Ինչո՞ւ է իշխանությունը փակուղի ստեղծում. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ Քոչարյանին գրավով կալանքից ազատ արձակելու համար։ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն «Ազատությանը» փոխանցել է, որ այս միջնորդությունը հնարավոր կլինի քննել, երբ վերաքննիչ քրեական դատարանը գործի նյութերն ուղարկի առաջին ատյանի դատարան։
Ամբողջ խնդիրն այն է, որ վերաքննիչ որոշումներ կայացրած դատավոր Արմեն Դանիել յանի գրասենյակը նյութերը գոնե երեկ դեռ չէր ուղարկել առաջին ատյանի դատարան։ Վերաքննիչը սպասում է իր կայացրած որոշումների բողոքարկմանը, ինչից հետո արդեն, եթե վճռաբեկ բողոք ներկայացվի, գործի նյութերը կուղարկեն Վճռաբեկ դատարան։
Քոչարյանի պաշտպանները նման մոտեցումն ապօրինի են համարում ու վստահ են, որ խնդիր է դրված՝ Քոչարյանին հնարավորինս երկար պահել կալանքի տակ։ Պաշտպանները կարծում են, որ Քոչարյանի և մյուսների գործի նյութերը չպետք է ուղարկվեին վերաքննիչ դատարան, քանի որ Արմեն Դանիել յանը բուն գործը չէր քննում, և դատական պրակտիկայում ընդունված է, որ նման բողոքարկումների դեպքում առաջին ատյանի դատարանում բուն գործի քննությանը զուգահեռ այլ ատյաններում միջանկյալ բողոքներ են քննվում։
Իրավական տարընթերցումներն ու վեճերը թողնենք մասնագետներին, որոնցից յուրաքանչյուրը՝ ֆորմալիստական տեսանկյունից, պնդում է իր կարծիքի իրավացիությունը։ Մեզ ավելի հետաքրքրում է Մարտի 1-ի գործի շուրջ ստեղծված քաղաքական համատեքստը։
Ակնհայտ է, որ այս գործի դատաքննությունը հայտնվել է իրավական ապալեգիտիմության դաշտում, ու դրա պատճառն ամենևին էլ այն իրավական վեճերը չեն, որ ծավալվում են այս օրերին։ Փակուղին ունի ավելի խորքային պատճառներ, ինչի մասին գրել ենք նախորդիվ։
Բանն այն է, որ Մարտի 1-ի գործի դատավարական փակուղին ակնհայտ էր դեռ մայիսի 19-ին, երբ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ դատարանների մուտքերն արգելափակելու նախաձեռնությամբ ու հայտարարեց վեթթինգ իրականացնելու մասին։ Այս իմպուլսիվ քայլերով Փաշինյանը կասկածի տակ դրեց ոչ միայն դատական ռեֆորմի, այլ նաև Մարտի 1-ի գործի քննության լեգիտիմությունը։
Այս փաստն ապացուցվեց արդեն վերաքննիչ դատարանում, որտեղ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկումները տեղի ունեցան օրենքի ակնհայտ խախտումներով, ու դատավորը խորհրդակցական սենյակ մտավ՝ առանց պաշտպանական կողմի կարծիքը լսելու։ Սրանից հետո ակնհայտ էր, որ դատավորի ցանկացած որոշում լինելու է իրավական դաշտից դուրս՝ անկախ դրա բովանդակությունից։
Առհասարակ՝ տպավորություն է ստեղծվում, որ իշխանությանն առավելապես հետաքրքրում է ոչ թե Մարտի 1-ի գործի լրիվ ու համակողմանի բացահայտումը, այլ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը։
Այս խնդիրն իշխանությունը գոնե այս փուլում լուծել է ու թերևս դժվար է ակնկալել, որ Մարտի 1-ի դատաքննությունն արագ վերսկսվելու է։ Այս կերպ մտածելու համար ունենք մի քանի հիմնավոր պատճառներ։
Նախ՝ գործն, ըստ ամենայնի, մեղմ ասած, ոչ այնքան պրոֆեսիոնալ նախաքննության հետևանք է, ու իշխանությունները զգուշանում են, որ բաց լսումների ընթացքում կարող են լինել հետաքրքիր «բացահայտումներ», մանավանդ, որ երկրորդ նախագահի պաշտպանական թիմը բաղկացած է չափազանց պրոֆեսիոնալներից ու հեշտությամբ բացահայտում է ՀՔԾ-ի ու դատախազության վրիպումները։
Մյուս կողմից՝ դատախազությունը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանին, ու թերևս իշխանությունները մտածում են, որ իրենց առաջնահերթ խնդիրը ոչ թե դատավարությունը վերսկսելն է, այլ առաջին հերթին «անցանկալի» դատավորից ազատվելը։ Իսկ դրա համար որոշակի ժամանակ է պետք։
Եվ վերջապես՝ Քոչարյանի գործոնը կարևոր հանգամանք է հայ-ռուսական հարաբերություններում, և Նիկոլ Փաշինյանի թիմը փորձում է դատավարական պաուզան օգտագործել՝ Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով։
Սակայն, գլոբալ առումով, ցավալի է, որ Մարտի 1-ի գործը հերթական անգամ դարձել է քաղաքական կոնյուկտուրայի պատանդ՝ այդպես էլ գոնե չմոտենալով վերջնական հանգուցալուծման։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում