Հայաստանցի մասնագետն արտերկրում դասախոսություն կկարդա. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Լիլիթ Շաքարյանը 2009 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում: «Իմ հիմնական առարկայական ուղղվածություններն են հասարակայնության հետ կապերը և ԶԼՄ սոցիոլոգիան: «Էրազմուս+» ծրագրի դասախոսական շարժունության շրջանակում շահել եմ գրանտային ծրագիր:
Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ 22 օր այցելության շրջանակներում, պետք է դասախոսություն կարդամ Չեխիայի Hradec Kralove համալսարանում: Լինելու է 32 ժամ դասախոսություն՝ «ԶԼՄ սոցիոլոգիա» և «ԶԼՄ և սոցիալական աշխատանք» թեմաների մասին: Դասավանդման նպատակով այս տարի սա իմ երկրորդ շարժունությունն է:
Առաջինը եղել է ապրիլ-մայիս ամիսների ընթացքում դեպի «Complutense de Madrid» համալսարան, որտեղ հանդես եմ եկել 8-ժամյա դասախոսությամբ: Եղել են դասախոսություններ ուսանողների, ինչպես նաև հանդիպումներ պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար:
Ներկայացրել եմ իմ հետազոտության արդյունքները՝ «Հայ կնոջ կերպարը զանգվածային լրատվամիջոցներում» թեմայով: Կայացել է նաև ընդհանուր քննարկում՝ «Հայաստանում և Իսպանիայում կանանց նկատմամբ մասսմեդիայի զգայունության քաղաքականությունը» թեմայով, կանանց ներկայացվածության և մեդիայի հետ կապված այլ հարցերի շուրջ: Դասախոսություններին մասնակցել են քաղաքագիտության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողները՝ «Մասսմեդիայում կանանց և տղամարդկանց ներկայացվածություն» թեմայի շրջանակներում», ասում է Շաքարյանը:
Hradec Kralove համալսարանում կայանալիք դասախոսությունների շրջանակում Շաքարյանը դիտարկելու է ԶԼՄ սոցիոլոգիան այն ասպեկտով, թե ինչպիսի սոցիալական բնույթի հարցեր կան՝ կապված մասսմեդիայի հետ:
«Որքանո՞վ է այն կառուցողական, դրական ազդեցություն ունենում հասարակության վրա և որքանո՞վ բացասական, որքանո՞վ է այն հասանելի հասարակության բոլոր շերտերին և որքանո՞վ է արտահայտում դրա բոլոր շերտերի շահերը, մոտեցումները, տեսանկյուններն ու գաղափարները և որքանո՞վ է պահպանում սոցիալական արդարության սկզբունքը՝ ինֆորմացիայի օբյեկտիվության ապահովման և հասանելիության տեսանկյունից:
Բացի դա, դիտարկվելու են մեդիաազդեցության տեսությունները», նշում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոսը:
Հետաքրքրվում ենք՝ դասախոսներին ի՞նչ է տալիս նման ծրագրերին մասնակից դառնալը:
Լիլիթ Շաքարյանը նշում է՝ նման ծրագրերը դասախոսներին հնարավորություն են տալիս դիտարկելու օտարերկրյա կրթական համակարգերը:
«Ծրագրեր, դասավանդման մեթոդիկա, շփման մշակույթ և ամենակարևորը՝ միջազգային լուրջ ցանց ձևավորելու հնարավորություն են տալիս: Դու ակադեմիական միջավայր ես ձևավորում, և քո համագործակցությունը ոչ թե ավարտվում է, երբ դու վերադառնում ես Հայաստան, այլ շարունակական բնույթ է կրում, որովհետև քո ակադեմիական ցանցն ես ստեղծում, անընդհատ կապի մեջ ես լինում պրոֆեսորների հետ, տեղեկանում ես այնտեղի փոփոխություններից, նորություններից և զարգացումներից: Սա շատ լուրջ հնարավորություն է գիտնականների, դասախոսների համար, որովհետև դու լայն կապեր ես ստեղծում, քո շրջանակն ընդլայնում:
Իսկ այսպես ունենում ես միայն մեկ հենակետ, որը քո սոցիալական իրականությունն է և գիտությունը, որը քեզ համար առկա է գրքերի տեսքով: Այնտեղ արդեն տեսնում ես մեկ այլ իրականություն: Այստեղ խոսքը պրակտիկ գիտելիքների և դասավանդման մեթոդիկայի մասին է: Սա հետագայում լավ նախադրյալներ է ստեղծում նաև ուսանողների համար, որովհետև նման համագործակցությունների արդյունքում ունենք օնլայն առարկա. ուսանողները հնարավորություն ունեն Ամերիկայում անցկացվող օնլայն դասընթացի մասնակիցը լինել, նաև հնարավորություն՝ գնալու և արտերկրում ուսանելու», - եզրափակում է մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում