Իրանում սկսվել է դատավարությունը կնոջ սպանության մեջ մեղադրվող Թեհրանի նախկին քաղաքապետի դեմ
International newsՇաբաթ Թեհրանում սկսվել է Իրանի մայրաքաղաքի նախկին քաղաքապետ Մոհամմեդ Ալի Նաջաֆիի գործով դատավարությունը, որը խոստովանել է իր կնոջ սպանությունը, հայտնում է Tasnim-ը:
Նաջաֆին, որն առաջին անգամ դատարանի առաջ է կանգնել շաբաթ առավոտյան, մեղադրվում է իր կնոջ՝ Միթրա Օսթադին հրացանով սպանելու մեջ:
Կնոջը Թեհրանի իր տանը մահացած էին գտել մայիսի 28-ին: Նա մահացու հրազենային վնասվածք էր ստացել կրծքավանդակին:
Մի քանի ժամ անց քաղաքապետը կամավոր ներկայացել էր քրեական ոստիկանություն եւ խոստովանել կատարած սպանությունը:
Նա հայտարարել էր, որ սպանության պատճառը ընտանեկան խնդիրներն էին:
67-ամյա Նաջաֆին Թեհրանի քաղաքապետ էր ընտրվել 2017 թվականի օգոստոսին, սակայն 2018-ի ապրիլին հրաժարական էր ներկայացրել առողջական խնդիրների պատճառով:
Անցյալում Նաջաֆին եղել է նաեւ երկրի կրթության նախարարը եւ բարձրագույն կրթության նախարարը: