այսինքն՝ իրատեսական է, որ մեկ տարվա ընթացքում արդյունքներ գրանցվեն», - նշում է մեր զրուցակիցը:
Հաճախ է խոսվում այն մասին, որ բիզնեսծրագիր սկսելու համար ֆինանսական միջոցների առկայությունը պարտադիր է, մյուս կողմից՝ շեշտում են՝ նախ պետք է գաղափար ունենալ, փողը երկրորդական է:
««Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի հեղինակն եմ, որտեղ 200 օրինակ կա, թե վերջին 10-15 տարվա ընթացքում ինչպես են մարդիկ, ոչինչ չունենալով, ստեղծել իրենց բիզնեսը: Գաղափարը շատ կարևոր է, բայց կարևոր է նաև գաղափարի իրագործումը, որովհետև, ինչպես ասում են, յուրաքանչյուր հայի գլխում մեկ վայրկյանում ծնվում է 100 հազար գաղափար, բայց շահում է նա, ով առաջինն է իրագործում:
Հիմա հաճախ են օրինակներ բերում, երբ մարդիկ 0-ից հաջողակ բիզնես են ստեղծել: Լինելով Հայաստանի 880 համայնքում՝ նրանցից շատերին անձամբ եմ ճանաչում: Դրանք իրական պատմություններ են: Այո՛, պետք է ունենալ գաղափար և սկսել այն իրագործել», - ասում է մեր զրուցակիցը:
Հավելում ենք՝ պետությունն էլ պետք է կանգնի այդ մարդկանց կողքին, աջակցի նրանց: «Իհարկե, կա մի պահ, երբ պետության աջակցությունն անհրաժեշտ է:
Բայց երբ մարդը որոշում է բիզնես սկսել, նա պետք է մեկ- երկու քայլ անի, հետո արդեն ակնկալի պետության աջակցությունը: Կա հաջողված բիզնեսի օրինակ, երբ մարդն իր ռեսուրսներով բիզնես է հիմնել, իր ռեսուրսներով շարունակել աշխատել, ո՛չ վարկային միջոցներ է վերցրել, ո՛չ էլ այլ աջակցություն ստացել: Ինքնուրույն աճել է, իր մարտավարությունը դա է եղել: Մեկ ուրիշն էլ դիմում է վարկային միջոցների օգնությանը: Պետության աջակցությունը պետք է լինի օրենսդրական դաշտի արդարացի, հավասարաչափ, թափանցիկ իրականացումը, պայմանների ստեղծումը:
Անդրադառնում ենք նաև բյուրոկրատիային:
«Բյուրոկրատիան բյուրոկրատիա է ամբողջ աշխարհում՝ իր յուրահատկություններով: Երկրներ կան, որտեղ բյուրոկրատիան շատ ավելի դաժան է: Դա, իհարկե, խնդիր է: Ներկայումս միջին օղակներում այն գոյություն ունի: Երբեմն գաղափարն ընդունվում է, սակայն միջին օղակներում տարբեր պատճառներով կանգ է առնում՝ գիտելիքի, մոտիվացիայի, ռազմավարական տեսլականի, ցանկության և այլնի պակասի պատճառով: Բյուրոկրատիան պետք է լինի տրամաբանության սահմաններում, առանց դրա բիզնեսը դժվար առաջ կգնա: Եղել եմ տարբեր երկրներում և կարող եմ ասել, որ հայկական բյուրոկրատիան վատերից չէ», - եզրափակում է Սամվել Գևորգյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում