«Արձանագրվել է ԵՄ-ից դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքերի նվազում, ԱՊՀ և այլ երկրներից՝ աճ». «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ կառավարությունը նպատակադրվել է 2017-2022 թվականներին իրականացվելիք քայլերի և միջոցառումների արդյունքում տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել առնվազն 3 միլիոնի:
2019 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 364 489 զբոսաշրջիկ, որը թեև նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ աճել է 5,2%-ով, սակայն աճի տեմպը նվազել է շուրջ 10%-ային կետով:
Այս համատեքստում տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը ներկայացնում է 2019 թվականի առաջին եռամսյակում մեր երկիր այցելած զբոսաշրջիկների աշխարհագրական բաշխվածության կառուցվածքը: Այսպիսով՝ ընդհանուր ժամանումների մեջ շուրջ 52,1%-ը կազմում են ԱՄՆ-ից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից այցելությունները, այնուհետև՝ ԱՊՀ և ԵՄ երկրներից՝ համապատասխանաբար 35,6% և 12,5%: Կենտրոնը տեղեկացնում է, որ Եվրոպական միությունից դեպի Հայաստան արձանագրվել է զբոսաշրջիկների հոսքերի նվազում՝ 5,6%, ԱՊՀ և այլ երկրներից՝ զբոսաշրջիկների քանակի աճ:
Հիմնվելով կենտրոնական բանկի՝ օրերս հրապարակած վճարային հաշվեկշռի առաջին եռամսյակի տվյալների վրա, նախաձեռնությունների կենտրոնն ընդգծում է, որ թեպետ աճել է ՀՀ այցելած զբոսաշրջիկների քանակը, սակայն նրանց կողմից մեր երկրում կատարված ծախսերը 2019 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են շուրջ 2,5%-ով:
«Փաստը» տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնից տեղեկանում է, որ զբոսաշրջիկների միջոցով երկիր մտած եկամուտների հավելաճի տեմպը զիջում է երկիր այցելած զբոսաշրջիկների հավելաճի տեմպին, ինչը, կենտրոնի փորձագետների խոսքով, փաստում է ոլորտում առավել համակարգված և արդյունավետ պետական քաղաքականության իրականացման անհրաժեշտության մասին:
Մասնավորապես՝ գերակա ոլորտ հայտարարված զբոսաշրջության զարգացման համար բյուջեից հատկացված միջոցները, որոնք հիմնականում ուղղված են մարքեթինգային քաղաքականության իրականացման և երկրի ճանաչելիության ու գրավչության բարձրացմանը, արդյունավետ չեն ծախսվում: 2018 թվականին պետական բյուջեից զբոսաշրջության ոլորտի հատկացումները 100 մլն ՀՀ դրամից աճել են 2,7 անգամ՝ կազմելով 272 մլն ՀՀ դրամ, որը չի ուղեկցվել շոշափելի արդյունքների արձանագրմամբ:
Բացի դա, այցելուների թվաքանակի մեջ շարունակում են մեծ տեսակարար կշիռ ունենալ սփյուռքահայերը, որոնք գերադասում են մնալ ավելի մատչելի հյուրանոցային տնտեսության օբյեկտներում կամ հարազատների և բարեկամների տանը: Անհրաժեշտ է թիրախային մարքեթինգային միջոցառումների իրականացման միջոցով ընդլայնել զբոսաշրջիկների ժամանման աշխարհագրական կառուցվածքը:
Միևնույն ժամանակ կարևոր է նաև զբոսաշրջիկներին առաջարկել զբոսաշրջա յին դիվերսիֆիկացված փաթեթ (գաստրո, էկո, արկածային, առողջարանային տուրիզմ և այլն), ինչը հնարավորություն կընձեռի ավելացնել զբոսաշրջիկների այցի տևողությունը՝ նպաստելով նրանց կողմից երկրում կատարվող ծախսերի ավելացմանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում