Կառավարման ճգնաժամ. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
Տարօրինակ կառավարություն ունենք, որը խոսում է միայն ձեռքբերումների մասին, ընդ որում՝ նույնիսկ նրանց, որոնք նախկինների աշխատանքի արդյունք են, սակայն պրոբլեմներն ու ակնհայտ ձախողումները տեսնում է միայն իրենից դուրս՝ վերագրելով անցյալի տխուր ժառանգությանը։
Ամենևին չեմ պնդում, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը լավ ժառանգություն է ստացել, սակայն նաև հեռու եմ այն մտքից, թե հեղափոխության թիմը եկել է կառավարելու փլատակների վրա՝ զրոյից սկսելով պետականաշինությունը կամ տնտեսության զարգացումը։
Օրինակ՝ Սևանա լճում իրավիճակը աղետալի բնույթ է կրում: Շրջակա միջավայրի նախարարությունն իշխանությունների վրայից պատասխանատվությունը գցելու ակնհայտ քաղաքականություն է վարում՝ թվարկելով օբյեկտիվ հանգամանքների, նախկինից ժառանգություն ստացած խնդիրների համախումբ ու դրանով բացատրելով Սևանա լճի ճգնաժամը։ Որևէ մեկը չի էլ ասում, որ նախկինում խնդիրներ չեն եղել, ու այսօրվա ֆորս-մաժորը բացառապես անցած մեկ տարվա հետևանք է։
Սակայն, եթե նույնիսկ ընդունենք, որ Սևանի պրոբլեմներն անցած տարիների հետևանք են, դա ամենևին էլ չի վերացնում գործող իշխանության պատասխանատվությունը, չի արդարացնում, մեղմ ասած, անգործությունը: Իշխանությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել՝ իրավիճակն արագ շտկելու և ճգնաժամը վերացնելու ուղղությամբ։
Պարզապես սարսափել կարելի է Սևանի կանաչ տեսքից։ Սա էկոլոգիական աղետ կարող է դառնալ շրջակա միջավայրի, տուրիզմի և առհասարակ՝ երկրի գյուղատնտեսության համար։
Կառավարությունը շարունակում է բավարարվել ընդհանուր բնույթի գնահատականներով, պատգամավորներից ոմանք խոսում են, ահազանգում են, սակայն չկան կոնկրետ լուծումներ, քայլեր։
Օրինակ՝ տարօրինակ է, որ այս հարցով խորհրդարանում չեն հրավիրվում լսումներ, կամ ԱԺ-ն չի փորձում ձևավորել հարթակներ, որոնց միջոցով փորձի արդյունավետ վերահսկողություն սահմանել գործադիր իշխանության կառույցների գործունեության նկատմամբ։ Նախօրեին էլ Արարատի մարզում տեղի ունեցավ ավտովթար՝ ողբերգական հետևանքներով։ Իհարկե, նման վթարներից ապահովագրված չէ ոչ մի երկիր, սակայն խնդիրն այն է, թե ինչպես են կառավարվում կամ չեզոքացվում նման ռիսկերը։
Պատահարը մի քանի ժամ շարունակ գտնվում էր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, իսկ իշխանությունն արձագանքեց շատ ուշ, երբ սոցիալական ցանցերում մեղադրանքներ հնչեցին «ժողովրդական» կառավարության անտարբերության թեմայով։
Տպավորություն է, որ երկրից վարչապետի բացակայության հետևանքով ամբողջ կառավարությունը պարալիզացված է։ Հայաստանի ճանապարհներին «սպանդի» մասին գրել եմ բազմիցս, սակայն՝ անօգուտ։
Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, ճանապարհային երթևեկության անվտանգության հայեցակարգ գոյություն չունի։ Ճանապարհները շարունակում են գտնվել ոչ բարվոք վիճակում, ՃՈ-ն, ըստ էության, չի բարեփոխվել, ինչի հետևանքով մեքենաների տեխզննման ու վարորդական իրավունքի ստացման գործընթացները հեռու են բավարար լինելուց։
Սակայն խնդիրը նաև գլոբալ համատեքստի մասին է, ինչը խանգարում է, որ կառավարությունը կարողանա օպերատիվ արձագանքել ֆորս-մաժորային իրավիճակներին՝ անկախ դրանց բնույթից։ Նիկոլ Փաշինյանի թիմը փողոցից պետական մակարդակ դեռևս չի տեղափոխվել։
Մեկ տարվա ընթացքում չի ձևավորվել կառավարման արդյունավետ համակարգ, ինչի հետևանքով ոչ միայն բացակայում են զարգացման հեռանկարային ծրագրերը, այլ նաև գոյություն չունի օպերատիվ կառավարում։ Մյուս կողմից՝ հեղափոխականությունն ազդում է ոչ միայն կառավարության գործունեության արդյունավետության վրա, այլ նաև «վերևից» պարտադրված «մշակույթ» է, որը յուրացվում է «դուխով» քաղաքացիների կողմից՝ նրանց մոտ զրոյացնելով հարգանքը իրավապահ մարմինների հանդեպ։ Երբ փողոցներում գետնին է հավասարեցված ՃՈ հեղինակությունը, ապա մահաբեր պատահարների պատճառները պետք է ավելի խորքային դիտարկել։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում