Թուրքիան արձագանքել է իր դեմ կիրառվելիք ԵՄ-ի պատժամիջոցների որոշմանը
International newsԹուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի՝ պատժամիջոցների մասին կայացրած որոշումը ոչ մի կերպ չի ազդելու Միջերկրական ծովի արևելյան շրջաններում՝ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, իրականացվող հորատման աշխատանքների վրա:
Վկայակոչելով թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը՝ այս մասին Թուրքիայի ԱԳՆ-ը հրապարակել է գրավոր հայտարարություն:
«ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի հրապարակած որոշման մեջ չի նշվում, որ Կիպրոս կղզու բնական ռեսուրսների նկատմամբ Կիպրոսի թուրքերը հույներին հավասար իրավունքներ ունեն: Այս առումով ԵՄ-ն անկողմնակալ չի գտնվել»,- նշված է հայտարարության մեջ:
Հայտարարությամբ նաև ասվում է, որ Կիպրոսի հարցը մինչ օրս չի լուծվել, քանի որ Կիպրոսի հույները 1963 թվականից այս կողմ չեն ճանաչում Կիպրոսի թուրքերի հետ քաղաքական հավասարություն ունենալու հանգամանքը:
«Այս հարցի շուրջ լուծում հնարավոր կլինի գտնել միայն Կիպրոսի թուրքերի իրավունքների պահպանումը երաշխավորելու պայմաններում, երբ ԵՄ-ն ընդունի, որ Կիպրոսի թուրքերը կղզու նկատմամբ ունեն հույներին հավասար իրավունքներ,- գրված է հայտարարության մեջ:
Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում հորատման աշխատանքները սկսվել էին դեռ ավելի վաղ: Թուրքիայի՝ հորատման աշխատանքներ իրականացնող առաջին նավը՝ Ֆաթիհը, դեռ մայիսին հորատման աշխատանքներ էր սկսել Կիպրոսի արևմտյան շրջաններում: Իսկ երկրորդ նավը՝ Յավուզը, հուլիսի 8-ի գիշերը հասել էր կղզու հյուսիսարևելյան ափերին:
Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում իրականացվող հորատման աշխատանքները շարունակելու հետ կապված ԵՄ-ն հուլիսի 15-ին հրապարակել է Թուրքիայի դեմ իրականացվելիք պատժամիջոցները: Հիմնավորում է հանդիսացել այն փաստը, որ Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքները հակասում են միջազգային իրավունքի նորմերին: