Յուրի Դավթյան-ի 90-ամյակին նվիրված համերգը կղեկավարեն վարպետն ու նրա աշակերտները
CultureՀուլիսի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա դիրիժոր, մանկավարժ, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկո։
Այն կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Յուրի Դավթյանը, լինելով լեգենդար դիրիժոր Կոնստանտին Սարաջևի աշակերտներից, շարունակել է նրա դպրոցի ավանդույթները՝ մեծ վաստակ ունենալով հայկական դիրիժորական դպրոցի հետագա զարգացման գործում։
Դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը նկատում է, որ մաեստրո Դավթյանը երկար տարիներ ղեկավարել է համերգներ, կրթել ուսանողների՝ առաջ տանելով մեր դիրիժորական դպրոցը։
«Յուրի Դավթյանի ուսանողներն այսօր աշխատում են Հայաստանում, տարբեր երկրներում՝ պահպանելով դասական դիրիժորական դպրոցի սկզբունքները։ Յուրի Դավթյանն օրինակ է, թե ինչպիսին է եղել դասական դիրիժորական դպրոցը և այսօր ուր է գնում»,- ասաց Ռուբեն Ասատրյանը։
Հուլիսի 3-ի հոբելյանական համերգը կղեկավարեն Յուրի Դավթյանն ու նրա աշակերտներ Սերգեյ Սմբատյանը, Հայկ Դավթյանն ու Նիկոլայ Պողոսյանը։