Էրարտա թանգարանում բացվել է քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանի ցուցահանդեսը
CultureՍանկտ Պետերբուրգի Էրարտա թանգարանում մայիսի 28-ին բացվել է քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանի աշխատանքների ցուցահանդեսը։ Թանգարանի ֆեսյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Կոշտ գիծ» ցուցահանդեսում ներկայացված է շուրջ 50 ստեղծագործություն՝ արված մարմարից, բրոնզից, փայտից, ապակուց, պղնձից, արույրից։
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 20-ը։
Հայ քանդակագործ, ՌԴ ժողովրդական նկարիչԳեորգի Ֆրանգուլյանը ծնվել է 1945 թվականին Թբիլիսիի Սոլոլակի շրջանում։ 1956 թվականին ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա։ 1964 թվականին ընդունվել է Ստրոգանովի անվան արվեստի բարձրագույն ուսումնարան, որտեղ ուսանել է Ջորջ Մոտովիլովի և Ալեքսանդր Մատվեևի դպրոցներում։ Դեռևս ուսանողական տարիներից մասնակցում է ցուցահանդեսների։ ՈՒնեցել է շուրջ 100 ցուցահանդես։ Գեորգի Ֆրանգուլյանը ստեղծագործում է հաստոցային մոնումենտալ արվեստի բնագավառում։ Աշխատում է տարբեր նյութերով՝ բրոնզ, մարմար, փայտ, կերամիկա։ Ֆրանգուլյանի գործերում առանձնահատուկ տեղ են գրավում գրաֆիկական աշխատանքները։
1990-ական թթ. Ֆրանգուլյանը ստեղծել է նոր ժանր, որը անվանել է «քանդակային դիզայն»` դրանք ֆունկցիոնալ իրեր են` օրիգինալ փոխաբերական մարմնավորմամբ («Ժամացույցը» շարքը, 1993, բրոնզ, ոսկի, արծաթ, կիսաթանկարժեք քարեր)։
Ստեղծագործությունները գտնվում են Տրետյակովյան պատկերասրահում, Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանում, աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում։