Բանակցային գործընթացը կարող է ձգվել ոչ մեկ ամիս
International newsritmeurasia.org-ը «Ռուսական գազի գնի ի՞նչ դինամիկա կարող է սպասել Հայաստանը» վերնագրով հոդվածում գրում է, որ ԵԱՏՄ-ում նավթագազային հարաբերությունները հանդիսանում են հիմնաքարայիններից: Այդ միությունում, բացի Ռուսաստանից և Ղազախստանից, ոչ մի այլ երկիր չի կարող ապահովել իրեն սեփական ածխաջրատներով, որն էլ հենց կանխորոշում է այդ պրոբլեմի կարևորությունը:
Ընդ որում, ինչպես ցույց են տալիս վերջին իրադարձությունները, նավթագազային համագործակցությունում անհամաձայնություններ են ծագում հիմնականում Մոսկվա-Մինսկ-Երևան եռանկյունում: Ներկայիս ռուս-հայկական էներգակիրների մատակարարման հարաբերությունները և առաջին հերթին գազի հարցը շարունակում են բավականին առանձնահատուկ մնալ: Նշենք, որ Հայաստանը ներկայումս Ռուսաստանից գազ է ստանում տարածաշրջանային ամենացածր գնով, ընդ որում, երկրի գազաբաշխիչ ներքին ցանցը սպասարկող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունն է: Այս տարի հայ-ռուսական գազային պայմանագրի ավարտից հետո Երևանը ցանկանում էր էլ ավելի էժան գազ ստանալ:
Սակայն հարց է ծագում, թե ինչո՞ւ Մոսկվան, դա կատարելով, փաստացի պետք է սուբսիդավորի հայկական տնտեսությունը: Այնուամենայնիվ, Ռուսաստանը, հաշվի առնելով Հայաստանի հետ իր դաշնակցային հարաբերությունները, որոշեց աննշան բարձրացնել գազի գինը՝ 150-ից հասցնելով 165 դոլարի խորանարդ մետրի համար: Ընդ որում, այստեղ անգամ հաշվի չի առնվել ռուսական գազի բարձր կալորիականությունը: Սակայն հավանաբար Հայաստանի կառավարությունը այլ կարծիքի է:
Նրանք հայտարարել են, որ ներքին սպառողին տրվող գազի գինը բարձր է (290 դոլար խորանարդ մետրի համար), և կտրուկ հրաժարվել են սուբսիդավորել այդ գինը երկրի ներսում: Տարվա սկզբից այս գնային տարբերությունը փակում է «Գազպրոմ Արմենիան» իր ներքին միջոցների և մասնավորապես 13 մասնաճյուղերի աշխատակիցների թվի օպտիմալացման հաշվին:
Սակայն Հայաստանի կառավարությունը որոշել է ավելի հեռուն գնալ և ստիպել Մոսկվային՝ նոր զիջումների գնալ, իսկ դրան հասնելու համար անգամ տուգանել է «Գազպրոմ Արմենիային»՝ համարելով, որ ընկերությունը օգտագործած գազը դուրս է գրել ներքին ցանցում տեխնիկական կորուստներ ներկայացնելով և, համապատասխանաբար, քիչ հարկեր է մուծել: Ընդ որում, ԵԱՏՄ-ում միասնական գազի շուկայի ձևավորման չլուծված խնդիրը իր հերթին է յուղ լցնում կրակի վրա:
Բանն այն է, որ պաշտոնապես այն պետք է աշխատի 2025 թվականից: Այսինքն, այդ ժամանակից «Գազպրոմին» հավասարաչափ շահավետ կլինի գազը Ռուսաստանին կամ Հայաստանին վաճառելը: Այնուամենայնիվ, փորձագետների մեծամասնությունը հակված է այն կարծիքին, որ այդ շուկան հավանաբար չի ձևավորվի որոշված ժամկետում, քանի որ կողմերը դեռևս չեն հասել բազմաթիվ հարցերի շուրջ ընդհանուր կարծիքի: Օրինակ, պարզ չէ ԵԱՏՄ-ում գազի գինը որոշելու բանաձևը: Նախատեսված է կա՛մ գնալ շուկայական գնագոյացման, այսինքն՝ վաճառքի ֆոնդային բորսայի միջոցով, կա՛մ էլ համաձայնեցնել սակագները միության երկրների հակամենաշնորհային մարմինների միջոցով:
Ճիշտ է, հարկ է նշել, որ շուկայական գնագոյացումը չի բավարարի այն երկրներին, որոնք գազ են ստանում Ռուսաստանից, քանի որ դա կարող է բարձրացնել գինը: Երևանում, ինչպես նաև Մինսկում կարծում են, որ գները չպետք է աճեն և պետք է լինեն Ռուսաստանի ներքին գնի մակարդակին: Մի խոսքով, ԵԱՏՄ-ում ոչ ոք չի կարող հստակ ասել, թե երբ կմշակվի գազի գնային այնպիսի համակարգ, որը կբավարարի բոլորին:
Միասնական գազային շուկայի 2025 թվականից գործելու համոզվածության բացակայության պայմաններում, Հայաստանի ղեկավարությունը ստիպված է ավելի ակտիվ միջոցներ ձեռնարկել կապույտ վառելիքի հիմնական մատակարարի նկատմամբ:
Միևնույն ժամանակ, չպետք է մոռանալ Նիկոլ Փաշինյանի քաղաքական դրդապատճառների մասին, որի վարկանիշը աստիճանաբար սկսել է նվազել: «Հեղափոխությունից» հետո անցած ժամանակահատվածում նրա կառավարությունը չի կարողացել որևէ բան անել տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ: Ավելին, գազի գնի հետ կապված իրադրությունում Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է նրան, որ վաղ թե ուշ ներքին սակագները կսկսեն աճել, ինչն էլ ավարտին կհասցնի հայկական արդյունաբերության մնացորդների փոշիացումը՝ առաջացնելով սոցիալական լարվածության աճ:
Չհասկանալ այս ամենը Երևանում չեն կարող: Սակայն այսօր երկրի նոր ղեկավարությունը ի վիճակի չէ որևէ բան առաջարկել Ռուսաստանին: Ընդ որում, չնայած Մոսկվայի հետ բարեկամական հարաբերությունների պահպանման մասին Փաշինյանի խոսքերին, Կրեմլը բավականին զգուշավոր է վերաբերվում Երևանից հնչող խոսքերին:
Ռուսաստանում հիշում են, որ նոր վարչապետը եղել է երկրի զարգացման արևմտյան ուղղության կողմնակից և խստորեն քննադատել է Ռուսաստանին: Ընդ որում, հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը որոշակիորեն բարդացրել է հայ-ռուսական հարաբերությունները: Մոսկվան բավական ցավալի է ընդունում այն մարդկանց քաղաքական հետապնդումները, որոնց համարում է իր դաշնակիցներ:
Միևնույն ժամանակ, այսօր Երևանը Մոսկվայի վրա ազդելու լրացուցիչ գործիքակազմ չունի, ինչը միայն էլ ավելի է վատթարացնում Փաշինյանի բանակցային դիրքերը: Ի վերջո, պետք է նշել, որ Երևանի և Մոսկվայի միջև գազի գնի վերաբերյալ ընթացող բանակցային գործընթացը կարող է ձգվել ոչ մեկ ամիս, և դա՝ անկախ նրանից, թե ինչքան է հայկական կողմը ցանկանում արագացնել այդ գործընթացը: Երևանը պետք է հաշվի առնի Մոսկվայի դերը ոչ միայն տնտեսական և քաղաքական կյանքում, այլ նաև այն վտանգների համատեքստում, որոնք առկա են Ադրբեջանի հետ շարունակվող հակամարտության պայմաններում:
Թվում է, թե դա հենց այն է, ինչը Փաշինյանին հետ է պահում բանակցություններում կտրուկ քայլեր կատարելուց և ստիպում խաղալ այն կանոններով, որոնք ընդունված են ԵԱՏՄ-ում:
Կամո Խաչիկյան