Վենետիկի հանձնաժողովի ծանր դասերը. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
Որոշ ժամանակ առաջ շրջանառվեց Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությունից մի հատված, ուր նշվում էր, որ «Հանձնաժողովը լիազորեց հանձնաժողովի նախագահին՝ հետևել Սահմանադրական դատարանի (Հայաստանի-խմբ.) հետ կապված իրավիճակի զարգացմանը և, նպատակահարմարության դեպքում, հանդես գալ հրապարակային հայտարարությամբ»:
Ընդամենը: Սակայն երեկ պարզվեց, որ այսքանը չէ. իրականում Վենետիկի հանձնաժողովը բավականին ուշագրավ դիտարկումներ է կատարել, որոնք վերաբերում են հայաստանյան իրադարձություններին:
Նախ, անդրադառնալով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշումից հետո վարչապետ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու կոչին, դատական համակարգի նորացման մասին հայտարարությանը, հանձնաժողովն արձանագրել է, որ «Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությունը՝ Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերի գլխավոր տնօրենի գլխավորությամբ և Վենետիկի հանձնաժողովի քարտուղարի մասնակցությամբ, այցելել է Հայաստան՝ քննարկելու դատական համակարգում բարեփոխումները։
Քննարկումների արդյունքում կողմերը եկել են համաձայնության, որ գործող դատավորներին համընդհանուր վեթինգի ենթարկելը չի կարող լինել ո՛չ անհրաժեշտ, ո՛չ էլ օգտակար»։
Սա ինքնին հետաքրքիր է, քանզի իշխանությունները պարբերաբար խոսում են վեթթինգի անհրաժեշտության մասին այն պարագայում, երբ, ըստ հանձնաժողվի, իշխանություններն էլ են ընդունել «ո՛չ անհրաժեշտ, ո՛չ էլ օգտակար»:
Վենետիկի հանձնաժողովը վերջակետ է դրել նաև Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի, մասնավորաբար ՍԴ «անդամ»-ՍԴ «դատավոր» եզրույթների, դրա վերաբերյալ տարաբնույթ շահարկումների հարցերին ու ՍԴ դատավոր, բայց ինքն իրեն ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանի հայտարարություններին:
«Փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը հստակ և աներկբա սահմանում է, որ Սահմանադրական դատարանի՝ մինչև 2015թ. փոփոխություններն ուժի մեջ մտնելն ընտրված նախագահը և անդամները կշարունակեն պաշտոնավարել մինչև իրենց պաշտոնավարման՝ 2005թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը»,-նշված է հանձնաժողովի հայտարարության մեջ։
Այստեղ ուշագրավ են «հստակ» ու «աներկբա» բառերը, որոնցով, փաստացի, ապացուցվում են Վահե Գրիգորյանի ու նրան պաշտպանողների՝ բացառապես քաղաքական հայտարարությունները, որոնք հեռու են իրավաբանությունից: Ի դեպ, այս ամբողջ ընթացքում այս մասին հայտարարում էր նաև իրավաբանական հանրության գերակշիռ մասը:
Ի դեպ, անկարևոր չէ նշել Վենետիկի հանձնաժողովի անհանգստությունը, «որ դատավորի նման հայտարարությունը Ազգային ժողովում ընդունվել է ծափահարություններով, և կարող է առաջանալ գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության վտանգ»։
Անկեղծ լինենք՝ այս մասին էլ է խոսվել ոչ մեկ անգամ՝ նկատելով, որ գործադիր իշխանության կողմից, ինչպես նաև օրենսդիր իշխանության մեծամասնություն կազմող ուժի կողմից փորձեր են արվում ուղղակի ճնշումների ենթարկել դատական համակարգը, այդ թվում՝ Սահմանադրական դատարանը: Ստացվում է, որ Վենետիկի հանձնաժողովը ևս անհանգստացած է այն փաստով, որ ներկայիս իշխանությունները ջանք չեն խնայում ունենալ գրպանային, հլու-հնազանդ դատական համակարգ:
Հիմա արդեն հասկանալի է, թե ինչու էին հետևողականորեն լռում այս արձանագրության գոյության մասին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում