«Հետևանքների մասին պետք է նախօրոք մտածել, ոչ թե հետո, երբ կուղղվի «վագոնը գնացել է, բայց ընթացքում կարո՞ղ ենք թռչել» հարցը». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Բազմիցս է խոսվել այն մասին, որ իշխանությունն իրեն ուղղված քննադատությանը, որոշ ուղղությունների վերաբերյալ գնահատականները մեկնաբանել է բացառապես «հակահեղափոխական» շղարշի ներքո՝ որևէ կերպ չընդունելով դրանք: Սա, համենայն դեպս, մինչ երեկ վերաբերում էր ներքին դաշտին, բայց որոշ զարգացումներ փաստեցին, որ գրեթե նույն վերաբերմունքը նաև տարածվում է անգամ միջազգային հայտնի կառույցի վրա, ինչի պարագայում ևս դոմինանտ է դառնում «մուննաթը», ինչն էլ համեմվում է կառույցի ստորադասմամբ, ինչպես նաև ապատեղեկատվության տարածման մեղադրանքներով:
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի դիտարկմամբ՝ տրամաբանությունը բավականին պարզ է: «Երբ երկրի ներսից էին քննադատում հեղափոխականներին, նրանք մտածում էին, թե նախկիններն իրենց նախանձում են, ռևանշի ցանկությամբ են ապրում: Իսկ երբ նման արձագանք է լինում միջազգային մակարդակով, երբ Վենետիկի հանձնաժողովը փաստացի քննադատում է ու արգելում ինչ-որ «վեթթինգ-մեթթինգներ» մտցնել, մտածելու տեղիք է տալիս:
Փաստացի, Վենետիկի հանձնաժողովը բարձրաձայնեց այն մասին, ինչի մասին արդեն տևական ժամանակ խոսում են Հայաստանում: Ասաց, որ իշխանություններն ընդհանրապես չպետք է զբաղվեն իշխանությամբ, եթե նրանք պարզ, պրիմիտիվ բաներ չեն հասկանում: Ի վերջո՝ հեղափոխությունը, փողոցը վերջացել է, և պետք է վերադառնալ սահմանադրական կարգերին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Ս. Շաքարյանցը իշխանության նման վերաբերմունքն ու արձագանքները նաև ներքին մի շարք խնդիրներով է պայմանավորում, որոնցից մեկը իշխանության վարկանիշի անկումն է: «Ամբողջ վրդովմունքը այդ ամենից է գալիս ու հասնում մի աստիճանի, երբ փորձ է արվում քննադատել Վենետիկի հանձնաժողովին, ասվում է, թե իբրև Եվրոպայում չեն հասկանում, թե Հայաստանում ինչ է կատարվել:
Ի դեպ՝ սխալվում են: Եվրոպայում շատ լավ գիտեն, թե ինչ է այստեղ կատարվում: Դեսպաններն այստեղ են, իսկ նրանք անընդհատ զեկուցում են այդ մասին: Ամեն շաբաթ զեկուցագրեր են գրվում, ամեն շաբաթ գրվում է, որ Հայաստանում հակասահմանադրական երևույթներ են տեղի ունենում: Եվրոպայում այս ամենը շատ լավ են հասկանում, չեն հասկանում փողոցից իշխանության եկածները ու չեն էլ կարող, որովհետև դրա համար խելք է պետք:
Հեռանկարային պետք է մտածել, բայց հեռանկարային մտածելու խնդիր էլ կա: Մեծ հաշվով, իշխանություններին բարձր մակարդակով ահազանգ է եղել: Գնահատականը տրված է, գնացեք ու համակերպվեք այդ գնահատականների հետ, նաև փոխվեք, ուրիշ ճար չկա»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այլևս ոչ ոքի ոչ մի խոստմամբ հնարավոր չէ խաբել:
«Թե ինչ նախազգուշացումներ կլինեն հետագայում, չեմ կարող ասել, բայց կարևոր է ուշադրություն դարձնել մեր ներքին իրավիճակին: Օրինակ, այն իրավիճակին, երբ փաստացի գնաճ կա, ու աշխատավարձ, թոշակ բարձրացնելը չի փրկի, մարդկանց բերանը նման քայլերով հնարավոր չի լինի փակել: Կարող ենք պատկերացնել, թե ինչ կարելի է սպասել կես տարի հետո: Այս ամենի հետևանքների մասին պետք է նախօրոք մտածել, ոչ թե հետո, երբ կուղղվի «վագոնը գնացել է, բայց ընթացքում կարո՞ղ ենք թռչել» հարցը:
Այս ամենի համատեքստում անհասկանալի է նաև այն, երբ փորձում են ինչ-որ ազնիվ աշխատանքի մասին խոսել: Ազնիվ աշխատելը ո՞րն է, ամեն ամիս կամ եռամսյակը մեկ պարգևատրումնե՞րը, դա՞ է ազնիվ աշխատանքը: Ընդհանուր առմամբ, հիմա դժգոհությունները շատ են, որի ծանրակշիռ հարվածը իշխանությունները կստանան: Մի տարին վճռորոշ էր Նիկոլ Փաշինյանի և իր կողմնակիցների համար, բայց իրենք քննությունը չեն հանձնել: Օդի մեջ կախված հարցեր կային դեռ մեկ տարի առաջ, որոնք այսօր ևս առկա են:
Իսկ մարդկանց մի մասն այլևս 2018թ. ապրիլի ուղեղներով չի մտածում»,- ընդգծեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ մի շարք գործընթացներ, հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում, ստիպում են եզրակացնել, որ այսօրվա իշխանությունն են ամբողջովին անջատվել են իրականությունից:
«Բացարձակ հաշվի չեն նստում այդ իրականության հետ: Իսկ հատկապես արտաքին քաղաքականությունը այլ մակարդակ է պահանջում, այնտեղ չես կարող ասել՝ մի երկու ոչխար ավել տվեք: Այստեղ գյուղ ղեկավարելուց շատ ավելի բարձր կառավարման մակարդակ է պահանջվում: Դուք եկել եք կառավարություն, եկել եք միջազգային ոլորտ, քաղաքական մեծ ասպարեզ, բայց ուզում եք ապրել «գյուղական» մեթոդներով: Այդպես չի լինում՝ դուք գյուղապետ չեք: Այդ մեծ քաղաքականության մեջ ձեր ուզածը չի լինելու՝ ամեն ինչ փոխադարձ գործընթաց է ենթադրում:
Այստեղ «ես՝ քեզ, դու՝ ինձ» ձևաչափն է: Առհասարակ «ես քեզ»-ը պետք է ի մի բերել, բայց ի մի բերելու ունակություն էլ չունեն, ինչի մասին վկայում են, օրինակ՝ «Վենետիկի հանձնաժողովն ինչ-որ բան վատ է պատկերացնում» կամ «վայ, սրանք չգիտեն՝ Հայաստանում ի՞նչ է եղել» մակարդակի հայտարարությունները: Իսկ Եվրոպայում, ինչպես արդեն շեշտել էի, շատ լավ էլ հասկանում են, ավելի շատ, քան Հայաստանի բնակիչները: Արտասահմանում ում որ պետք է՝ հասկանում է: Մեծ հաշվով, պետք է սկսել մտածել այն մասին, որ վաղը չէ մյուս օրը հետաձգելի պահի հնարավորություն այլևս չի լինելու: Համբերության բաժակը լցվելու է: Գալու է պահ, երբ ոչ ոք ոչնչի չի սպասելու, երբ կլինեն պահանջներ արդեն ոչ թե չորս, այլ հինգ կողմից: Իսկ հինգերորդը կլինի ներքին հատվածը՝ ըմբոստության համատեքստում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում