Սելֆիներ, հյուրասիրություն, իսկ ներդրումնե՞րը.... «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը Վիետնամ ու Սինգապուր էր մեկնել փողի հետևից։ Տնտեսական հեղափոխության մասին արվել են բարձրագոչ հայտարարություններ, սակայն դրանք չեն ամրապնդվում կոնկրետ գործերով, տնտեսական աճով, ներդրումներով։ Պատահական չէ, որ օֆիցիոզ քարոզչամեքենան վարչապետի՝ հատկապես սինգապուրյան այցի շուրջ ստեղծել է ներդրումային աժիոտաժ, սպասում։ Սակայն իրատես լինենք ու չտրվենք ավելորդ սպասումների՝ Հայաստանի և Սինգապուրի միջև առևտրաշրջանառությունը շատ փոքր է. անցած տարի Հայաստանը Սինգապուրից ներմուծել է ընդամենը 1,5 միլիոն դոլարի, իսկ արտահանել 700 հազար դոլարի ապրանք:
Պարզ չէ, թե կոնկրետ ինչու սինգապուրցի գործարարները պետք է իրենց փողերը ներդնեն Հայաստանում, մանավանդ, որ մեր երկրի ղեկավարից լսում են միայն գեղեցիկ խոսքեր, հեղափոխության ֆետիշացում, լավագույն դեպքում՝ ընդհանուր ձևակերպումներ։
Սինգապուրը «տնտեսական մեծ հրաշքի» հեղինակն է ու բոլորից լավ գիտի, թե ինչպես է խրախուսվում ներդրումային քաղաքականությունը։ Կոռուպցիայի դեմ պայքարը բավարար չէ, մանավանդ, որ դա չի ամրապնդվում կոնկրետ օրենսդրական փոփոխություններով, որոնք կվերացնեն օրենսդրական տարընթերցումները, երկիմաստությունները։
Ավելին՝ եթե հակակոռուպցիոն պայքարը չի ամրապնդվում տնտեսական ներառական քաղաքականությամբ, ապա դրա արդյունավետությունը հասնում է նվազագույնի՝ հետևանքների առումով
Ներդրումների համար դատական անկախ համակարգի ստեղծումը կարևոր նախապայման է, սակայն Սինգապուրում դարձյալ գիտեն, թե որն է որակյալ արդարադատություն ստեղծելու արդյունավետ ճանապարհը։ Միայն վեթթինգը կամ անցումային արդարադատության գործիքներն իրավիճակը չեն շտկելու, եթե դատավորի աշխատանքը գրավիչ չէ որակյալ իրավաբանների համար։ Իսկ այդպիսին կարող է դառնալ, եթե շեշտակի բարձրացվի դատավորների աշխատավարձը։
Մի բան, որն արվել է Սինգապուրում, որովհետև նրա իշխանությունները կարողացել են ոչ միայն պատժել կոռուպցիոներներին, այլ նաև ներդրումային բում ապահովել ու աշխատատեղեր ստեղծել։ Նիկոլ Փաշինյանը նույնպես խոսում է դատավորների աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտության մասին, սակայն դա մնում է ցանկություն, որովհետև Հայաստանի տնտեսական հնարավորությունները, մեղմ ասած, հեղափոխական լուծումների հնարավորություն չեն ստեղծում։
Այս իրավիճակում Սինգապուրից մնալու են միայն հաճելի հուշեր, սելֆիներ, հյուրասիրություն, գուցե նաև՝ ներդրումների խոստումներ, եթե, իհարկե, Հայաստանի կառավարությունն ապացուցի, որ կարող է իրական գործ անել՝ հեղափոխությունն արտերկրում ֆետիշացնելուց բացի։
«Արմենբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը կարծում է, որ առաջին հերթին պետք է ցուցակագրում անել և հասկանալ, թե ովքեր են մեր ներդրողները: Մեր ներդրողների մի մասը տեղացիներն են, երկրորդը` սփյուռքի ներկայացուցիչներ, երրորդը՝ մաքուր օտարերկրյա ներդրողներ, որոնք չունեն հայկական ծագում, արմատներ և էմոցիաներ, և չորրորդը օտարերկրյա ինստիտուտներն են: Այդ չորս ուղղություններով պետք է իդենտիֆիկացնել և գտնել ճանապարհ` նրանց հետ շփվելու: Երբ արդեն այդ շփումը կա, դա պետք է կազմակերպել և իրականության վերածել, իսկ այդ երեք գործընթացների մեջ էլ կառավարությունը թերանում է։
Սակայն Հայաստանի ներկա կառավարությունը սովոր չէ լսել մասնագետների կարծիքները, ու դժվար է ակնկալել, որ Փաշինյանին ինչ-որ բան հուշել են անգամ սինգապուրյան փորձն ու դասերը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում