«Մշակույթը և գիտությունը հետին պլան են մղված». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
«Լեռնային պար» քանդակ, Ալեքսանդր Մանթաշյանի, Ավագ Պետրոսյանի, Անդրեյ Սախարովի հուշարձաններ: Սա քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Տիգրան Արզումանյանի աշխատանքների մի մասն է: «Փաստի» հետ զրույցում քանդակագործն անդրադառնում է հայաստանյան մշակութային կյանքի, երիտասարդների՝ արտերկրում բախտ որոնելու ցանկությանը և ոչ միայն:
Արզումանյանը մշակութային կյանքում առկա դժվարությունները կապում է երկրի տնտեսական վատ վիճակի հետ:
«Սարսափելի է, երբ ֆինանսական հարցերի պատճառով պետությունը չի կարող սատար կանգնել մեր մշակութային կյանքին: Իմ սերնդի մշակութային գործիչները, որոնք Խորհրդային Միության տարիներին են ապրել, երիտասարդ ժամանակ ինչ-որ օժանդակություն ստացել են՝ թե՛ ցուցահանդեսներ կազմակերպելու և դրանց մասնակցելու, թե՛ արվեստանոցների հարցում: Անկախության հռչակումից հետո օժանդակության հարցերն անտեսվեցին, հիմա, կարծես թե, երիտասարդներից ամեն մեկն իր գլխի ճարը տեսնում է, ամբողջ հույսը բարերարների բարեգործության վրա է», - ասում է քանդակագործը:
Նա բարձրաձայնում է մշակութային գործիչներին վերաբերող ևս մեկ խնդրի մասին: «Այն մարդը, որն իր ողջ կյանքում լինում է «ազատ» արվեստագետ, այսինքն՝ պետական որևէ հիմնարկում չի աշխատում, 65 տարեկանը լրանալուց հետո զրկվում է թոշակի հնարավորությունից:
Իմ սերնդի մարդիկ այն ժամանակ աշխատում էին, թոշակային ֆոնդին գումարներ փոխանցում, բայց 1990 թվականից՝ գեղարվեստի ֆոնդի քանդվելուց հետո հայտնվեցին «անգործի կարգավիճակում»: Ես այն ժամանակ պետությանը ահագին գումար եմ վճարել, բայց հիմա 36 000 դրամ թոշակ եմ ստանում: Կարծում եմ՝ այսօրվա դրությամբ դա բավական փոքր գումար է», - նշում է մեր զրուցակիցը:
Նա կարծում է, որ առաջիկա 1-2 տարվա ընթացքում դժվար թե որևէ փոփոխություն լինի: «Երկիրը նոր քայլեր է անում, մշակույթի մասով դեռ խոսակցություն չկա: Ավելի վատ՝ մշակույթի նախարարությունը ներառել են կրթության, գիտության նախարարության մեջ: Մշակույթի մասին ոչ մի կոնկրետ օրենք չկա», - ընդգծում է քանդակագործը:
Նա պնդում է՝ մշակույթը հզոր զենք է՝ մեր երկիրը դրսում ներկայացնելու համար:
«Մենք մշակութային երկիր ենք: Աշխարհը մեզ ճանաչում է որպես մշակութային երկիր: Այսօր, ցավոք սրտի, մշակույթը և գիտությունը հետին պլան են մղված: Կա՛մ մեր պետական այրերը մի օր կհասկանան դա, կա՛մ հասկանում են, սակայն հնարավորություններ դեռ չկան: Այս հարցին դժվար է պատասխանել: Բայց լուրջ քայլեր են պետք այս ոլորտում, քանի որ այսօր երիտասարդները հեռանում են, իրենց բախտը փորձում աշխարհի տարբեր ծայրերում:
Մենք դարեր շարունակ երկիր, պետականություն չունենալով, այնուամենայնիվ, ստեղծել ենք հարյուրավոր ճարտապետական կոթողներ, գրականության և գիտության գոհարներ: Նարեկացի ու Կոմիտաս ունենք, որոնք բարդ պայմաններում են ստեղծագործել: Այսօր արվեստի բոլոր՝ կինոյի, կերպարվեստի, գրականության, երաժշտության ասպարեզներում մեծ ճգնաժամ է: Աստված տա, որ դրանից շուտ դուրս գանք, որովհետև սերունդներ են դաստիարակվում: Չգիտեմ՝ նոր սերունդն ինչով կառաջնորդվի»,- ասում է Արզումանյանը՝ շեշտելով՝ տարբեր ոլորտներում որակական անկումը նկատելի է:
«Հանդիսատեսի մակարդակը շատ է իջել, պատճառը նաև այս հեռուստասերիալներն են: Կգա մի ժամանակ, երբ կհավասարվենք անտառաճանաչ ժողովուրդներին: Սա ցավալի է, բայց փաստ է: Մարդիկ պետք է որքան հնարավոր է շուտ գիտակցեն, որ մեր մշակույթը կարևոր է, այն աշխարհին ներկայանալու ամենակարևոր միջոցներից մեկն է», - եզրափակում է քանդակագործ Տիգրան Արզումանյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում