Այս ամենը կատարվում է իշխանությունների բացահայտ թողտվության պայմաններում
International newsrossaprimavera.ru-ն «Հայաստանին պատերազմ է հայտարարված» վերնագրով հոդվածում գրում է, որ Անդրկովկասը մարդու և մարդկության համար պայքարի հատուկ ասպարեզ է: Բանն այն է, որ տարածաշրջանի այս կամ այն երկրի տարբեր իշխանությունները ձգտում են իրենց երկրները համաշխարհային հանրության մեջ ներգրավել տարաբնույթ հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների աջակցությամբ, իսկ քաղաքացիները երբեմն հիշեցնում են իրենց և իրենց արժեհամակարգերի մասին, որոնք տարբերվում են վերևից իջեցված առաջարկներից:
Օրինակ՝ հակառակվողները այնքան շատ էին, որ ՆԱՏՕ-ի ուժերին չհաջողվեց գրավել Աբխազիան և Հարավային Օսիան, իսկ Վրաստանում ԼԳԲՏ շքերթ չկայացավ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և էլ ավելի մեծ պոպուլիստ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն միավորում է իրենց առաջացրած խառնաշփոթը, որը, ըստ իրատես քաղաքագետների, չի տևի մի քանի տարուց ավելի:
Հետևաբար, այս հուզմունալից խառնաշփոթի ժամանակ պետք է որքան հնարավոր է շատ համապատասխան փոփոխություններ իրականացնել: Եվրախորհրդի՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի» ստամբուլյան կոնվենցիայի՝ սեպտեմբերին Հայաստանի կողմից ընդունումը հենց այդ «համապատասխան փոփոխություններից» մեկն է:
Եվրոպական շատ երկրներում քաղհասարակությանը չափազանց մտահոգում են այդ փաստաթղթում ավանդական արժեքների վրա ճնշում գործադրելու և այդ արժեքների մերժումը պարտադրելու պահանջները: 2019 թվականի մարտին Խորվաթիայում հազարավոր մարդիկ էին փողոց դուրս եկել բողոքելու կոնվենցիայի դեմ: Այն հրաժարվել է դիտարկել լիտվական Սեյմը:
Ստամբուլի կոնվենցիան չի ստորագրել և չի պատրաստվում ստորագրել նաև Ռուսաստանը: Հայաստանի քաղհասարակությանը հաջողվում է պայքարել ավանդական արժեքների պահպանման համար, սակայն դա վրդովեցնում է ներկա իշխանություններին, և այդ վրդովմունքը պատռում է նրանց դեմքի ժողովրդավարական դիմակը:
rossaprimavera. ru-ի թղթակիցը այս ամենի վերաբերյալ խոսել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի հետ, որը և մանրամասն պատմել է երկրում տիրող իրավիճակի մասին: Ըստ նրա, ազգային արժեհամակարգի վրա հարձակումներ նկատվում են արդեն մի քանի տարի:
Արևմուտքը փորձում է Հայաստանի վզին փաթաթել միջազգային պայմանագրերի և օրենքների մի այնպիսի փաթեթ, որով կօրինականացնեն միասեռ ամուսնությունները, կստեղծեն ընտանիքի նոր մոդել և կարժեզրկեն հոգևոր-բարոյական ազգային արժեհամակարգը: Հայաստանյան «գունավոր հեղափոխությունից» հետո սկսվել են մասշտաբային տեղեկատվական-քարոզչական և իրավական գործողություններ, իսկ Սորոսի հիմնադրամի մարտիկների կողմից ՝ նաև փողոցային գործողություններ Հայ Առաքելական եկեղեցու դեմ: Ընդ որում, այս ամենը կատարվում է իշխանությունների թողտվության պայմաններում:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ժամանակին աշխատել է Transparency International կազմակերպությունում, որի դոնորներից մեկը հենց Սորոսի հիմնադրամն է: Արայիկ Հարությունյանը հայտնի է նաև Հայ Առաքելական եկեղեցու քահանաների նկատմամբ իր բացասական վերաբերմունքով:
Նրա ջանքերով ներկայումս կյանքի է կոչվում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ծրագիրը, որը նախատեսում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանել դպրոցական ուսումնական ծրագրից: Արևմուտքն իր դրածոների միջոցով ամեն ինչ անում է, որպեսզի եկեղեցին հեռացվի կրթական համակարգից և փոխարինվի Սորոսի կազմակերպությունների այլասեռումների քարոզչություններով:
Վերջերս հայտնի է դարձել, որ նախարարությունը Սորոսի հիմնադրամի հետ համատեղ Հայաստանի մարզերից մեկի երեխաների համար կազմակերպել է ամառային դպրոց:
Թղթակցի հարցին, թե անցյալ տարի Հայաստանում հեղաշրջումից հետո «Լույսի» գրասենյակում իրականացված խուզարկությունը և սարքավորումների առգրավումը ինչ հիմքերով է իրականացվել, կենտրոնի տնօրեն Այվազյանը պատասխանել է, որ իրենց կազմակերպությունը և անդամները մի քանի տարի է՝ հանդիսանում են Հայաստանում ավանդական արժեքների պահպանման առաջատարներ, և իրենց հաջողվել է բացահայտել Սորոսի և այլ արևմտյան կազմակերպությունների գործունեությունը:
Առանց խոշոր ֆինանսական և այլ ռեսուրսների, իրենք կարողացել են հնարավորինս արդյունավետ գործել և իրական արդյունքների հասնել՝ զգալիորեն խոչընդոտելով Հայաստանում արևմտյան ծրագրերի իրականացմանը: Բնականաբար, դա չէր կարող չանհանգստացնել Սորոսի հիմնադրամին, Եվրամիությանը և ԱՄՆ Պետքարտուղարությանը, արդյունքում նոր իշխանությունները հրաման են իջեցրել խափանել իրենց գործունեությունը: «Լույսի» գրասենյակի խուզարկության պատճառը եղել է ԱԱԾ-ի տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման հրապարակումը:
Խուզարկություն է կատարվել նաև Այվազյանի ծնողների բնակարանում, որտեղ գաղտնալսող սարքերից զատ փնտրել են նաև զենք և թմրամիջոցներ, որոնք չեն կարող որևէ կապ ունենալ այդ քրեական գործի հետ:
Թղթակցի այն հարցին , թե ապագայի ինչ նպատակներ ունի «Լույսը», Այվազյանը պատասխանել է, որ թշնամին Սորոսի հիմնադրամի և այլ արևմտյան կազմակերպությունների տեսքով զավթել է իշխանությունը Հայաստանում:
Հայ ժողովրդին պատերազմ է հայտարարված, և սա պատերազմ է հայ ժողովրդի ազգային ինքնությունը, ինքնատիպ մշակույթն ու արժեհամակարգը ոչնչացնելու համար: Իրենք պայքարում են, և կա վստահություն, որ այս պատերազմում կկարողանան հաղթել, և պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի հաղթել:
Կամո Խաչիկյան