Որևէ շրջադարձ չկա, անհրաժեշտություն՝ ևս. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Ընդհանրապես արտաքին քաղաքականության իմպլեմենտացիայի գործիքակազմը բավականին մեծ է, և դիվանագիտությունն ու ԱԳՆ-ն այդ խողովակներից ընդամենը երկուսն են: Արձագանքելով ԱԳՆ-ի կողմից միջազգային հարթակներում մեր պատվիրակությունների աշխատանքը կոորդինացնելու վերաբերյալ հարցին՝ «Փաստի» հետ զրույցում նշեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
«Առանձին խողովակ է նաև խորհրդարանական դիվանագիտությունը: Տարբեր պետություններում առանձին խողովակ կարող է լինել, այսպես կոչված, ժողովրդական դիվանագիտությունը, ինչպես նաև եկեղեցու կողմից տարվող դիվանագիտությունը: Տարբեր երկրներում արտաքին քաղաքականության մասով ընդհանուր կոորդինացիա լինում է և, այո, ԱԳՆ-ն է, որ կոորդինացնում է նաև արտաքին քաղաքական ուղենիշներն ու ուղղությունները, որոնք հաստատվում են երկրի ղեկավարի կամ գործադիրի կողմից»,-ասաց նա:
Այդ համատեքստում միջազգային ատյաններում Հայաստանի կողմից վերջին մի շարք քվեարկությունները Սուրեն Սարգսյանը հետաքրքիր է համարում:
«Վրաստանի հետ կապված ՄԱԿ-ում այս անգամ չքվեարկեցինք այնպես, ինչպես վերջին տարիներին: Սա քայլ է, որը պետք է արժանանա վրացական կողմի համապատասխան քայլին: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հետ կապված քվեարկությանը, ապա կարծում եմ, որ տեխնիկական խնդիր է եղել, ինչի պատճառով մեր պատվիրակության ներկայացուցիչը դեմ է քվեարկել:
Եթե ՌԴ ԱԳ նախարարությունը և Ռուսաստանի Պետդուման այդ հարցի վերաբերյալ որևէ խնդիր մինչ այս պահը չի տեսել, ապա համարում եմ, որ խնդիրը և դրա հետ կապված բացատրությունը ռուսական կողմի համար ընդունելի են եղել: Համենայն դեպս, մինչ այս այդ հարցի վերաբերյալ որևէ բարձրաձայնում չի եղել, ինչը հույս է տալիս կարծել, որ ռուսական կողմը ընկալել է Հայաստանի բացատրությունը, հասկանում է, որ ՀՀ-ի համար ՌԴ-ն ռազմավարական դաշնակից է և որևէ պետական պաշտոնյա Ռուսաստանի դեմ որևէ քայլ չի իրականացնի»:
Սուրեն Սարգսյանի հետ զրույցում անդրադարձանք նաև տարածաշրջանային մի շարք գործընթացների՝ դիտարկելով հատկապես Իրան-ԱՄՆ, ռուս-վրացական սրված հարաբերությունները ու դրանց նկատմամբ Հայաստանի դիրքավորումը. «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, իսկ Վրաստանը ռազմավարական նշանակություն ունեցող հարևանը:
Վրաստանը Հայաստանի համար երկու պատուհաններից մեկն է՝ դեպի արտաքին աշխարհ: Մեզ համար կենսական նշանակություն ունի Վրաստանի բարգավաճումը, հզորացումը և պայծառ ապագան: Հնարավորության դեպքում հայկական կողմը պետք է մեղմի այն իրավիճակը, որը կարող է լինել այդ երկու պետությունների հարաբերություններում: Ինչ վերաբերում է Իրանի շուրջ ստեղծվածին, ապա Իրանը ևս Հայաստանի համար դեպի արտաքին աշխարհ տանող երկու պատուհաններից մեկն է: ԱՄՆ ևս բարեկամ երկիր է մեզ համար: Այս երկու պետությունների միջև առճակատումը Հայաստանի վրա ազդեցություն ունեցել է և շարունակելու է ունենալ»:
Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ՝ մեծ հաշվով, Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ էական փոփոխություններ չեն եղել. «Հայաստանը, կարծես թե, շարժվում է արտաքին քաղաքական այն կուրսով, որն ունեցել ենք անկախության հռչակումից ի վեր: Այսօր ես որևէ շրջադարձ չեմ տեսել և չեմ կարող պնդել նաև, որ այս կամ այն ուղղությամբ հարաբերությունների խորացում է եղել»: Քաղաքագետը շրջադարձային փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում: Կարծում է, որ Հայաստանը պարզապես պետք է շարունակի ակտիվ աշխատել բոլոր ուղղություններով և միջազգային հարթակներում խորացնի հարաբերությունները գերխաղացողների հետ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում