«Տուրիստական» նախասիրություններ.հին ավանդույթները շարունակվում են. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
Ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամ և Սինգապուր։ Արդեն այն փաստը, որ Փաշինյանը երկրի համար առանցքային տոնին՝ Սահմանադրության օրը, բացակայում էր Հայաստանից, ենթադրում է, որ այդ այցերը Հայաստանի համար բացառիկ նշանակություն ունեն։ Մյուս կողմից՝ շատ հնարավոր է, որ Հայաստանի գործող վարչապետն ուղղակի հավուր պատշաճի չի գնահատում Սահմանադրության օրը, մանավանդ, որ կարճ պաշտոնավարման ընթացքում հասցրել է ֆորմալիզացնել, ֆետիշացնել հեղափոխության հետ ասոցացվող իրադարձությունները։
Սահմանադրության օրը Փաշինյանը մեկնել է հենց Վիետնամ ու չնայած այդ երկրում ունեցել է հանդիպումներ առանցքային բարձրաստիճան պաշտոնյաների, գործարարների հետ՝ այցի համատեքստը հիմնականում ամբողջացնում են, այսպես կոչված, մշակութային, հումանիտար հանդիպումները։
Ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Վիետնամ կատարած այցին՝ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը գրել է. «Ամփոփելով՝ ցանկանում եմ նշել, որ վարչապետի բոլոր հանդիպումները, այդ թվում՝ Վիետնամի իր գործընկերոջ և գործարար շրջանակների հետ, անցան արդյունավետ։ Տնտեսության և հումանիտար ոլորտներում ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ, որոնց կյանքի կոչման ուղղությամբ, վստահ եմ, համապատասխան գերատեսչությունները կձեռնարկեն ակտիվ աշխատանքներ։ Նշեմ, որ վիետնամական բավականին խոշոր գործարարներ շահագրգռվածություն հայտնեցին համագործակցելու հայկական կողմի հետ, նրանք մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին հայկական արտադրանքի, կոնյակի, գինու, վերամշակված գյուղմթերքի նկատմամբ»։ Նա ընդգծել է, որ վարչապետ Փաշինյանի պայմանավորվածությունները պետք է գործնական փուլ մտնեն աշնանը հայ-վիետնամական գործարար համաժողովի ընթացքում, հավելելով, որ քաղաքական առումով երկու երկրներն ունեն լիարժեք փոխըմբռնում, ինչը ևս կարևոր է հատկապես միջազգային հարթակներում համագործակցելու առումով։
Հայ-վիետնամական գործարար համաժողովը Փաշինյանի մեծաթիվ պատվիրակության այցի միակ առարկայական ձեռքբերումն է, սակայն անկեղծ լինեմ՝ այդ համաժողովի առարկայական, գործնական նշանակությունը գերագնահատել պարզապես չի կարելի։
Բանն այն է, որ մեր երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն անցած տարվա ընթացքում չի հասել անգամ 50 միլիոն դոլարի, ու այս համատեքստում դժվար է ակնկալել որակական բեկում, մանավանդ, որ Հայաստանն ու Վիետնամը չունեն ընդհանուր քաղաքական, տնտեսական օրակարգ։
Սինգապուրը պետք է դիտարկել մի փոքր այլ տեսանկյունից, որովհետև հարավ-արևել յան Ասիայում գտնվող այս երկիրն ունի զարգացման մի մոդել, որն ուսանելի է ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի շատ երկրների համար, որոնք ցանկանում են հաղթահարել աղքատությունը, զարգացնել տնտեսությունը։
1965-90 թթ.-ին Սինգապուրում ՀՆԱ-ն մեկ մարդու հաշվով 400 դոլարից բարձրացավ 12,2 հազար դոլարի, ինչի հետևանքով հարավ-արևելյան Ասիայի այս փոքրիկ պետությունը համալրեց աշխարհի տասը հարուստ երկրների թիվը։ Հենց սա է «սինգապուրյան տնտեսական հրաշքի» հիմնական հետևանքը՝ մարդու բարեկեցությունը։ Դատարկ սառնարաններով հնարավոր չէ շարունակ խոսել տնտեսական հեղափոխության մասին։
Հուսանք՝ Սինգապուրում Նիկոլ Փաշինյանը հասկացել է այս ճշմարտությունը ու այն աքսիոմը, որ պոպուլիզմը բարեփոխումների լավագույն ուղեկիցը չէ։
Սակայն այս պարագայում էլ անպայման չէ ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի մեծաթիվ պատվիրակության այցն արդարացված էր, որովհետև զարգացման մոդել ուսումնասիրելու համար ավելի կարևոր է փորձագիտական, մասնագիտական խմբեր գործուղելը։ Համենայն դեպս, քիչ սպասելի է, որ սինգապուրյան այցից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարած տնտեսական հեղափոխությունը բովանդակություն կստանա՝ դուրս գալով կարգախոսային կաղապարից։
Իսկ առայժմ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչի համար ընդդիմադիր դիրքերից քննադատել է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, այլ խոսքով՝ գործող վարչապետի պաշտոնական այցերն ավելի շատ տուրիստական բնույթ են կրում՝ երկրին չբերելով առարկայական օգուտներ։ Նոր Հայաստանում հին ավանդույթները շարունակվում են։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում