«Ափալ-թափալ» փոփոխություններ՝ մտահոգիչ թե՛ հակակոռուպցիոն պայքարի, թե՛ նաև լավ կառավարման տեսանկյունից. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակում կան մի շարք գործընթացներ, որոնք մասնագիտական ու հասարակական հատվածը խնդրահարույց է որակում:
Առաջին խնդիրը կապված է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի հետ, որն ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է: Խնդրահարույց դրույթների շարքում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թեկնածուների ընտրության մրցութային նոր կարգը:
Ըստ փոփոխությունների՝ թեկնածուներին առաջադրելու է իշխող ուժը՝ առանց մրցույթի:
Հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը նախ շեշտում է՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը, որը ընդունվել էր դեռ նախորդ իշխանությունների օրոք, լավագույն մոդելն ու լավագույն ձևաչափը չէր:
«Բայց, ամեն դեպքում, հիմնական միտքն այն էր, որ մրցութային խումբ կձևավորվի, ինչի արդյունքում, անցնելով մրցութային խողովակով, կընտրվեն հանձնաժողովի հինգ անդամները: Հանձնաժողովը պետք է ձևավորված լիներ ավելի քան մեկ տարի առաջ, բայց հեղափոխությունը ձգձգեց այն:
Այնուհետև այդ մարմնի ձևավորման ընթացակարգում նաև մրցութային կարգի վերաբերյալ փոփոխություն եղավ, քանի որ համարվել էր, թե նախկինում ընդունված մրցութային եղանակն արդյունավետ չէ:
Այլ տարբերակ ընդունվեց, որը միանշանակ հարցեր է առաջացնում այդ մարմնի անկախության առումով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Մ. Ատովմյանը:
Հաշվի առնելով, որ վերոնշյալ փոփոխությունները հանրային քննարկման չեն դրվել՝ Մարատ Ատովմյանը շեշտեց. «Ինքնին մտահոգիչ է այդ մոտեցումը:
Փաստորեն, լրջագույն քայլերը ձեռնարկվում են առանց հասարակական, հանրային քննարկման և առանց մասնագիտական ներգրավման:
Կարելի է ասել, որ այս փոփոխությունները եղան շատ արագ, «ափալ-թափալ», ինչը, իհարկե, անընդունելի և մտահոգիչ է թե՛ հակակոռուպցիոն պայքարի, թե՛ լավ կառավարման, թե՛ բարեխիղճ աշխատանքի տեսանկյունից»:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ իշխանությունների հայտարարություններին, մյուս կողմից՝ դրանց զուգահեռ խնդրահարույց փոփոխություններին, Մարատ Ատովմյանը խնդիրները դիտարկեց ավելի լայն պրիզմայով:
«Բացի վերոնշյալ փոփոխություններից, վերջերս բավականին հապճեպ ձևավորվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը, որը հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մաս է հանդիսանում: Բացի այդ, հիմա քննարկման փուլում է 2019-2022թթ. հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի նախագիծը, նախատեսվում է նաև ստեղծել հակակոռուպցիոն դատարան և կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտե:
Ընդհանուր առմամբ, նախատեսված է ստեղծել մի քանի օղակ, որոնք իրենց հանրագումարում կձևավորեն Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգը:
Բայց խնդիրն այն է, որ այդ պարագայում կրկին ապակենտրոնացված մոդել է ստացվելու, ինչն ավանդաբար ենք ունեցել, և որն անարդյունավետ է եղել: Դրա համար ավելի ճիշտ է ձևավորել ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին, որն իր մեջ կմիավորի կոռուպցիայի դեմ պայքարի երեք ուղղությունները՝ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը, հակակոռուպցիոն կրթությունը և կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմները:
Ներկայիս կառավարութունը ևս դեռ պատրաստ չէ նման լուծման գնալ: Թե՛ նախորդ կառավարության ժամանակ, թե՛ հիմա նախապատվությունը տալիս են ապակենտրոնացված համակարգին, որն, ըստ իս, արդյունավետ չի լինի»,- ասաց մեր զրուցակիցը:
Մարատ Ատովմյանը շեշտեց՝ դեռ տարիներ առաջ էին բարձրաձայնել այն մասին, որ խորհուրդներ ձևավորելու վրա պետք չէ ժամանակ ծախսել.
«Ասում էինք՝ եկե՛ք կենտրոնանանք ու պրոֆեսիոնալ մարմին ստեղծենք:
Այն ժամանակ ասացին՝ պետք չէ, պետք է աստիճանաբար գնանք դրան: Արդյունքում կորցրեցինք տարիներ: Եվ հիմա, փոխանակ նստենք ու բազմակողմանի քննարկում անենք, ինչի արդյունքում հայկական մոդել կձևավորվի, «ափալ-թափալ» ձևաչափով փորձում ենք հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ ձևավորել: Այս առումով հիմնական մտավախությունն այն է, որ պարզապես ժամանակ ենք կորցնելու՝ չհասնելով ցանկալի արդյունքի»:
Վերոնշյալ օրենքում կատարված փոփոխություններից զատ, հակակոռուպցիոն փորձագետի դիտարկմամբ, հարցեր է առաջացնում նաև հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հապճեպ ձևավորումը. «Նախկինում մի քանի տարի գործել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, բայց հեղափոխությունից հետո որևէ նիստ չէր եղել: Ավելի քան մեկ տարի է՝ կար խոսակցություն, որ նշված խորհուրդը, որը ղեկավարում էր վարչապետը, կլուծարվի:
Բայց հանկարծ տեսնում ենք, որ շատ անսպասելիորեն նոր խորհուրդ է ձևավորվում՝ հին նորմատիվային բազայի կառուցվածքի հիման վրա, բայց հիմնական դերակատարները, որոնք նախկինում իրենց տեղն ունեին այդ խորհրդում, զարմանալիորեն դուրս են մնացել խորհրդից:
Եվ որևէ տեղեկատվություն չի հրապարակվել այն մասին, թե ո՞ր մրցույթի արդյունքում ո՞ր հասարակական կազմակերպություններն են ընդգրկվել խորհրդի կազմում:
Շատ ինտենսիվ կերպով խորհուրդ ձևավորվեց, շատ արագ օրենք փոխվեց, և հետաքրքիր է, թե ինչո՞ւ միանգամից ու առանց մասնագիտական քննարկումների: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մենք կառուցողական երկխոսության կողմնակիցն ենք:
Մենք այժմ էլ ենք պատրաստ համագործակցության, քննարկումների, բայց այն դեպքում, երբ աշխատանքները լինեն թափանցիկ, կանխատեսելի, օբյեկտիվ և առանց սուբյեկտիվ մոտեցումների»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում